«168 ժամ» թերթը գրում է. «ԵՄ-ն թեժ և երկար քննարկումների արդյունքում Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համար վերջին որոշումներն է կայացրել: Օրեր առաջ Եվրոպական խորհուրդը քաղաքական երեք կարևոր որոշում է կայացրել, որոնք նշանակում են, որ ԵՄ-ն քաղաքականապես պատրաստ է համաձայնագրի ստորագրմանը: «168 ժամի» տեղեկություններով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ճանապարհին Եվրամիության կողմից քաղաքական խոչընդոտներ չկան:
Մեր վստահելի աղբյուրների փոխանցմամբ, սակայն, չի բացառվում, որ առաջանան որոշ տեխնիկական և ընթացակարգային բնույթի խնդիրներ, որոնք գուցե լուծվեն առաջիկա օրերին կամ մինչ Բրյուսելում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, մինչ տարեվերջ կամ մինչև հունվար ամիսը: Հստակ ժամկետներ նույնիսկ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները չեն կարողանում նշել, որովհետև ընթացակարգերի պատասխանատուները ԵՄ անդամ երկրներն են:
Եվրամիությունում նաև չեն կարծում, որ այս ձգձգման արդյունքում կամ ինչ-ինչ այլ պատճառներով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի ստորագրվի, քանի որ կազմված համաձայնագիրը Հայաստանի համար «մեծահոգի» են որակում, ավելի, քան ՀՀ իշխանություններն էին ակնկալում, և կարծում են, որ այս անգամ ևս Հայաստանի հրաժարումը քաղաքական ինքնասպանություն կլինի»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: