Հայաստանը, որ ունի շինարարության բնագավառում անհրաժեշտ ապրանքատեսակներից՝ ցեմենտի գործարաններ, սկսել է այն ներկրել: Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ ցեմենտի ներկրման ծավալները այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հայաստանը ցեմենտ ներկրում է ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետությունից, Գերմանիայից, Վրաստանից, Ռուսաստանից, այլեւ Թուրքիայից: Այսպես՝ Հայաստան այս տարվա առաջին կիսամյակում ներկրվել է 25 հազար 998 տոննա ցեմենտ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցեմենտի ներմուծումը կազմել է 6856 տոննա:
Պաշտոնական փաստաթղթերից մեզ պարզ դարձավ, որ նախորդ տարվա առաջին կիսամյակում Գերմանիայից ցեմենտ չի ներկրվել: Իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այնտեղից Հայաստան ներկրվել է 150 տոննա ցեմենտ: Ավելացել են նաեւ Թուրքիայից Հայաստան ցեմենտի ներկրման ծավալները. այս դեպքում նախորդ տարվա առաջին կիսամյակում ՀՀ ներկրվել է 2, իսկ այս տարի՝ 4.8 տոննա ցեմենտ:
Բայց ցեմենտի հիմնական խմբաքանակը ներկրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից: Եթե Իրանից նախորդ տարվա առաջին կիսամյակում ՀՀ ներկրվել է 6852 տոննա ցեմենտ, ապա այս տարվա առաջին կիսամյակում այդ թիվը մի քանի անգամ ավելացել է՝ կազմելով 25 հազար 932 տոննա: Բավականին քանակությամբ ցեմենտ էլ ներկրվել է Ռուսաստանի Դաշնությունից, եւ, բնականաբար, նախորդ տարվա համեմատ ներկրումն ավելացել է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ ներկրվել է 6200 տոննա ցեմենտ՝ նախորդ տարվա 800 տոննայի փոխարեն:
Նկատենք, որ ՌԴ-ից ՀՀ ներկրելու դեպքում ցեմենտը ընդհանրապես չի մաքսազերծվում: Բայց Հայաստանի հետ միեւնույն մաքսային տարածքում գտնվող ՌԴ-ում ցեմենտի մեկ պարկը արժի 1700 դրամ: Մեծ խմբաքանակներով ՌԴ-ից Հայաստան ցեմենտը տեղափոխելու դեպքում դրա գինը Հայաստանում կդառնա 2000-2100 դրամ, ոչ ավելին: Իսկ մեզ մոտ 50 կիլոգրամանոց ցեմենտի պարկն արժի մոտ 3000-3100 դրամ: Ի դեպ, տարիներ առաջ իշխանությունները խոստումներ էին տալիս, որ ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելուց հետո հայկական ցեմենտի արտահանման համար նոր շուկաներ են բացվելու, ինչը կարող է զարկ տալ արտադրությանը: Բայց այսօր հակառակ պատկերն է, քանի որ տեղական արտադրանքի արտահանմանը խթանելու փոխարեն ներկրման ծավալներն ենք ավելացնում:
Ռուսաստանից անցում կատարենք Վրաստանին. պաշտոնապես այստեղից այս տարվա առաջին կիսամյակում ներկրվել է 54.8 տոննա ցեմենտ՝ նախորդ տարվա 8.8 տոննայի փոխարեն: Ի դեպ, տեղեկացնենք որ Հայաստանից այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է ընդամենը 49.8 տոննա ցեմենտ՝ նախորդ տարվա 40 տոննայի դիմաց: Եւ այն արտահանվել է միայն Ռուսաստան: Մինչդեռ նախկինում հայկական ցեմենտն արտահանվել է միայն մեկ երկիր՝ Վրաստան: Ստացվում է, որ Վրաստանում հայկական ցեմենտի նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչը խիստ մտահոգիչ է: Քանի որ, ըստ որոշ մասնագետների, Վրաստանի ցեմենտի պահանջարկը սկսել է բավարարել Թուրքիան եւ Ադրբեջանը: Պարզվում է, որ հայկական արտադրության ցեմենտը վրացական շուկայում չի կարողացել դիմանալ ադրբեջանական եւ թուրքական ցեմենտի մրցակցությանը:
Մյուս կողմից՝ Հայաստանում ցեմենտի արտադրության ծավալները այս տարվա երկրորդ կեսից սկսած ավելանում են: Պատճառն այն է, որ այս տարվա ապրիլից սկսել է ցեմենտ արտադրել նաեւ «Հրազդան» ցեմենտի գործարանը: Այսինքն՝ այսօրվա դրությամբ ՀՀ-ում ցեմենտ արտադրում է «Արարատցեմենտ» եւ «Հրազդան» ցեմենտի գործարանները: Նկատենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում արտադրվել է 137 հազար 700 տոննա ցեմենտ՝ նախորդ տարվա 136 հազար 200 տոննայի դիմաց: Այսինքն՝ վերոնշյալ ժամանակահատվածում ցեմենտի արտադրության ծավալները 1.1 տոկոսով ավելացել են: Իսկ ահա այս տարվա 8 ամիսների կտրվածքով մեր հանրապետությունում արտադրվել է 201 հազար 700 տոննա ցեմենտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 183 հազար 200 տոննայի դիմաց: Ճիշտ է՝ այս թվերը ուրախացնող են, բայց մյուս կողմից ցեմենտ արտադրողները կանգնած են ավելի լուրջ՝ իրացման խնդրի առաջ: Արտահանելու հնարավորությունները չնչին են, իսկ մյուս կողմից՝ մեր երկրում շինարարության ծավալների նվազման միտումը շարունակվում է: Հայտնի է, որ շինարարության ոլորտում անկումը գրանցվել է 2008 թվականից: Ի դեպ, նույն ԱՎԾ-ի տվյալներով՝ ՀՀ-ում այս տարվա հունվար-օգոստոսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները 8 տոկոսով նվազել են:
Վերը նկարագրվածը եւս մեկ անգամ ապացուցում է այն իրողությունը, որ Հայաստանում ինչ-որ բան արտադրելը եկամտաբեր չէ, ներկրումն է ձեռնտու: Եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը առաջին հերթին հենց այս բալանսը պետք է կարգավորի, որպեսզի ինչ-որ բան արտադրելը դառնա եկամտաբեր:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ
Նոյեմբերի 5-ին տեղի կունենան Տավուշի մարզի խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի եւ ավագանու, Աչաջուր համայնքի ղեկավարի, Ենոքավան եւ Այգեհովիտ համայնքների ավագանու ընտրություններ: Բերդի համայնքապետի 4 թեկնածուներից երկուսը՝ Բերդի գործող քաղաքապետ Հարություն Մանուչարյանը եւ Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանը, ՀՀԿ անդամ են, երկուսը` Արծվաբերդի եւ Այգեձորի համայնքապետեր Կարեն Շահնազարյանը եւ Սասուն Սաֆարյանը՝ անկուսակցական: Աչաջուր համայնքի ղեկավարի 4 թեկնածուներից 3-ը` Աչաջուր համայնքի գործող ղեկավար Կամո Ղալթախչյանը, Աչաջրի նախկին գյուղապետ Տաթեւ Գասպարյանը, «Կարեն Ղալթախչյան» ԱՁ ղեկավար Կարեն Ղալթախչյանը ՀՀԿ անդամ են, 4-րդ թեկնածուն` Սեւադա Ղուկասյանը` ՀՅԴ անդամ: Խոշորացված Բերդ համայնքի ավագանու 15 տեղի համար առաջադրվել է 40 թեկնածու, որոնցից 23-ն անկուսակցական է, 9-ը՝ ՀՀԿ անդամ, 3-ը՝ ՀՅԴ, 3-ը՝ ԲՀԿ, 2-ը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ: Բերդի ավագանու բոլոր թեկնածուներն առաջադրվել են ինքնառաջադրմամբ: Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ համայնքի ավագանու 9 տեղի համար առաջադրվել է 10 թեկնածու, որից 6-ը ՀՀԿ անդամ է, 4-ը` անկուսակցական: Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան համայնքի ավագանու 5 տեղի համար առաջադրվել է 10 թեկնածու, որից 5-ն անկուսակցական է, 4-ը` ՀՀԿ անդամ, մեկը` «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ:
Տավուշի մարզի նշված 4 համայնքների ղեկավարի եւ ավագանու թեկնածուների կուսակցական պատկանելիությունը նկատի ունենալով՝ կարելի է փաստել, որ ընդդիմադիր կամ իրենց ընդդիմադիր համարող կուսակցությունները ՏԻՄ ընտրություններին կազմակերպված ձեւով չեն մասնակցում:
ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ
Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, հայ-հունական բարեկամության զբոսագու հարակից տարածքում Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն եւ Դեբեդավան գյուղերի մի խումբ բնակիչներ «Եհովայի վկաներ» կրոնական ուղղության գրականություն են բաժանում: Վրաստանին սահմանակից այդ գյուղերից, 25-30 կմ հեռավորությունից Նոյեմբերյան քաղաք ժամանած Եհովայի վկաների թիվը բավական մեծ է, դրանց մեջ կան միջին տարիքի մարդիկ, երիտասարդներ եւ պատանիներ: Եթե նախկինում Եհովայի վկաների քարոզիչները Երեւանից էին ժամանում, այժմ Նոյեմբերյանում Եհովայի վկաների քարոզիչները տեղացի են:
Բագրատաշենի բնակիչ, գյուղատնտեսական բարձրագույն կրթությամբ քարոզիչը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ եթե Հայաստանը դադարի զինվել, բանակ պահել, միջազգային հանրությունը կապահովի Հայաստանի անվտանգությունը: Համաձայնեք՝ սահմանամերձ Նոյեմբերյանում նման աբսուրդ մտքերի քարոզումը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը: Սակայն որեւէ մեկը նրանցով չի զբաղվում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ