Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում. երկուսին էլ մենք պատրաստ ենք. Սերժ Սարգսյանը` ԼՂ հակամարտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին, որն սկսվել է ՊԱՀՀ-ի «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» թեմայով վերապատրաստման գերատեսչական փորձնական դասընթացով: Ավագ սպայական և քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն և գլխավոր կազմի համար ուսումնական այս փուլում իրականցվող ծրագիրը մեկնարկել է Նախագահ Սերժ Սարգսյանի դասախոսությամբ: Նիստին մասնակցել են պաշտպանության նախարարը, ՊՆ և Զինված ուժերի բարձրագույն ղեկավար կազմը, ՊԱՀՀ-ի գիտնական-վերլուծաբանները: Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարածաշրջանային մարտահրավերներին, Հայաստան-սփյուռք համագործակցությանը:

«Հարգելի՛ գործընկերներ, Տարօրինակ կլիներ, եթե չանդրադառնայի Հայաստանի շուրջ ձևավորվող ռազմավարական իրավիճակին: Ընդհանուր իրավիճակը գնահատում եմ կայուն, սակայն այդ կայունությունը փխրուն է և լի բազմաթիվ անկանխատեսելի հանգամանքներով: Մեր սահմաններից ոչ շատ հեռու ծավալվում են լրջագույն ռազմաքաղաքական գործընթացներ, որոնց մենք ուշի-ուշով հետևում ենք: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ իմ սկզբունքային մոտեցումները վերջերս ներկայացրել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից: Այնտեղ ասածներս այժմ նորից այստեղ կրկնելու կարիքը չեմ տեսնում: Ցանկանում եմ, այնուամենայնիվ, ընդգծել մի քանի հանգամանք:

Առաջին՝ այս փուլում մենք Արցախում ռազմական խնդիր լուծելու կամ դնելու նպատակ չունենք: Արցախի քաղաքացիական բնակչությունը հակառակորդի անխտրական կրակից պաշտպանելու խնդիրը մենք հիմնականում արդեն լուծել ենք և լուծել ենք վաղուց : Խնդրի խաղաղ կարգավորումը, ի թիվս այլ պայմանների, պետք է իսպառ բացառի որևէ ռազմական սպառնալիք Արցախի խաղաղ բնակչության հանդեպ: Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկապես, չունի ռազմական լուծում: Ուստի, հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով: Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք»,- իր ելույթում նշել է Սերժ Սարգսյանը:




Լրահոս