Քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՔԿՀ վարչության վերադաս մարմնի՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի հետ:
-Պարո՛ն Քրմոյան, ինչո՞ւ ազատվեց «Վարդաշեն» ՔԿՀ պետ Հովհաննես Հակոբջանյանը:
-Մենք ունենք բնականոն պրոցես, մարդիկ տեղափոխվում են այլ աշխատանքի:
-Նա այլ աշխատանքի է տեղափոխվե՞լ:
-Չգիտեմ, ես դիմումի առկայության պարագայում օֆիցիալ տվյալն եմ ասում. անձը ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն: Մենք այլ տվյալ չունենք եւ չենք կարող ներկայացնել:
-Ըստ տեղեկությունների՝ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ Հակոբջանյանը, մեղմ ասած, լավ հարաբերություններ չունեն: Ավելին՝ «Վարդաշեն» ՔԿՀ պետի պաշտոնում նա ցանկանում է ՔԿՀ նախկին պետ Դավիթ Զաքարյանին՝ իր վստահելի մարդուն նշանակել:
-Ես նման տեղեկություն չունեմ: Եթե նկատել եք՝ պարոն Հարությունյանը շատ բալանսավորված եւ թափանցիկ կադրային քաղաքականություն է վարում, քանի որ շատ լավ տիրապետում է ոլորտին: Մինչեւ այս փուլը, եթե տեսել եք, սա առաջին ազատումն է, որեւէ կադրային խնդիր, թե՛ նախարարության ներսում, թե՛ ենթակա հիմնարկներում, չկա:
-Մշտապես բարձրաձայնվել է քրեակատարողական հիմնարկներում գտնվող արտոնյալ դատապարտյալների, բանտում թղթախաղ խաղալու եւ ՔԿՀ պետերի՝ նշված երեւույթները հովանավորելու մասին: Սակայն մշտապես նախարարությունը լռել է: Բայց օրեր առաջ, երբ ձերբակալվեց «Վանաձոր» ՔԿՀ-ի պետը՝ մի քանի պաշտոնատար անձանց հետ, պաշտոնապես բացահայտվեց այն, ինչի մասին գրում էինք հաճախ: Ի՞նչ դասեր քաղեց նախարարությունը իրավապահների կողմից արված այս բացահայտումից:
-Տեսե՛ք, նախ Վանաձորի դեպքում մենք որեւէ հրապարակված տեղեկատվություն չունենք: Այսինքն՝ մարդը համարվում է անմեղ, քանի դեռ դրա մեղքը դատարանի օրինական վճռով ապացուցված չէ: Ըստ այդմ, մենք այդ մասին կխոսենք այն ժամանակ, երբ կունենաք համապատասխան իրավասու մարմինների հայտարարությունը եւ կունենաք դատարանի վճիռը:
Ինչ դասեր ենք քաղում: Տեսե՛ք, մենք այսօր քննարկում ենք 20-ամյա ռազմավարությունը, եւ քաղհասարակությունն էլ վկայեց, որ մենք բոլոր խնդիրների մասին բարձրաձայն խոսում ենք, այդ թվում կոռուպցիոն ռիսկերը մենք ամրագրել ենք՝ որպես մեր թիրախային ուղղություններից մեկը:
-Կոնկրետ ՔԿՀ պետերին վերահսկելու մասով ի՞նչ եք անում:
-Կուզենայի, որ մենք ոչ թե բամբասանքներով, այստեղից-այնտեղից լսած լուրերով…
-Սա բամբասանք չէ, ՀՔԾ-ն պաշտոնապես հայտնել է՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, ինչպես նաեւ պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու եւ այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:
-Չէ՛, տեսե՛ք, կոնկրետ պաշտոնական հաղորդագրությունը իրավասու մարմինը կներկայացնի, թե ինչ է կատարվել, ով է մեղավոր, մեղքը ապացուցված է դատարանի վճռով: Կոռուպցիոն ռիսկերը քրեակատարողականում մենք մեզ համար ֆիքսել ենք եւ իրականացրել ենք, իրականացնում ենք ծրագրավորված աշխատանք: Մենք հստակ ֆիքսել ենք թիրախային ուղղություններ մեր հակակոռուպցիոն ռազմավարության մեջ: Արդարադատության նախարարությունը կհրապարակի հաջորդ 5 տարվա ռազմավարությունը, մենք ամրագրել ենք դատաիրավական ոլորտում, այդ թվում պատիժների կատարման վճիռների կատարման ոլորոտում ինչ ռիսկեր ենք տեսնում:
-Իրավապահ մարմիններն անընդհատ հրապարակում են ՔԿՀ-ներում դատապարտյալների խարդախության դեպքերը, բայց իրավիճակը չի փոխվում: Ամեն ինչ շարունակվում է նույն տեմպով:
-Դուք խոսում ենք այն մի խնդրի մասին, որ հնչեցվել է մեկ տարի առաջ, եւ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ: Այո՛, մենք ունենք խնդիր՝ արգելված իրերը ՔԿՀ ներս բերելու հետ կապված, կարող ենք վիճակագրություն տեսնել, թե ՔԿՀ վերահսկողության արդյունքում քանի ծառայող է պատասխանատվության ենթարկվել, այդ թվում ծառայությունից ազատվել:
-Մշտապես պատժվել են «մանր ձկները», իսկ խոշորները այդպես էլ չեն պատժվում:
-Եթե Դուք կարծում եք՝ մի քրեակատարողական հիմնարկի պետին կալանավորելով՝ այդ համակարգային խնդիրը կլուծվի, ոչ, այդպես չէ: Մենք ներկայացնում ենք համակարգային լուծումներ՝ այդ թվում սննդամթերքի որակը, որ լավացնենք, հանձնունքների քանակը նվազեցնենք: Մեր մոտեցումն է կանխել նման դեպքերը, եւ եթե կան, այո՛, մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Պետությունը խիստ պայքար է տանում կոռուպցիայի դեմ: Հուսով ենք, որ մեր կանխարգելիչ աշխատանքը կբերի նրան, որ մենք էապես կնվազեցնենք կոռուպցիոն դեպքերը:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա մայիսին անդրադարձել էր ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում գրանցված ֆինանսական չարաշահումների գործին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել էր, որ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նյութեր են նախապատրաստվել Արարատի մարզային վարչությունում հայտնաբերված ֆինանսական խախտումների` գումարների ավելցուկի եւ պակասորդի առիթով: Մասնավորապես 2014-2017թթ.-ի վերոնշյալ վարչության ստորաբաժանումների աշխատակիցներից շատերը ավել գումարներ են ստացել, իսկ մի շարք աշխատակիցների աշխատավարձերից առանց հիմքերի պահումներ են կատարվել: Այսինքն՝ 3 տարվա ընթացքում ոստիկանության 184 աշխատակից շուրջ 30 միլիոն դրամից ավել գումար է ստացել, իսկ 46 աշխատակցի ավելի քան 3,5 մլն-ի չափով պակաս գումարներ են վճարվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այս նյութերի հիման վրա հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` յուրացնելը կամ վատնելը հատկանիշներով: Այս յուրացումների գործից անցել է 5 ամիս եւ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ՀՔԾ-ն այս գործով ոստիկանության վերոնշյալ ստորաբաժանման մի շարք աշխատակիցների մեղադրանք է առաջադրել: Փորձեցինք տեղեկությունը պարզել ՀՔԾ լրատվական բաժնից, որտեղից ի պատասխան մեզ՝ հայտնեցին, թե գործով նախաքննությունը ավարտական փուլում է, եւ կան մեղադրյալներ: Իսկ թե ովքեր են նրանք, ՀՔԾ-ից չմանրամասնեցին:
ՔՆՆԻՉՆ ՈՒ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ ԿՄՆԱՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ
Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 26-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեղադրանքով կալանավորվել էր «NARSAN» ՍՊԸ-ի փոխտնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նույն քրեական գործի շրջանակում կալանավորվել է քննիչ, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով՝ կաշառք ստանալու համար: Տեղեկացանք, որ օրերս քննիչին եւ «NARSAN» ՍՊԸ-ի փոխտնօրենի խափանման միջոցը՝ կալանքը, գրավով փոխարինելու մասով միջնորդություն է ներկայացվել ՀՀ վերաքննիչ դատարան, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը: Եւ նրանք երկուսն էլ կշարունակեն մնալ կալանքի տակ:
ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է
ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 1993 թվականին ծնված Ռուբեն Տ.-ն եւ տվել խոստովանական բացատրություն: Պարզվել է, որ հոկտեմբերի 10-ին «Էրեբունի» Բ/Կ մոտ նա վիճաբանել է 1993 թվականին ծնված Կ. Ա.-ի հետ եւ այդ ընթացքում օգտագործել գազային ատրճանակ՝ խախտելով հասարակական կարգը: Ատրճանակը ներկայացվել է: Կատարվում է հետաքննություն:
ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ
Համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների աշնանային արձակուրդների համար սահմանված են հետեւյալ օրերը. 2-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդներ կտրամադրվեն 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, առաջին դասարանցիներին՝ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ: