ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի տարի է, ինչ տեսախցիկների, արագաչափերի կողմից արձանագրված խախտումների արդյունքում օտարերկրյա, մասնավորապես ռուսական համարանիշներ ունեցող վարորդները տուգանքներ չեն վճարում: Ըստ ՀՀ ճանապարհային ոստիկանության` տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներով ներկայումս վարչական վարույթ չի իրականացվում: Պատճառն այն է, որ համապատասխան տեխնիկական հնարավորություններ չկան: Ի դեպ, օտարերկրյա համարանիշներով վարորդները չեն վճարում նաեւ կարմիր գծերում կայանելու համար արձանագրված խախտումների տուգանքները:  

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ ահազանգեր է ստանում վարորդներից: Երեւանի փողոցները «լցվել են» ռուսական համարանիշներ կրող ավտոմեքենաներով, որոնց վարորդները վարում են, ինչպես ցանկանում են, քանի որ տեսախցիկների եւ արագաչափերի արձանագրած խախտումները չեն վճարում:Հիշեցնենք, որ դեռեւս 2015 թվականին ռուսական համարանիշներով վարորդների թույլ տված խախտումների մասին խոսել է նաեւ Սերժ Սարգսյանը: Նա այն ժամանակ խիստ հրահանգ էր տվել` ապահովել, որպեսզի երթեւեկության բոլոր մասնակիցները հավասար չափով պատժվեն թույլ տված խախտումների համար: Իսկ ի՞նչ է արվել այդ հրահանգից հետո մինչ օրս: Փաստացի ոչինչ:Հայ վարորդների պատմելով՝ այդ «օրենքից դուրս» ավտոմեքենաների պատճառով երթեւեկության ընթացքում պարբերաբար վթարային իրավիճակներ են առաջանում: Ռուսական համարանիշներով մեքենաների վարորդները՝ օգտվելով առիթից, որ իրենց խախտումները «չեն ֆիքսվում», երթեւեկության կանոնները բացահայտ խախտելով՝ իրենց արտոնյալ են զգում: Բանն այն է, որ ռուսական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդները տուգանվում են ՀՀ ճանապարհային ոստիկանի կողմից միայն այն դեպքում, երբ նկատվում է կոնկրետ վայրում կոնկրետ խախտում: Բայց դա այնքան էլ հաճախ չի լինում, քանի որ տեսուչները միշտ չէ, որ հայտնվում են ճիշտ ժամանակին ճիշտ տեղում: Իսկ ՀՀ քաղաքացին նույն խախտման համար խիստ պատասխանատվության է ենթարկում: Իհարկե, հասկանալի է, որ այսօր Հայաստանում ռուսական համարանիշներով մեքենաներ հիմնականում վարում են ՀՀ քաղաքացիները:

«Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը արձանագրել է, որ ռուսական համարանիշներով ավտոմեքենաները հիմնականում թանկարժեք են: Դժվար չէ ենթադրել, որ նման թանկարժեք ավտոմեքենաներ վարելու հնարավորություն ունեն միայն հարուստները, եւ բնականաբար ռուսական համարանիշներով իրենք իրենց ավելի արտոնյալ են զգում` արագաչափերի, տեսախցիկների կողմից լուսանկարվելով, ճանապարհային երթեւեկության կանոները խախտելով, մյուս վարորդների նյարդերի հաշվին երթեւեկելով: Ու ստացվում է, որ տուգանքներ վճարում են միջին եւ ցածր խավի ներկայացուցիչները, ունեւորները էլի արտոնյալ են մնում ու հնար գտնում՝ տուգանքներից խուսափելու:

Տեղեկացնենք, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը արդեն մի քանի տարի է, ինչ պայքարում է օտարերկրյա պետհամարանիշներով ավտոմեքենաների իրավախախտումների դեմ: Տեւական ժամանակ է, ինչ խոսվում է համակարգ ներդնելու մասին, բայց այդպես էլ դա իրականություն չի դառնում: Հարցին` ինչո՞ւ է ուշանում համակարգի ներդրումը, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Հիմնական տեխնիկական խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է պարզել այլ երկրի տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ տվյալները: Այդ նպատակի համար ստեղծվել է սահմանային անցակետերի էլեկտրոնային տվյալների համատեղ համակարգ: Մինչեւ տարեվերջ տեխնիկական հնարավորություններ ստեղծելու գործընթացն ավարտին կհասցվի, եւ արդյունքում այլ երկրների հաշվառման համարանիշներով տրանսպորտային միջոցներով թույլ տրված իրավախախտումների փաստերով կկայացվեն վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ»: Տեսնենք, թե ինչքանով կյանքի կկոչվեն տարիներ շարունակ հնչած խոստումները:

Հ.Գ. Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը ոստիկանապետ աշխատելու տարիներին պայքարում էր վրացական համարանիշներով ավտոմեքենաների դեմ եւ հասավ այն արդյունքին, որ դրանք պակասեցին ու գրեթե չկան:  

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Այս տարվա 8 ամիսների ընթացքում Հայաստանի մարզերի, այլ գերատեսչությունների եւ մասնավոր ներդրողների կողմից տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն է ներկայացվել թվով 175 ներդրումային ծրագիր: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ ծրագրային հայտերը առնչվում են թեթեւ արդյունաբերության զարգացման, գյուղատնտեսական մթերքի վերամշակման, զբոսաշրջության զարգացման, հանքարդյունաբերության, վերականգնվող էներգիայի արտադրության, անասնապահության, մետաղագործության, մեքենատրակտորային կայանների ստեղծման ոլորտներին: Ի դեպ, թվով 108 ծրագիր հստակեցվել են ներդրողների հետ, քննարկվել ու ներկայացվել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների ու գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաեւ կենտրոնական բանկի քննարկմանը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ քննարկված թվով 108 ծրագրերից հավանության են արժանացել թվով 58 ծրագրեր, որոնցից 18-ը հրաժարվել է առաջարկվող տոկոսադրույքով (12 տոկոս)  տրամադրող վարկից, 10-ը` ակնկալում է միայն դրամաշնորհ, 5-ը` ազատ գրավի առարկա չունի, 11-ը` հրաժարվել է այլ պատճառներով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 15-ը ֆինանսավորվել է. նրանց տրվել է շուրջ 422 մլն դրամ արժողությամբ վարկային միջոցներ: Իսկ ահա 60 ծրագիր ներկայումս գտնվում է ներդրողների, ինչպես նաեւ գերատեսչությունների հետ քննարկման փուլում` աջակցության տրամադրման նպատակով վարկային փաստաթղթերի եւ գրավադրվող գույքի հստակեցման, ինչպես նաեւ հողի նշանակության փոփոխության գործընթացներում:

 

 

ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ Երեւանի վարչական շրջաններում այս տարվա օգոստոսին, հուլիսի համեմատ, բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական գները պահպանվել են: Միայն Դավթաշեն վարչական շրջանում է թանկացում նկատվել. այս դեպքում եթե հուլիսին Դավթաշենում բնակարանների մեկ քմ-ն արժեցել է 250 հազար դրամ, ապա օգոստոսին այն կազմել է 251 հազար 500 դրամ: Այսինքն՝ Դավթաշենում բնակարանի մեկ քմ-ի սակագինը բարձրացել է 1500 դրամով: Բայց նկատենք, որ այս տարվա օգոստոսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Երեւանի մի քանի վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի բնակարանների մեկ քմ-ի գները բարձրացել են, իսկ մի քանիսում` էժանացել: Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում այս տարվա օգոտոսին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 452 հազար 800 դրամ, իսկ ահա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 428 հազար 250 դրամով: Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում Կենտրոն թաղամասում բնակարանները թանկացել են 24 հազար 550 դրամով: Իսկ ահա Արաբկիր վարչական շրջանում պատկերը հակառակն է. այստեղ մեկ տարվա ընթացքում բնակարանները էժանացել են 14 հազար 850 դրամով:

 

 

 

ՇՈՒՐՋ 15.5 ՄԼՆ ԴՐԱՄ` ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԴԻՄԱՑ

«Ժողովուրդ» օրաթերթը բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից տեղեկացավ, որ անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է թվով 60 բնապահպանական իրավախախտում: Ինչի հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 15 մլն 551 հազար 500 դրամ: Նշենք, որ տարածքային ստորաբաժանումների կողմից կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ձեռքբերված փայտանյութի տեղափոխման 47 դեպք,  մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք, խեցգետնի, ձկան ապօրինի որսի 5 դեպք, հողի օգտագործման եւ պահպանման պահանջների խախտման 2 դեպք: Ըստ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի` արձանագրված թվով 60 իրավախախտումների դեպքերից 16-ով անցկացվել է քննություն, որոնցով նշանակվել է 960 հազար դրամի չափով վարչական տուգանք: Իսկ 2 գործերով հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին` քրեական գործ հարուցելու հարցի քննարկման վերաբերյալ, 3 վարչական գործերով նշանակված տուգանքների եւ հասցված վնասների բռնագանձման համար գործերը ներկայացվել են արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն: Նշենք, որ 39 գործեր գտնվում են ընթացքի մեջ:

 

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐ Է ԳՆԵԼՈՒ

Հայաստանի կառավարությունը Ազգային ժողովին հատկացրել է 5.5 մլն դրամ: Նշված գումարով ԱԺ-ն մտադիր է վարչական սարքավորումներ գնել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ միայն 2,5 մլն դրամով նախատեսվում է գնել աշխատավայրի անվտանգության ապահովման սարքեր: Տեղեկացնենք, որ Ազգային Ժողովի եւ «Կոնսէլ» ՍՊԸ-ի միջեւ այս տարվա մայիսի 17-ին պայմանագիր է կնքվել աշխատավայրի անվտանգության ապահովման սարքեր ձեռք բերելու նպատակով: Ի դեպ, ԱԺ-ն առաջարկում է այդ գումարը հատկացնել 2017 թվականի պետական բյուջեով «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի եւ պատգամավորների պահպանում» ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր եւ հագուստ», «Հատուկ նպատակային այլ նյութեր», «Կենցաղային եւ հանրային սննդի նյութեր» եւ «Գյուղատնտեսական ապրանքներ» հոդվածներով նախատեuված գումարներից նվազեցնելու հաշվին:




Լրահոս