Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին, որն սկսվել է ՊԱՀՀ-ի «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» թեմայով վերապատրաստման գերատեսչական փորձնական դասընթացով:
Նախագահ Սերժ Սարգսյանը Պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում դասախոսություն է կարդացել, որում անդրադարձել է ադրբեջանցի պաշտոնյաների մեղադրանքներին, թե ինքը խախտել է պայմանավորվածությունը և Ժնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր առանձնազրույցից մանրամասներ է հրապարակել։
«Ինձ համար անկեղծորեն շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ ժնևյան բանակցություններից հետո ադրբեջանական կողմը մի հատուկ չարությամբ փորձում է շեշտել, որ ես ինչ-որ պայմանավորվածություններ եմ խախտել: Անկեղծորեն տարօրինակ է, և ես մեր հաջորդ հանդիպմանը շատ անհամբեր սպասում եմ, որպեսզի իմ գործընկերոջը հարցնեմ, թե ինչն է նրանց զայրացրել:
Ընդ որում՝ խոսում են մարդիկ, ովքեր, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չպետք է լինեն մեր խոսակցությանը, որովհետև մենք երկուսով ենք խոսել, և եթե մենք պայմանավորվածություն ենք ունեցել որևէ մեկին չասելու, ապա ինչպես են իր օգնականները, կամ, չգիտեմ, տեղակալները և այլն, թեմային ծանոթացել: Ձեզ հավատացնում եմ՝ մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որևէ տեղ չեմ ասել:
Իսկ ի՞նչ եմ ասել Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը՝ ես ասել եմ, որ որևէ հայ ղեկավար չի կարող փաստաթուղթ ստորագրել, որը խաթարելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանից դուրս պետք է լինի: Եվ երրորդ՝ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ է մտահոգված իր զինվորների անվտանգությամբ և զոհվելով: Այսինքն՝ այստեղ որևէ նոր բան կա՞: Ես կրկնել եմ այն, ինչ 20 տարի ասում եմ, ինչ 25 տարի մենք խոսում ենք: Այսինքն, եթե որևէ մեկին թվում էր, թե եթե մենք Ժնևում բանակցել ենք, ասել ենք և հայտարարություն ենք ընդունել, որ լարվածությունը պետք է թուլանա՝ դա չի նշանակում, որ Ղարաբաղի անկախության ձգտումն էլ պետք է թուլանա: Անկեղծ ասած, ինձ համար շատ տարօրինակ է»,– ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: