ԱԶԳՈՎԻ ԽՆԴՐԱՆՔԻ ՀԵՐԹԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում որքան էլ քաղաքական ու պետական համակարգը նվազեցնի մարդկային գործոնը, ու իրադարձությունների զարգացման ընթացքը կապեն ինստիտուտների հետ, առանձին պաշտոնյաների դերակատարությունը շարունակում է զգալի մնալ: Դա առաջին հերթին վերաբերում է նախագահներին, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեպքում պարզապես ակներեւ է: Նրա ընտրությունից ի վեր ամերիկյան քաղաքական ու վերլուծական շրջանակները խոսում են նրա պաշտոնանկության մասին, իսկ ներկայումս այդ թեման շահարկվում է առավել եւս՝ կապված նախագահի ներքին ու արտաքին հակասական քաղաքականության հետ:

Թեեւ նախագահի պաշտոնը եւ օրենսդիր ու գործադիր իշխանությունների տարաբաժանումը Միացյալ Նահագներում էականորեն նվազեցնում է մարդկային գործոնն ու թույլ տալիս համակարգին վճռորոշ դեր պետակառավարման ասպարեզում, նախագահների դերակատարության նշանակությունը անհնար է թերագնահատել: Եթե նախագահի պաշտոնին բազմում են խելացի ու հստակ քաղաքական առաջնահերթություններ ունեցող անձինք, գործադիրի հաջողությունները առարկայականորեն են դրսեւորվում, իսկ պետական-կառավարման համակարգն էլ աշխատում է ժամացույցի պես: Սակայն եթե նախագահը չունի հստակ քաղաքականություն, ամեն օր ստիպված է զբաղվել առօրեական սկանդալներով, թշնամիներ որոնելով ու մեղավորությունը ինչ-որ մեկի վրա բարդելու փնտրտուքներով, համակարգի զարգացումն անխուսափելիորեն լճանալու է: Այսօր նման մի իրավիճակ է ստեղծվել ԱՄՆ-ում, երբ նախագահը ռազմավարական գործունեությունը փոխարինել է ամենօրյա եւ քաղաքականության մեջ կենցաղային բնույթի խնդիրներին լուծում տալու մարտավարությամբ: Այստեղ առանձնանում է նաեւ նախագահի քաղաքական առաջնահերթությունների հարցը՝ հանդիպելով լրագրողների, քաղաքական գործիչների ու մեկնաբանների հսկայածավալ քննադատությանը: Վերջինիս համաձայն՝ Թրամփը ԱՄՆ-ն նետել է մի անտանելի քաոսի մեջ՝ երկիրը թիրախ դարձնելով միջուկային զենքին տիրապետող պետությունների, առաջին հերթին՝ Հս. Կորեայի համար: Թրամփի նախկին ընկերներից Թոնի Շվարցը, որը այսօր դարձել է նրա ամենախիստ քննադատներից մեկը, հռետորական դիպուկ հարց է հնչեցրել՝ արդյո՞ք Թրամփը ավելի շուտ կպայթեցնի բոլորին, թե՞ իր նախագահությունը: Նախագահի քննադատները կոչ են անում ամերիկյան օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին՝ շուտափույթ պաշտոնանկ անելու նրան:
ԱՄՆ-ում, ինչպես աշխարհի գրեթե բոլոր ժողովրդավարություններում, նախագահին կարելի է պաշտոնանկ անել իմպիչմենտի՝ խորհրդարանում մեծամասնության կողմից անվստահություն հայտնելու միջոցով: ԱՄՆ-ում իմպիչմենտի մի քանի նախադեպեր եղել են, սակայն գործը վերջնակետին չի հասել, քանի որ կա՛մ նախագահն է հրաժարական տվել կամավոր կերպով, կա՛մ էլ ԱՄՆ օրենսդիր մարմնի երկու պալատներից մեկը այդ հարցում շահագրգռված չի եղել: Թրամփի դեպքում խնդիրը նույնիսկ ավելի բարդ է, որովհետեւ քիչ սպասելի է, որ առանց լուրջ պատճառի, Կոնգրեսի երկու պալատների մեծամասնությունն ունեցող Հանրապետական կուսակցությունը զոհաբերի իր նախագահին: Այս կապակցությամբ հետաքրքիր է շրջանառության մեջ դրված մի նոր վարկած, որը, քննելով ԱՄՆ սահմանադրության 25-րդ վերափոխումը, առաջարկում է Թրամփին պաշտոնանկ անել մի յուրօրինակ ձեւով, որը երբեւէ չի փորձարկվել:
ԱՄՆ սահմանադրության 25-րդ վերափոխումը նախատեսում է իշխանության փոխանցումը, եթե նախագահը անկարող է կատարել իր սահմանադրական լիազորությունները: Ըստ հոդվածի կետերից մեկի՝ նախագահի վարչակազմի մեծամասնությունը կարող է պաշտոնանկ անել նրան եւ փոխարենը իշխանությունը հանձնել փոխնախագահին: Սահմանադրական այդ հոդվածը շեշտում է, որ նախագահին կաբինետի 14 ներկայացուցիչների համաձայնությամբ պաշտոնանկ անելու համար պետք է որպես հիմնավորում բերվի ոչ թե անձնական նախատրամադրվածությունը, այլ առաջին հերթին փաստական տվյալները, թե արդյոք նա ֆիզիկապես կամ մտավորապես ի վիճակի է սթափ որոշումներ կայացնել: Այդ ողջ գործընթացում առանցքային է փոխնախագահի դերը: Տվյալ դեպքում Թրամփի փոխնախագահ Մայք Փենսը ավելի ընդունելի կերպար է վարչակազմի անդամների ու ամերիկյան պետական դերակատարների համար: Պատահական չէ, որ հենց նա է հաճախ հարթում նախագահի ու մյուսների հակասությունները, հանդես գալիս որպես միջնորդ, որի հետ շատ ավելի դյուրին է շփվելը եւ կոնֆլիկտների հարթումը: Հատկանշական է, որ շատերն այսօր կերազեին նախագահի պաշտոնում տեսնել Փենսին, քան Թրամփին, ինչն էլ հիմք է տալիս բազմաթիվ վերլուծաբանների համար՝ պնդելու, որ Թրամփը իր նախագահության քառամյա շրջափուլը հազիվ թե հաղթահարի առանց լուրջ խոչընդոտների:
Հայաստանում նախագահին պաշտոնանկ անելու մեկ եղանակ կա, երբ Ազգային ժողովը անվստահություն է հայտնում նրան: Ինչպես գրեթե ամեն հարցում, այստեղ նույնպես սահմանադրակարգն ու իրական կյանքը խորը հակադրության մեջ են: Սերժ Սարգսյանն իր համար միշտ ցանկալի խորհրդարան է գծագրում, որը պարզապես ամորֆ մի մարմին է՝ անընդունակ լուրջ որոշումներ կայացնելու, առավել եւս մտքի ծայրով անցկացնելու Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը: Վերջինիս սահմանադրական փոփոխությունների քմահաճույքի բավարարումից հետո ընդհանրապես կարելի է բացառել առանց Սերժ Սարգսյանի ապրելու տարբերակը: Նոր սահմանադրությամբ նախագահի պաշտոնը էական դերակատարություն չի ունենալու պետական կառավարման ասպարեզում, եւ ամեն ինչ հանգում է վարչապետի պաշտոնին: Ի դեպ, Սերժ Սարգսյանը հմտորեն գծագրել է, որ նախագահի, դատախազի, ԿԸՀ, ՀՌԱՀ եւ այլ ղեկավար պաշտոններում նույն անձը մեկ կամ երկու անգամից ավելի չի կարող ընտրվել, մինչդեռ խորամանկորեն բաց է թողնված վարչապետի պաշտոնում նույն գործչի ընտրության սահմանափակումը: Իսկ վարչապետին կարելի է պաշտոնանկ անել միայն խորհրդարանի կամակատար մեծամասնության համաձայնությամբ, եւ պարզից էլ պարզ է, որ 2018թ. Սերժ Սարգսյանի մեծամասնությունը ոչ թե մտածելու է նրա պաշտոնաթողության, այլ «ազգովի խնդրանքով» նրան վարչապետի աթոռին բազմեցնելու մասին:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

ԻՆՉ ՄԹԵՐՔՆԵՐ ԵՆ ԱՎԵԼԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Քանիցս առիթ ունեցել ենք խոսելու այն մասին, որ Հայաստանում շատ բաներ արտադրելու փոխարեն դրանք ներկրվում են արտերկրից: Մինչդեռ ունենք գործարաններ, ռեսուրսներ եւ հանգիստ կարող ենք շատ մթերքների ու իրերի մասով 100 տոկոս ինքնաբավություն ապահովել:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց՝ 2016 թվականի ընթացքում Հայաստանում հետեւյալ մթերքները արտադրվել են այն քանակությամբ, որ ինքնաբավության աստիճանը գերազանցել են 100 տոկոսը: Այսինքն՝ այդ մթերքներից ընդհանրապես կարիք չունենք ներկրելու:
Ստորեւ ներկայացնում ենք այն մթերքները, որոնք ոչ միայն ինքնաբավության չափին են համապատասխանել, այլ արտադրվել են պահանջարկից ավելի շատ:
Կարտոֆիլ, որը արտադրվել է մեր երկրի բնակչության սպառման համար նախատեսված ծավալից 1.3 տոկոս ավել: Ծաղկակաղամբի՝ ավել 8 տոկոս ենք ունեցել: Վարունգի դեպքում ավելցուկի տոկոսը կազմել է 1.6: Լոլիկի ինքնաբավության աստիճանը գերազանցել է 15.5 տոկոս, իսկ սմբուկինը՝ 4 տոկոս: Տաքդեղը 8 տոկոս է ավել արտադրվել: Իսկ ինչ վերաբերում է մրգերին, ապա ինքնաբավության չափից ավելի արտադրվել է խնձորը՝ 1.8 տոկոս, տանձը՝ 16.8 տոկոս, ծիրանը՝ 9, դեղձը՝ 14.9, կեռասը՝ 8.6, սալորը՝ 4.9, բալը՝ 12.9, թուզը՝ 6, խաղողը՝ 19.3 տոկոս: Հատապտուղներից՝ 30.5 տոկոս:
Պարզվում է՝ ոչխարի եւ այծի մսի ավելցուկ էլ ունենք՝ 33.8 տոկոս: Իսկ ջրային կենդանիներից ձկնեղենը 8.6 տոկոս ավել է արտադրվել:
Ու եթե Հայաստանի կառավարությունն իսկապես մտադիր է անել այն, ինչի մասին խոսում է. այն է՝ նպաստել մեր երկրից արտահանման ծավալների մեծացմանը, ապա պարտավոր է օր առաջ կազմակերպել «ավելացած» մթերքների արտահանումը դեպի այդքան սիրելի եվրասիական շուկա: Իսկ կկարողանա՞ արդյոք կազմակերպել: Ժամանակը ցույց կտա: Համենայնդեպս, կհետեւենք:

Ն. ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

ՀՈՂԵՐԸ ՍԱՀՄԱՆ-ՓՇԱԼԱՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
2007 թվականից արդեն 10 տարի Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեղձավան գյուղի 50 հեկտար հողը գտնվում է հայ-վրացական սահման դարձած փշալարից անդին, այդ պատճառով դեղձավանցիները չեն կարողանում դրանք օգտագործել: 411 բնակիչ ունեցող Դեղձավանը 2016 թվականից ընդգրկված է խոշորացված Այրում համայնքի կազմում: Դեղձավանի վարչական ղեկավար Յուրա Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ այդ 50 հեկտարից 5 հեկտարը Դեղձավանի բնակիչներին սեփականաշնորհված վարելահող է: Սահմանից այն կողմ գտնվող եւս 5 հեկտար վարելահող պատկանում է Դեղձավան համայնքին: Մնացած 40 հեկտարը համայնքային պատկանելիության արոտավայրեր են:
Մի խոսքով, ընդհանուր առմամբ` այդ խնդրի պատճառով տուժում է Դեղձավան գյուղի 18 բնակիչ: Դեղձավանցիների վկայությամբ՝ փշալարից այն կողմ գտնվող վարելահողերը Դեղձավանի ամենաբերրի հողերն են: 10 տարի շարունակ այդ հողերը չեն օգտագործվել, այդ 50 հեկտարի հաշվով հարկ չի գանձվել համայնքի բյուջե: Ընդամենը 122 հեկտար վարելահող, 362 հեկտար արոտավայրեր ունեցող Դեղձավանի համար, համաձայնեք, 50 հեկտարի կորուստը մեծ խնդիր է: Հայաստանի կառավարությունում վաղուց գիտեն տվյալ հիմնահարցի մասին: Յուրա Հովհաննիսյանը հայտնեց, որ վերջերս խնդիրը քննարկվել է Հայաստանի հանրային խորհրդում: Բայց քննարկումից դեպի գործնական քայլեր դեռ ոչինչ չի արվել:

 

 

 

ԳՈՒՇԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՂԿՈՒՄ Է
Տավուշի մարզում գուշակությունը ծաղկում է: Իհարկե, այն միշտ էլ եղել է, ինչպես շատ այլ մարզերում, սակայն վերջին ժամանակաշրջանում ավելի է տարածվել:
Կյանքի ծանր պայմաններ, սոցիալական վատթար վիճակ, առողջական եւ ընտանեկան խնդիրներ ունեցող անձինք, հիմնականում կանայք, որպես վերջին հույս ապավինում են գուշակներին, որոնք իբրեւ թե պետք է նախանշեն «պայծառ ապագան»: Իջեւան քաղաքի մի փողոցում, իրարից ոչ հեռու երկու գուշակ են աշխատում: Նրանցից մեկը կին է, մյուսը՝ խառնիխուռն մազերով, անորոշ տարիքի տղամարդ:
Տղամարդ գուշակը այցելուների վրա մեծ տպավորություն գործելու համար տան բակում տարատեսակ փետուրներով սիրամարգեր ու այլ թռչուններ է պահում, աճեցնում գույնզգույն ծաղիկներ: Գուշակներն իրենց այցելուներին ուշադիր լսում են, տարբեր հարցերի միջոցով նրանց անձնական կյանքի մասին տեղեկություններ ստանում, հետո դրանք այլ ձեւակերպումներով, ուրիշ բառերով հայտնում հաճախորդներին:
Գուշակները, իհարկե, լավ հոգեբաններ են, նրանք իրենց այցելուներին ասում են այն, ինչ վերջիններս ցանկանում են լսել: Բայց այդ ամենը, բնականաբար, հասարակական հիմունքներով կամ բարեգործական մղումներով չի արվում: Տավուշի գուշակներին այցելելու վարձավճարը նվազագույնը 5 հազար դրամ է, կան եւ ավելի մեծ գումար վճարողներ, երբ գուշակները ցանկալի բառակույտ են օգտագործում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս