«ԵՐԵՔ ՏԱՐԻ ԵՍ ԴԺՈԽՔԻ ՄԻՋՈՎ ԱՆՑԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերվարածները», «Բանակում», հեռուստասերիալներից, «Yere-1» հեռուստանախագծից հայտնի դերասան Սեպուհ Ապիկյանը, ով այժմ նկարահանվում է «Անուղղելիները» սերիալում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսել է տարիներ առաջ ավտովթարի ենթարկվելու պատճառով ի հայտ եկած առողջական խնդիրների մասին, անդրադարձել հանրության շրջանում իր անձի շուրջ հյուսված խոսակցություններին՝ հանդես գալով պարզաբանումներով:

-Սեպո՛ւհ, հեռուստադիտողները սովոր են տեսնել Ձեզ կատակերգական դերերում, սակայն «Հատուկ բաժին» հեռուստասերիալում Ձեր ունեցած դերակատարությունը, օրինակ, ցույց տվեց, որ Դուք բազմապրոֆիլ դերասան եք եւ հաջողությամբ կերտում եք նաեւ այլ բնույթի կերպարներ։ Ի՞նչ եք կարծում՝ Ձեր դաշտում այսօր ստեղծվա՞ծ են պայմաններ, որոնք թույլ կտան դերասանին դրսեւորվել տարբեր ռակուրսներից։
-Այդ հնարավորությունները, միանշանակ, չկան։ Նախ՝ նախագծերի բյուջեն է սուղ, երկրորդ՝ դերասան հասկացությունն է արժեզրկվել։ Ես չէ, որ պետք է ասեմ՝ փողոցից ինչ-որ մարդկանց են հավաքում, բերում, նկարահանում, անունն էլ դնում դերասան։ Ոչ միայն ես, այլեւ, առհասարակ, մի շարք այլ դերասաններ այսօր պարզապես դոփում ենք տեղում, առաջընթաց չունենք։ Բայց չէ՞ որ կա տարիքային գործոնը։ Երբ երիտասարդ ես, ոգեւորված ես, ձգտումներ ունես, հավատ ունես, որ որեւէ բան կփոխվի, բայց քառասունից հետո հոգնում ես այդ վիճակից։ Ես, օրինակ, շատ կուզեի, որ որակյալ ֆիլմեր հաճախ նկարվեին մեր երկրում։ Ամենաշատը նեղվում եմ դաշտում տիրող ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներից։
-Երբ Հանրային հեռուստաընկերությամբ մեկնարկեց «Հոսանքին հակառակ» դետեկտիվ ֆիլմաշարը, որն իր բնույթով նման է «Հատուկ բաժին» ֆիլմաշարին, հեռուստադիտողներից շատերի մոտ հարց ծագեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ Դուք չեք խաղում այնտեղ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ «Հատուկ բաժնում» գլխավոր դերերից մեկում էիք։
-Գիտեք՝ այդ հարցին ես չէ, որ պետք է պատասխանեմ։ Համենայն դեպս, ես այդ ֆիլմաշարում հանդես գալու առաջարկ ոչ ոքից չեմ ստացել։Տեղեկություն էլ չունեմ դրա մասին, չեմ հետեւում։
-Նախկինում աշխատել եք Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոններում: Հիմա ինչո՞ւ Ձեզ որեւէ թատրոնում չենք տեսնում:
-Անկեղծ ասած՝ թատրոնում հանդես գալու մեծ ցանկություն ունեմ, բայց այսօր թատրոններում էլ տեղ չկա, բոլոր տեղերը զբաղված են։ Բացի այդ՝ դժվար է նկարահանվել սերիալում եւ դրան զուգահեռ խաղալ թատրոնում։ Իսկ ես ոչինչ չեմ ուզում անել մեկը մյուսի հաշվին։
-Հիշում եմ, որ տարիներ առաջ՝ ավտովթարի ենթարկվելուց հետո Դուք, լինելով սրտնեղած, գրառումներ էիք կատարում սոցցանցերում։ Հիմա Ձեր առողջական վիճակն ինչպե՞ս է։
-Դրանից հետո շուրջ երեք տարի ես դժոխքի միջով անցա։ Հիմա, փառք Աստծո, ամեն բան արդեն հաղթահարել եմ։ Առողջական խնդիրները, որոնք առաջացան վթարից հետո, ինձ հանգիստ չեն տալիս մինչ օրս, բայց արդեն հարմարվել եմ դրանց հետ։ Մինչեւ օրս էլ ցավեր ունեմ։
-Ձեր գրառումներից ոմանք այնպիսի տպավորություն ունեին, որ Ձեր կողքին ոչ ոք չկար, Դուք միայնակ էիք։ Սկսվեցին խոսակցություններ պտտվել նաեւ այն մասին, որ Դուք ամուսնալուծվել եք։ Գուցե՞ ժամանակն է, որ մեկնաբանե՞ք այս լուրերը։
-Հնարավոր է, որ ինչ-որ ժամանակահատվածում իսկապես սրտնեղած եմ եղել, բայց դա չի նշանակում, որ անձնական կյանքում խնդիրներ եմ ունեցել։ Ինձ համար արդեն սովորական են դարձել նման մեկնաբանությունները։ Տեսեք՝ համացանցում այսօր ինչ է կատարվում. ում մտքով ինչ անցնում է՝ գրում է՝ առանց իմանալու ինքը ճիշտ է, թե ոչ։ Բայց չէ՞ որ մենք էլ մարդ ենք, քարից չենք, կարող ենք տրամադրությունների փոփոխություն ունենալ, որը ամենեւին էլ կապված չլինի անձնականի հետ։ Բոլոր հետաքրքրասերներին ասեմ, որ չեմ ամուսնալուծվել, ամեն բան կարգին է, ապրում եմ կնոջս եւ երեխաներիս հետ։

Զրուցեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ

 

 

 

 

«ԵՍ «ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ» ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՄ ԱՆԵԼՈՒ»

Երգիչ Վրեժ Կիրակոսյանը «X-Factor» երաժշտական նախագծի առաջին եթերաշրջանում հաղթելուց հետո որոշ ժամանակ երեւաց ասպարեզում եւ անհետացավ։ Դասական ժանրի ներկայացուցչի երկրպագուները, սակայն, շարունակում են հետաքրքրվել նրա կարիերայով եւ ահազանգում են՝ ո՞ւր է կորել Վրեժը եւ ինչո՞վ է այժմ զբաղված։

Վրեժը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ աշխատում է Երեւանի մշակույթի պետական քոլեջում, նաեւ վերջին շրջանում ժամանակի զգալի մասը նվիրում է ընտանիքին, այդ է պատճառը, որ ակտիվ գործունեություն չի ծավալում։ Իր պասսիվությունը Վրեժը պայմանավորում է նաեւ Հայաստանում համերգային ծրագրերի սակավությամբ։ Ամեն դեպքում, վերջին շրջանում Վրեժը ժամանակ է գտել երգարվեստի համար, ավելին՝ շուտով նա հանդիսատեսի դատին կներկայացնի նոր տեսահոլովակներ։
Հարցին, թե արդյոք կշարունակի հանդես գալ դասական ժանրում, երգիչը պատասխանեց. «Միանշանակ, ես իմ ոճին չեմ դավաճանի, թեեւ դասական երաժշտությունը Հայաստանում դեռեւս հարգի չէ, այն պրոպագանդվում է միայն օպերային արվեստ ներկայացնելու միջոցով, բայց չէ՞ որ դրանից զատ կա կամերային երաժշտություն, հոգեւոր երաժշտություն. այս առումով, սակայն, մեր բացթողումները շատ են։ Ինչո՞ւ պետք է Աննա Մայիլյանը քաղաքային ֆոլկլորի ներկայացուցիչների վաստակածի 5 տոկոսն էլ չաշխատի»։
Անդրադառնալով մշակույթի պետական քոլեջի գործունեությանը՝ Վրեժը տեղեկացրեց, որ քոլեջը «Սլավյանսկի բազար» մրցույթում Հայաստանը ներկայացնելու, մասնավորապես նախընտրական փուլը կազմակերպելու հնարավորություն է ստացել։ Հարցին, թե կոնկրետ ով կներկայացնի Հայաստանը, Վրեժը պատասխանեց, որ մասնակիցը, հավանաբար, կընտրվի հետուստատեսային մրցույթի միջոցով։
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Վրեժն ինքը ցանկություն ունի՞ արդյոք մասնակցելու որեւէ մրցույթի. «Գիտեք՝ ես արդեն տարիքով մի փոքր մեծ եմ, ամեն մրցույթի չէ, որ կարող եմ մասնակցել։ Այդ առումով ինձ համապատասխանում է «Եվրատեսիլը», սակայն այդ մրցույթին մասնակցելու ցանկություն չունեմ, այն ինձ համար չէ, այդ մրցույթում ես ոչինչ չունեմ անելու եւ ասելու, այնտեղից էլ ոչինչ չունեմ վերցնելու»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 




Լրահոս