ՈՎՔԵՐ ՉԵՆ ԾԱՌԱՅԵԼ ԲԱՆԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ խորհրդարանում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, թե սահմանադրական պարտավորությունը՝ երկրի պաշտպանությանը մասնակցելու, պետք է տարածվի բոլորի վրա:

Նախարարը նշել էր, թե այսօր «ակադեմիական տարկետումը դարձել է դուռ դեպի չծառայելն առհասարակ»: «Եթե մենք ունենայինք տարկետում բոլոր սովորող ուսանողների համար, ես պատրաստ կլինեի այդ բանավեճում երկար քննարկել արդյունավետությունը ընդհատման, բայց քանի որ մեզ մետ տարկետումը չափազանց ընտրովի է, այսինքն՝ բուհ ընդունվողների ընդամենը մի փոքր տոկոսն է ստանում տարկետման իրավունք, իսկ մնացածը, այնպես թե այդպես, ընդհատում են իրենց կրթությունը, ես կարծում եմ, որ դա իր մեջ պարունակում է շատ մեծ ռիսկեր: Մենք ունենք պրակտիկա՝ առաջին ակադեմիական տարկետում ստացողներից երբեւէ այնուհետեւ զորակոչվում է ընդամենը 16 տոկոսը, այսինքն՝ ակադեմիական տարկետումը դառնում է դուռ դեպի չծռայելն առհասարակ»:
Եվ սա ասվում է այն դեպքում, երբ իշխանության շատ ներկայացուցիչներ, այդ թվում եւ ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը, հենց սովորելու պատճառով չեն ծառայել բանակում:
Բանակում չծառայած պաշտոնյաների մասին բազմիցս ենք խոսել, սակայն նախարարի հայտարարությունների եւ նոր ձեւավորված կառավարության ֆոնին, թերեւս, արժի մեկ անգամ եւս վերհիշել, թե ովքեր են բանակում չծառայած պաշտոնյաները ու հենց կրթվելու «անվան տակ»:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան: 1990-1995թթ. Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ, 1995-1998թթ. Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրա, 1997-1998թթ. անցումային շրջանի տնտեսական վերափոխումների հիմնախնդիրներին նվիրված դասընթացներ՝ Մոսկվայում, Վաշինգթոնում եւ Նյու Յորքում, 1997-2001թթ. Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ` իրավագիտություն մասնագիտությամբ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյան: 1991-1996թթ. Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետի որակավորմամբ:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյան: 1999-2004թթ. Հայ-ռուսական սլավոնական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ, պետական եւ մունիցիպալ կառավարում, 2004-2007 թթ. ՀՀ ֆինանսների նախարարության տնտեսական հետազոտությունների ինստիտուտ, տնտեսագիտության թեկնածու, 2011-2012 թթ. Սինգապուրի ազգային համալսարան, Լի Կուան Յույի անվան պետական կառավարման բարձրագույն դպրոց, հանրային կառավարման մագիստրոս (MPA), 2016թ. Սթենֆորդի համալսարանի մասնագիտական զարգացման կենտրոն, «Սթենֆորդ-ԻԱՏԱ» ավիացիայի կառավարում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյան: 2002թ. ավարտել է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը. 2005թ. ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան, 2007թ. ավարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլետչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը (Թաֆթս համալսարան), 1998-2000թթ. զինվորական ուսուցում է անցել Ռուսաստանի Դաշնության Ռոստովի պետական համալսարանի ռազմական պատրաստության ֆակուլտետում՝ պահեստի սպաների պատրաստման ծրագրով:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան: 2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան եւ ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյան: 1999թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 2001թ.` ԵՊԲՀ դատական բժշկության օրդինատուրան: 2001-2004թթ. սովորել է ԵՊԲՀ ասպիրանտուրայում, 2003-2004թթ.` Ա. Հումբոլտի անվան համալսարանի ասպիրանտուրայում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյան: 1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 2001թ.` ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: 2003թ.` Լունդի համալսարանի մագիստրատուրան (Շվեդիա): 2004թ. ավարտել է ԵՊՀ ազգագրության ամբիոնի ասպիրանտուրան:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյան: 1998թ. ավարտել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ: 2000թ.՝ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վահան Հարությունյան: 2003թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 2011թ.՝ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի մագիստրատուրան:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Անդրանիկ Հարությունյան: 2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Հակոբյան: 2004թ. ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 2006թ.` մագիստրատուրան, 2009թ.՝ ասպիրանտուրան։
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյան: 1994թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2002թ.` ԵՊՀ ասպիրանտուրան, 2007թ.` ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Հակոբ Նազարյան: 2001թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը: 2003թ.՝ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: 2006թ.՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյան: 1996թ. ընդունվել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ: 2004-2007թթ. շարունակել է Երեւանի կառավարման եւ կրթության զարգացման համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում: 2008թ. ավարտել է Երեւանի միջազգային հարաբերությունների համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արտակ Սարգսյան: 2001թ. ավարտել է Հայաստանի պետական գյուղատնտեսական ակադեմիան` ագրարային արտադրության տնտեսագիտություն եւ կառավարում մասնագիտությամբ:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանով: 1997թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄԻ պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, 2000թ.` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան:
Հ.Գ. Այս ցանկում ներկայացված անձինք ուսանելու պատճառով բանակում չեն ծառայել, բայց եւ չեն զբաղվել գիտությամբ: Բայց կան մարդիկ, որոնք, իրոք, զբաղվում են գիտությամբ, եւ նրանց բանակ զորակոչելն այնքան էլ ճիշտ չէ, թեեւ ՀՀ պաշտպանության ներկա նախարար Վիգեն Սարգսյանը փորձում է մարդկանց զրկել այդ իրավունքից:
Ի դեպ, 1995-1998թթ. ՀՀ ԱԺ նախագահի օգնական աշխատած Վիգեն Սարգսյանը պետք է հիշի խորհրդարանում 1997թ. հայտնի սկանդալը: Այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ ԱԺ ներկայացվեց օրենքի նախագիծը, ըստ որի՝ հանվում էր տարկետման իրավունքը։ Եւ այդ նախագծի հիմնական ընդդիմախոսներից էր ԱԺ նախագահ, ԵՊՀ դասախոս Բաբկեն Արարքցյանը. նա հայտարարեց, որ եթե նախագիծն անցնի, ինքը հրաժարական կտա։ ԱԺ-ն «կողմ» քվեարկեց, Բաբկեն Արարքցյանը հրաժարական տվեց, խնդրին միջամտեց այն ժամանակ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ԱԺ-ն չընդունեց Արարքցյանի հրաժարականը, իսկ Վազգեն Սարգսյանը հրաժարվեց իր նախաձեռնությունից։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՓՈՇՄԱՆԱԾՆԵՐԻ ՓՈՂԸ ԿՈՐԱՎ
Նոյեմբերի 5-ին Տավուշի մարզի մի շարք համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Նոյեմբերյան քաղաքում տեղակայված թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 12-ին ինքնաբացարկի դիմում է գրել Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ համայնքի ավագանու թեկնածու, ՀՀԿ անդամ, ներկայումս չաշխատող Սարո Բաղրամյանը: Ու նրա մուծած 20 հազար դրամ ընտրական գրավը այլեւս չի վերադարձվի: Ս. Բաղրամյանի ինքնաբացարկից հետո Այգեհովտի ավագանու 9 տեղի համար թեկնածուների թիվը դարձավ 9: Այսինքն՝ Այգեհովտի ավագանու բոլոր թեկնածուներին ընտրված կարելի է համարել:
Իջեւանում տեղակայված թիվ 38 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14-ի սահմաններում, հանձնաժողովում ինքնաբացարկի դիմում է գրել խոշորացված Բերդ համայնքի ավագանու թեկնածու, անկուսակցական, ներկայումս չաշխատող Արման Բադալյանը:
Ա. Բադալյանի եւ Բերդի ավագանու մյուս թեկնածուների գրանցումը կատարվել է հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11-ին կայացած թիվ 38 ԸԸՀ նիստում: Եթե Ա. Բադալյանը իր դիմում տալուց 3 ժամ առաջ ինքնաբացարկի դիմում գրեր, ապա նրա մուծած ընտրական գրավը՝ 70 հազար դրամը, նրան կվերադարձվեր: Բայց հիմա էլ չի վերադարձվելու: Ա. Բադալյանի ինքնաբացարկով Բերդ համայնքի ավագանու 15 տեղի համար թեկնածուների թիվը դարձավ 39:

 

 

ԽՆՁՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԸ «ՔՆԵՑՆՈՒՄ» ԵՆ
Ադրբեջանից անհասկանալի ճանապարհով Հայաստանի շուկա մտած խնձորների գործով բոլոր 3 դատական նիստերը հետաձգվել են: Վերջին՝ սեպտեմբերի 26-ի նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Հարություն Խաչատրյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանը դատական նիստին չէր ներկայացել: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանն ամբաստանյալ Հ. Խաչատրյանին ասաց, որ նա պետք է միջոցներ ձեռնարկի, որպեսզի իր պաշտպանը ներկայանա դատական նիստերին, կա՛մ նոր պաշտպան գտնի, կա՛մ էլ դատարան ապացույցներ ներկայացնի իր անվճարունակության վերաբերյալ, որպեսզի նրան դատարանը հանրային պաշտպան տրամադրի: Դատավորը հաջորդ նիստը հոկտեմբերի 20-ին նշանակեց, որպեսզի Հ. Խաչատրյանի կողմից նոր պաշտպան ներգրավելու դեպքում վերջինս հնարավորություն ունենա ծանոթանալու 5 հատորանոց քրեական գործի նյութերին:
Հիշեցնենք, որ սույն գործով Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 1-ին հերթափոխի նախկին մաքսային տեսուչ Հարություն Խաչատրյանին, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային նախկին տեսուչ Վահե Ասլանյանին, նախկինում ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի 1-ին կարգի մասնագետ Համբարձում Դավթյանին, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային նախկին տեսուչ Խաչիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով:
Նկատենք, որ այս գործով բարձրացած հասարակական աղմուկից հետո մամուլի եւ հանրության ուշադրությունը դրա հանդեպ մարել է: Միակ լրագրողը, որ լուսաբանում է այդ դատը, «Ժողովուրդ» օրաթերթի Տավուշի թղթակիցն է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս