ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ԿԱՇԽԱՏԵՆ ՆՈՐ ՕՐԵՆՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքների խոշորացումից հետո իշխանական շրջանակներում քննարկում են նաեւ մարզերի խոշորացման հարցը: Չնայած մոտ ժամանակներս այն չի իրագործվի, սակայն նեղ շրջանակներում տարբեր սցենարներ են քննարկվում: Այն, որ կառուցվածքային փոփոխություններ կլինեն, ակնհայտ է, սակայն դեռեւս հստակ չէ, թե արդյունքում ինչ կստացվի:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մանրամասնեց, որ 2018 թվականի ապրիլից մարզպետներն աշխատելու են նոր օրենքով եւ մշակվող հայեցակարգի սկզբունքներով:
-Պարո՛ն Լոքյան, մարզպետների հետ կապված ի՞նչ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում:
-Մարզպետներն այսօր աշխատում են ՀՀ նախագահի հրամանագրով: Բնականաբար, այդ հրամանագիրը որոշ ժամանակ հետո չի գործելու: Դրա համար մենք ունենալու ենք հայեցակարգ, որից հետո՝ օրենք, որով հաջորդ տարի՝ տարվա կեսից, մարզպետները պետք է աշխատեն օրենքով եւ այդ հայեցակարգի ընդհանուր սկզբունքներով:
-Ի՞նչ հայեցակարգի մասին է խոսքը:
-Հայեցակարգը տալու է, թե մենք ինչ ֆունկցիաներ ենք ավելացնում մարզպետների վրա, ինչն ենք պակասեցնելու, ինչ ենք տանելու համայնքներ, ինչ լրացուցիչ պարտականություններ ենք դնում օրենքով մարզպետարանների վրա:
-Մարզերի միավորում կամ մարզպետների թվի փոփոխություն լինելո՞ւ է:
-Ո՛չ, առաջին փուլում այդպիսի տրամաբանություն չենք դրել: Այդ հայեցակարգում փոքրացում կամ մարզպետների թվի կրճատում չկա:
-Միայն առաջին փուլո՞ւմ: Այսինքն՝ հետագայում հնարավո՞ր է:
-Գուցե 10 տարի հետո հնարավոր է: Վերջին հաշվով այդ հայեցակարգը 1-2 օրից արդեն կառավարություն կգնա, բոլորիդ պարզ կդառնա: Ես խաբելու ցանկություն չունեմ:
-Եթե ճիշտ ձեւակերպենք, ստացվում է, որ մշակվելու է մարզպետների աշխատանքի նոր հայեցակա՞րգ:
-Այո՛, շատ լուրջ պարտավորություններ ենք դնելու մարզպետների վրա: Տնտեսության հետ կապված են դրանք լինելու, աշխատատեղերի, ՀՆԱ-ի հետ կապված հարցեր:
-Այսինքն՝ մարզպետների գնահատման չափորոշիչնե՞րն են գործելու:
-Այո՛, որոշ ֆունկցիաներ մարզպետներից վերցնելու ենք, փոխանցվելու է խոշորացված համայնքներ:
-Իսկ մարզպետների հետ քննարկումներ անցկացրե՞լ եք:
-Դեռեւս ոչ: Դեռ նախնական փուլում է: Հարցը պետք է ներկայացվի կառավարությանը, այնուհետեւ հաստատվի խորհրդարանի կողմից: Մենք հունվարից հետո օրենքն Ազգային ժողով ենք տանելու, որպեսզի մինչեւ ապրիլ ունենանք օրենք:
Ինչպես հայտնի է՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը մարզպետների գնահատման չափորոշիչներ է մշակել, որով գնահատվելու են մարզերի ղեկավարները: Վստահ ենք՝ մարզպետները պետք է ավելի կոնկրետ ու թվային պատկերով գնահատվեն: Նոր չափորոշիչներն ավելի քիչ են, փոխարենը՝ ավելի կոնկրետ պահանջներով: Մարզպետի լավ կամ վատ աշխատանքներն այսուհետ ուղիղ կապված է լինելու իր ղեկավարած համայնքների ՀՆԱ-ի, աշխատատեղերի, աղքատության, ավելի քան 11 ցուցանիշի հետ:
Դրանք են՝
1. տարածքային ՀՆԱ,
2. մարզի վարչական տարածքում կատարված ներդրումների ծավալը,
3. մարզում աշխատատեղերի թիվը,
4. համայնքային բյուջեների սեփական եկամուտները,
5. համայնք-մասնավոր հատված համագործակցությունը,
6.աղբահանություն եւ սանիտարական մաքրում,
7. մարզում ֆերմերային տնտեսություններ,
8. մարզի գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրում,
9. աղքատության շեմից ցածր գտնվող ընտանիքների թվի տեսակարար կշիռը մարզի ընտանիքների ընդհանուր թվի մեջ,
10. դպրոցներում աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությունը, /միջազգային, հանրապետական օլիմպիադաների մրցանակակիրներ, ուսումը միջազգային կամ ՀՀ ռեյտինգային ԲՈՒՀ-երում շարունակողներ/,
11.առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեի մեջ վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

 

ՆՈՐ ՊԼԱՆ
Շիրակի պետական համալսարանում այժմ հանգիստ իրավիճակ է. բոլորը սպասում են կրթության եւ գիտության նախարարության եզրակացությանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը նշեց, թե միայն այդ եզրակացությունն ունենալուց հետո միայն կոնկրետ քայլերի կդիմեն: «Միայն այն հանգամանքը, որ հոկտեմբերի 2-ին համալսարան է ժամանել նախարարության հինգ հոգանոց խումբը, Սահակ Մինասյանն այդ օրը հրավիրել է գիտխորհրդի նիստ եւ շատ արագ ընդունել է տալիս նոր ուսումնական պլանները: Հայտարարում է, որ ինտեգրված ուսուցումը, որը Հայաստանում գոյություն չունի, սակայն ապօրինաբար կիրառվում էր մեր բուհում, չեղարկվում են, իսկ հեռակաների պարապմունքների դիմաց դասախոսները պետք է վարձատրվեն: Հիմա նա կրկին փորձ է անում, որ բարձր ՄՕԳ ունեցող ուսանողներին զեղչեր չտան», – նշեց նա: Համբարյանը դեռ չգիտի, թե այդ եզրակացությունները երբ պատրաստ կլինեն, սակայն նշեց, թե իրենք էլ են հանդիպել համալսարան եկած խմբի հետ եւ ներկայացրել են իրենց փաստարկները:
Ինչպես հայտնի է՝ օրեր առաջ Շիրակի պետական համալսարանի ուսանողները դասադուլի էին դիմել՝ մի քանի պահանջներ ներկայացնելով: Մասնավորապես, նրանք պահանջում էին վերանայել ուսումնական պլանն ու ուսման վարձավճարի զեղչային համակարգը:

 

 

 

ՈՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, նախօրեին ԱԺ ամբիոնից դիմելով ՀՀ պաշտպանության նախարարին, դժգոհեց, որ բանակում ծառայած եւ վերադարձած, ինչպես նաեւ անապահով ուսանողների վարձի զեղչերը համալսարանի համար լուրջ բեռ են: «Պարո՛ն նախարար, բուհերը շատ մեծ բեռի տակ են զեղչերի պատճառով: Բնական է, որ առաջնային զեղչում ենք ծառայություններից վերադարձածներինը, բայց կառավարության որոշումների կողմից սահմանված զեղչերը, սրանց հետ միասին, լրացուցիչ բեռ է», – նշել էր նա՝ ասելով, որ համալսարանը չի կարողանում իր ծախսերը բավարարել: Իհարկե, ուսանողների՝ տարեցտարի պակասելու հետեւանքով բոլոր՝ այդ թվում եւ Հայաստանի մայր բուհը, խնդիրներ ունեն: Բայց դրա լուծումներից մեկը ոչ թե բանակից վերադարձած զինվորներին կամ անվճարունակ ուսանողներին ուսման վարձի զեղջից օգտվելու հնարավորությունից զրկելն է, այլ լրացուցիչ անհեթեթ ծախսերը կրճատելը:
Ինչպես հայտնի է՝ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանի «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ը հայաստանյան մեկ տասնյակից ավել բուհերից տարեկան միլիոնավոր գումարներ է ստանում: Բուհերն իրենց բյուջետային միջոցների 2 տոկոսը պարտադիր կերպով տարեկան նվիրաբերում են ՀԵՀ-ին: Եվ խոսքն ամենեւին էլ փոքր գումարների մասին չէ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016թ. ընթացքում «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հետ համագործակցության համար ԵՊՀ ծախսել է 120 մլն դրամ:
Այնպես որ, լավ կլիներ Արամ Սիմոնյանը համարձակություն ունենար վերանայելու անհասկանալի արդյունավետությամբ գործող ՀԵՀ-ին 2 տոկոս գումար տրամադրելու ավանդույթը:

 

 

 

ԵՐԲ ԱՐԺԵՔԸ ՓՈՂՆ Է
Չորեքշաբթի օրվանից մայրաքաղաքի փողոցները տոնական տեսք են ստացել. զարդարված են Հայաստանի Հանրապետության եւ Երեւանի դրոշներով: Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 14-ին մայրաքաղաքի հիմնադրման 2799-ամյակն է, եւ քաղաքային իշխանությունները որոշել են այն մեծ շուքով տոնել: Բայց ընդամենը մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 21-ին, երբ նշվում էր Հայաստանի անկախության 26-ամյակը, նույն քաղաքային իշխանությունները նման խանդավառություն չցուցաբերեցին: Ընդհակառակը, մայրաքաղաքի փողոցներում ՀՀ դրոշները հայտնվեցին միայն սեպտեմբերի 20-ի երեկոյան, ու նաեւ դեպի Ավան տանող ճանապարհին մի քանի ցուցապաստառ կար՝ օրվա խորհրդով: Սա էլ այն պարզ պատճառով, որ Սերժ Սարգսյանն անկախության օրվա կապակցությամբ ընդունելությունը կազմակերպել էր Ավանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության բակում: Այս ամենը, թերեւս, պատահական չէ. իշխանությունների համար ՀՀ անկախությունը վաղուց ի վեր որեւէ արժեք չի ներկայացնում, իշխանությունները մսխել են անկախության ձեռքբերումները:
Ի դեպ, նրանց համար առանձնապես մեծ արժեք չէ նաեւ մայրաքաղաք Երեւանը: Պարզապես Երեւանի օրվա միջոցառումները հնարավորություն են տալիս «նեղ կրուգով» իրար մեջ բաշխել նախատեսված միջոցների համար հատկացված գումարները, ու այդ նպատակով էլ այս տոնին նախապատրաստվում են ավելի ջանասիրությամբ:

 

 

 

ԳՆՈՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ
Հայաստանի կառավարությունն ամեն կերպ փորձում է ազատվել ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքից, բայց չի ստացվում: Մեր տեղեկություններով՝ գործադիրը մտադրվել է այն վաճառել մինչեւ տարեվերջ: Նշենք, որ հոկտեմբերի 9-ին այս գերատեսչության շենքի աճուրդն էր, սակայն չկայացավ, քանի որ գնորդ չկար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պետական գույքի կառավարման վարչության կողմից հայտարարված շենքի հաջորդ աճուրդը կկայանա հոկտեմբերի 27-ին: Տեղեկացնենք, որ նախարարության շենքի մեկնարկային գինը կազմում է 13 մլրդ 223 մլն 400 հազար 652 դրամ:

 

 

 

ԿՔՆՆԱՐԿՎԻ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ պետաիրավական եւ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի՝ հոկտեմբերի 18-ին կայանալիք նիստում կքննարկվի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Ելք» խմբակցության նախագիծը: Հանձնաժողովը ձեւավորելու դեպքում այն պետք է քննի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու հարցը: Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 5-ին խորհրդարանում միջադեպ էր տեղի ունեցել պատգամավորներ Արտաշես Գեղամյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ. վերջինս հայտարարել էր, թե ՀՀԿ-ական պատգամավորը բռունցքներով հարձակվել է իր վրա: Պետաիրավական հարցերի հանձնաժողովում հարցի քննարկումից եւ եզրակացությունից հետո այն կներառվի ԱԺ առաջիկա նստաշրջանի օրակարգ:

 




Լրահոս