ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ԿԱՏԱԿԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան խնդրի կարգավորման նպատակով Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հերթական բանակցությունները տեղի կունենան Ժնեւում՝ հոկտեմբերի 16-ին: Նախագահականն արդեն տարածել է կայանալիք հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունը:
Մինչ տպավորություն կստեղծվի, թե Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը միջազգային հարթակներում միմյանց հանդեպ թշնամական պահվածք ունեն, չեն շփվում իրար հետ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուշագրավ փակագծեր է բացել: Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 11-ին Սերժ Սարգսյանը Սոչիում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որտեղ եղել է նաեւ Իլհամ Ալիեւը: Եւ ահա երեկ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն պատմել է նիստից հետո ոչ պաշտոնական հանդիպումների մասին հետաքրքիր դրվագներ. «Մեզ մոտ տարբեր ֆորմատներով մտքերի փոխանակում տեղի ունեցավ: Մենք բավական երկար ժամանակ անցկացրինք՝ քննարկելով մեր հարաբերությունների հետ կապված բազմաթիվ հարցեր: Դուք կզարմանաք, սակայն Հայաստանի նախագահի հետ՝ երեքով, կատակել ենք միմյանց վրա, բայց քաղաքականության մեջ դա ընդունելի է»,- ասել է նա:

 

 

 

Եվրախորհրդարանի պատգամավոր, ազգությամբ չեխ Յարոմիր Շտետինան «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կախված է Հայաստանից: «Եթե Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, դա չի նշանակում, որ չի կարող համագործակցել նաեւ ԵՄ-ի հետ»,- ասել է նա: Իսկ եթե չստորագրի պայմանագիրը, ի՞նչ հետեւանքներ կլինեն հարցին Շտետինան ասել է. «Ես հաշվի եմ առնում Հայաստանի գեոքաղաքական իրավիճակը: Այն բարդ է, եւ հասկանում եմ Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ հասկանում եմ նաեւ, թե ինչու է այն այնպիսին, ինչպիսին կա: Քաղաքականության մեջ պետք է հաշվի նստել գերտերություն հանդիսացող հարեւան երկրների հետ: Դրանով ես ցանկանում եմ ասել, որ չեմ կարող Հայաստանին մեղադրել այն բանի համար, որ նա Հարավային Կովկասում ուրույն պրոռուսական դեր է խաղում»: Բայց, այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ փաստաթուղթը կստորագրվի:

 

 

 

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանը, որ կաշառք վերցնելու կասկածանքով հոկտեմբերի 10-ին ձերբակալվել էր, երեկ արդեն կալանավորվել է: Միաժամանակ կալանքը որպես խափանման միջոց ընտրել են այս գործով անցնող մյուս պաշտոնյաների՝ ՔԿՀ պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանի, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանի, պատասխանատու հերթապահների ու այլ պաշտոնատար անձանց նկատմամբ: «Վանաձոր» ՔԿՀ կալանավորներից մեկը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ցանկանալով, որ ՔԿՀ պետի կալանավորման աղմկահարույց գործով իրեն որպես վկա եւս հարցաքննեն: Դատապարտյալը զանգահարել էր նաեւ «Ժողովուրդ»-ի խմբագրություն, եւ մանրամասներ հայտնել, ըստ որի՝ ՔԿՀ ղեկավարությանը հիմնական կաշառք տվողը եղել է այդ ՔԿՀ «զոն նայողը»՝ Թամազ Սերոյանը: Այդ «վճարումների» արդյունքում դատապարտյալները անարգել թղթախաղեր են կազմակերպել, մարմնավաճառներ «ընդունել», թրմանյութեր ստացել եւ այսպես շարունակ: Իսկ ՔԿՀ վերահսկող դատախազ Սոս Տոնոյանը, ըստ էության, լուռ հետեւել է:

 

 

 

Հայաստանում ռուսական համարանիշով մեքենաները դարձել են իսկական գլխացավանք: Այս մեքենաների վարորդները ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար տուգանք չեն վճարում, քանի որ տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներով ներկայումս վարչական վարույթ չի իրականացվում: Արդյունքում՝ նրանք մեքենան վարում են, ինչպես ուզում են՝ հաճախ դառնալով վթարի պատճառ: Դեռեւս 2015 թվականին այս մասին խոսել էր նաեւ Սերժ Սարգսյանը՝ խիստ հրահանգելով, որ երթեւեկության բոլոր մասնակիցները հավասար չափով պատժվեն թույլ տված խախտումների համար: Սակայն հրահանգից 2 տարի է անցել, ու ոչ մի արդյունք: ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե ՃԵԿ կանոնները խախտելու համար վարջապես ե՞րբ են տուգանվելու այլ, մասնավորապես ռուսական համարանիշով ավտոմեքենաների վարորդները: Նա պատասխանեց, թե «…հիմնական տեխնիկական խնդիրներից մեկն այն է, որ անհրաժեշտ է պարզել այլ երկրի տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ տվյալները: Հիմա ստեղծվել է սահմանային անցակետերի էլեկտրոնային տվյալների համատեղ համակարգ»: Ըստ նրա՝ մինչեւ տարեվերջ խնդիրը կկարգավորվի:

 

 

 

ԵՐԲ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ Է
Երեկ տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ներկայացվել են առողջապահության եւ պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի եւ դրանց չեզոքացմանը կամ նվազեցմանն ուղղված միջոցառումների լրամշակված ծրագրերը: Նաեւ նշվել է, որ ՀՀ 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում առողջապահության ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի եւ դրանց չեզոքացմանը կամ նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրով նախատեսվում է 20 կոռուպցիոն խնդիր, իսկ պետական եկամուտների հավաքագրման ոլորտի հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրով՝ 19 կոռուպցիոն խնդրի լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում: Դժվար է ասել՝ հակակոռուպցիոն հանձնաժողովի թիրախում ինչու հենց այս երկու ոլորտներն են առաջինը հայտնվել. սրանք ամենակոռումպացված ոլորտներն են, որ պետք է անհապաղ ուշադրության արժանացվի, թե այստեղ ավելի հեշտ է եղել կոռուպցիոն երեւույթներն ուսումնասիրելն ու վերհանելը: Ամեն դեպքում, ճիշտ կլիներ, եթե հավելյալ մեկնաբանություններ տրվեին կատարվածի մասին:
Չէ՞ որ հայտնի փաստ է՝ Հայաստանում այսօր կոռումպացված են բոլոր ոլորտները, պետական բոլոր մարմինները՝ կրթություն, արդարադատություն, սոցիալական ոլորտ, տեղական ինքնակառավարման համակարգ, Երեւանի քաղաքապետարան, եւ վերջապես՝ ողջ քաղաքական համակարգը: Մեկը՝ մի քիչ շատ, մյուսը՝ մի քիչ պակաս: Երեկ անգամ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով քաղաքաշինության, մասնավորապես կառուցապատման մասին, ասել է. «Ո՞նց կարող է մի ոլորտում, որտեղ կան մեծ-մեծ ֆինանսական հոսքեր, չլինի կոռուպցիա: Իսկ ո՞վ է ասում, որ չկա»: Եւ հետո՝ մի հետաքրքիր փաստ էլ. վերջերս կաշառք վերցնելու համար ձերբակալվեցին դատավորներ, դատախազներ, ճանապարհային ոստիկաններ, քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ: Այսինքն՝ արդարադատության համակարգում կոռուպցիոն դրսեւորումներն աղաղակող են, այն աստիճան, որ իշխանությունները չեն կարող այլեւս աչք փակել ու ստիպված են քրեական գործի շրջանակներում մի քանիսին անգամ ազատազրկել: Եւ այս համատեքստում միգուցե վարչապետի գլխավորած հակակոռուպցիոն խորհուրդն իր գործունեությունը սկսեր հենց այստեղից, այդ ոլորտի կոռուպցիոն ռիսկերը վերհանելուց: Մանավանդ, որ իշխանությունները շատ են սիրում խոսել Հայաստան ներդրումներ բերելու մասին, եւ արդարադատության բացակայությունը, այս ոլորտում կոռուպցիայի առկայությունն օտարերկրյա ներդրումների ներգրավմանը խոչընդոտող առաջին գործոններից մեկն են:

 




Լրահոս