Լուսանկարն արվել է մայրաքաղաքում
Այս մեծ արջուկը հարմար «տեղավորվել» է մեքենայի մեջ՝ ուրախ տրամադրություն փոխանցելով անցորդներին: Ձմռան նախաշեմին նման պատկերների հանդիպելը հաճելի է:
ՀԱՐՑ. Խնդում եմ ասեք՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար ի՞նչ է անհրաժեշտ:
Մարգարիտա Եղիազարյան (55 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ պարտադիր զինվորական ծառայությունից կարող է ազատվել՝
– հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հանվելով զինվորական հաշվառումից.
– այն քաղաքացին, ում հայրը (մայրը) կամ հարազատ եղբայրը (քույրը) զոհվել (մահացել) է ՀՀ պաշտպանության զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, եւ նա այդ ընտանիքի միակ արու զավակն է.
– քաղաքացին կառավարության որոշմամբ.
– մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ընդունելն այլ պետությունների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության անցած քաղաքացին.
– գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին
– եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ տարկետում պարտադիր զինվորական ծառայությունից տրվում է ընտանեկան դրության կապակցությամբ, ուսումը շարունակելու նպատակով եւ առողջական վիճակի պատճառով:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ տեղեկանալ՝ աշխատանքային ստաժը ի՞նչ կարգով է հաշվարկվում: Խնդրում եմ ներկայացնել հնարավորինս մանրամասն, թե ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային ստաժը:
Սոնյա Հարությունյան (36 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ աշխատանքային ստաժում հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչեւ ազատելու oրն ընկած ժամանակահատվածները, այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաեւ զինվորական ծառայության ժամանակահատվածները:
Ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, oրը, այնուհետեւ գումարվում, ընդ որում, յուրաքանչյուր 30 oրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը՝ մեկ լրիվ տարի:
Կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)՝ աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, oր) մինչեւ 6 ամսվա (180 oրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իuկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2015 թվականի հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակը կազմում է 16 000 դրամ, ապահովագրական ստաժի 1 տարվա արժեքը առաջին 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի համար սահմանվել է 800 դրամ, 11-ից ավել յուրաքանչյուր աշխատանքային ստաժի համար` 500 դրամ: Նշենք նաեւ, որ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում. 1-ին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով, 2-րդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով: