Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ այցելել է «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «ԱրմՊրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում էին գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերություններ Հայաստանի Հանրապետությունից եւ Արցախից: Դատելով լուսանկարից՝ կարելի է կարծել, որ նա հավանության է արժանացրել Ռոզա Ծառուկյանի կողմից ներկայացված ապրանքատեսակները:
ՀԱՐՑ. Աղջիկս 3-րդ կարգի հաշմանդամ է: Խնդրում եմ ասեք՝ ուսումնական հաստատություն ընդունվելիս նա կարո՞ղ է որեւէ արտոնությունից օգտվել, թե՞ ոչ:
Լիլիթ Հունանյան (47 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հունանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամները եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխան այլ հավասար պայմանների դեպքում օգտվում են պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ ընդունվելու առաջնահերթ իրավունքից` վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հաշմանդամություն ունեցողների թիվը 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 205166, որոնցից 8.177-ը հաշմանդամ երեխաներ են եղել:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ծառայողական քննության ընթացքում զննություններն ինչպե՞ս են անցկացվում: Եվ, ընդհանրապես, ի՞նչ նպատակով են զննություն անցկացնում:
Տիգրան Հունանյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ծառայողական քննության ընթացքում ծագած առանձին հարցերի պարզաբանման, ինչպես նաեւ պաշտոնական փաստաթղթերում եղած տեղեկություններն ամրագրելու եւ դրանց պատճենները ծառայողական քննության նյութերին կցելու անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայողական քննություն վարողը լիազորված է կատարելու փաստաթղթերի, առարկաների, աշխատավայրի զննություններ, որոնց կապակցությամբ կազմվում են գրավոր արձանագրություններ:
Զննություն կատարվում է նաեւ այն դեպքերում, երբ ուսումնասիրության ենթակա փաստաթղթերի ամենօրյա օգտագործման անհրաժեշտությունից, մեծածավալությունից ելնելով՝ նպատակահարմար չէ դրանք կցել ծառայողական քննության նյութերին:
Զննության արձանագրություն է կազմվում նաեւ այն դեպքերում, երբ կողմերը ներկայացնում են իրենց կողմից նշված փաստարկները հիմնավորող փաստաթղթեր եւ առարկաներ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերը կարող են միջնորդություններ ներկայացնել ծառայողական քննություն անցկացնելու կարգով նախատեսված գործողություններ կատարելու, ինչպես նաեւ քննության նյութերին իրենց դիմումը հիմնավորող գրավոր փաստական տվյալներ կցելու, դրանց ընթացք տալու վերաբերյալ: Ի դեպ, ծառայողական քննության մեծածավալության կամ այլ անհրաժեշտությունից ելնելով՝ խորհուրդը կարող է որոշում կայացնել ծառայողական քննության ժամկետը մինչեւ 15 oր տեւողությամբ երկարացնելու մաuին: