Չնայած կառավարությունը հայտարարել է պետական բյուջեի ծախսերի խնայողական ռեժիմի անցնելու խիստ անհրաժեշտության մասին, սակայն հարկ եղած դեպքում նույն կառավարությունում չեն պահպանում այդ սկզբունքը: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ նկատեց, որ կառավարության գլխավոր մասնաշենքում վերանորոգման ակտիվ աշխատանքներ են ընթանում: Ընդ որում, դատելով աշխատանքի որակից՝ կառավարության մասնաշենքը բավական ճոխ են վերանորոգում՝ նախասրահը, մամուլի կենտրոնը: Պատճառը, ինչպես պարզեցինք, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան այցն է: Եւ հիմա իշխանություններն առանձնահատուկ նախանձախնդրությամբ են պատրաստվում այդ իրադարձությանը՝ փորձելով անել ամեն ինչ, որպեսզի մթնոլորտը դուր գա ՌԴ վարչապետին: Չնայած, հիշեցնենք, կառավարության մասնաշենքում Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին արդեն վերանորոգումներ իրականացվել էին, երբ հիմնովին փոխվել էին հանդիպումների համար նախատեսված դահլիճներն, ու նա բուռն քննադատության արժանացավ: Բայց նախասրահը մնացել է հին ու «ճռճռան» մանրահատակով:
Հայաստանի եւ Վրաստանի իշխանությունները կարծես թե համաձայնության են եկել Վրաստանում ՀՀ դեսպանի անձի շուրջ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ պաշտոնում նշանակվելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հովանավորյալը, նրա ընտանիքի սանիկը: «Ժողովուրդ»-ը փորձեց լուրի առնչությամբ ստանալ Սադոյանի մեկնաբանությունը, ով հեռախոսազրույցում ասաց. «Ես այդ մասին ոչ մի տեղեկություն չունեմ, ես երկրում չեմ, ռոումինգի տակ եմ»: Հիշեցնենք, որ նախատեսված էր այս պաշտոնում նշանակել քաղաքագետ Սերգեյ Մինասյանին, սակայն վրացական կողմը չէր հաստատել ագրեմանը՝ պատճառաբանելով, թե նա ռուսամետ է եւ նախկինում հանդես է եկել հակավրացական հրապարակումներով: Իսկ Սադոյանը հակավրացական ու ընդհանրապես ոչնչով աչքի չի ընկել, ու թերեւս նրա թեկնածությունն առանց խոչընդոտների կհաստատվի:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը չի բացառել, որ համայնքների խոշորացումից հետո իշխանությունները կանցնեն մարզերի խոշորացման ծրագրին: «Գուցե 10 տարի հետո հնարավոր է»,- ասել է նա: Լոքյանը միայն նշել է, որ 2018 թվականի ապրիլից մարզպետներն աշխատելու են նոր օրենքով եւ մշակվող հայեցակարգի սկզբունքներով: «Հայեցակարգը տալու է, թե մենք ինչ ֆունկցիաներ ենք ավելացնում մարզպետների վրա, ինչն ենք պակասեցնելու, ինչ ենք տանելու համայնքներ, ինչ լրացուցիչ պարտականություններ ենք դնում օրենքով մարզպետարանների վրա»,- մանրամասնել է նախարարը՝ միաժամանակ խոստովանելով, որ մարզպետների գործառույթների փոփոխության հարցը իրենք մարզպետների հետ չեն քննարկել:
Հայաստանը, որտեղ ցեմենտի երեք մեծ գործարաններ կան, սկսել է այդ ապրանքը ներկրել: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ ցեմենտի ներկրման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բավական ավելացել են: Այս տարի ներկրվել է 25 հազար 998 տոննա ցեմենտ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցեմենտի ներմուծումը կազմել է 6 հազար 856 տոննա: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հայաստանը ցեմենտ ներկրում է բոլոր հնարավոր երկրներից՝ Իրան, Վրաստան, Ռուսաստան, Գերմանիա, անգամ Թուրքիա: Սա, թերեւս, պատահական չէ. Հայաստանում արտադրությամբ զբաղվելն այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ ինքնարժեքն այդ դեպքում բարձր է լինելու՝ առաջին հերթին էներգակիրների՝ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների, նաեւ հարկային դաշտի պատճառներով: Ուստի շատերը գերադասում են այդ ապրանքն արտերկրից բերել:
ՃԳՆԱԺԱՄԻ ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔ
Արժույթի միջազգային հիմնադրամն իր «Գլոբալ ֆինանսական կայունություն» զեկույցում բավական տխուր կանխատեսումներ է արել։ Ըստ այդ փաստաթղթի՝ թեեւ միջազգային տնտեսական շուկաները կայունանում են, սակայն մյուս կողմից լուրջ ռիսկերը շարունակում են պահպանվել: Եւ ԱՄՀ ներկայացուցիչ Թոբիաս Ադրիանը հայտարարել է. «Եվ, չնայած ջրերը հանգիստ են թվում, անկայունությունը ձեւավորվում է խորքերում։ Եթե ոչինչ չձեռնարկենք, դա կարող է սասանել գլոբալ վերականգնումն ու տնտեսական աճը հարվածի տակ դնել»: Նրա խոսքերով՝ «Մեծ քսանյակի» գումարային պարտքը կազմում է 135 տրլն դոլար, հետեւաբար այդ եւ այլ երկարաժամկետ ռիսկերը կարող են նոր ֆինանսական ճգնաժամի հանգեցնել։ Ասել է, թե մասնագետների կանխատեսմամբ կրկին հայտնվել ենք համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նոր ալիքի շեմին:
Տեւական ժամանակ է՝ որեւէ խոսք չկար ֆինանսական նոր ճգնաժամի մասին: Ընդհակառակը, համաշխարհային տնտեսությունը կամաց-կամաց կայունացման նախանշաններ էր ցույց տալիս՝ փորձելով մոռացության մատնել 2008-2009թթ. եղելությունները: Մինչդեռ հիմա ԱՄՀ ներկայացուցիչների վերլուծությունները եթե ոչ անհանգստանալու, ապա առնվազն զգոնության առիթ պետք է հանդիսանան: Միաժամանակ, սա ազդակ պետք է լինի նաեւ Հայաստանի իշխանությունների համար: Առավել եւս, երբ արժույթի միջազգային հիմնադրամն իր զեկույցում կասկածի տակ էր դրել նաեւ ՀՀ իշխանությունների՝ հաջորդ տարվա համար խոստացած 4.5 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը՝ նշելով, որ աճը 2.9 տոկոսի սահմաններում կլինի: Ու բացի այդ՝ Հայաստանի տնտեսությունը շատ զգայուն է արտաքին ազդակների հանդեպ. բավական է միջազգային շուկայում կամ ռուսական տնտեսության մեջ որեւէ վայրիվերում, որեւէ շեղում, եւ հետեւանքներն իրենց երկար սպասեցնել չեն տա: Այնպես որ, ՀՀ կառավարությունը որքան էլ «դրայվի», «դմփոց-ռեֆորմների» ազդեցության տակ լինի, պետք է այս իրողությունները հաշվի առնելով՝ նախազգուշական միջոցառումներ ձեռնարկի: Ի վերջո, անցյալի դառը փորձը դեռ չի մոռացվել: Հիշում եք՝ երբ 2008-2009թթ. ամբողջ աշխարհը խոսում էր սպասվող ճգնաժամի մասին, ՀՀ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը համոզում էր, թե ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, քանի որ ՀՀ տնտեսությունը շատ քիչ բանով է կապված համաշխարհային տնտեսության հետ: Բայց ստացվեց հակառակը. Հայաստանի տնտեսությունը 14 տոկոս անկում գրանցեց, ու մինչեւ հիմա փորձում է դուրս գալ շոկից: