«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ կոմպոզիտոր Վահան Արծրունու «Մաշտոց-Կոմիտաս» համերգային ծրագիրը, որը պետք է կայանար սեպտեմբերի 29-ին Զվարթնոց տաճարում, չեղարկվել էր: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կասեցրել էր համերգի կայացումը` ձեւակերպելով, թե համերգը համաձայնեցված չի եղել մշակույթի նախարարության հետ: Իսկ ահա համերգի կազմակերպչական հարցերով զբաղվող «Շարմ Հոլդինգ» ընկերությունը մատնանշել էր համերգի չեղարկման երկու պատճառ` օդերեւութաբանների կանխատեսումներն ու ոչ բավարար քանակով տոմսերի վաճառքը։
Վերջերս, սակայն, Վահան Արծրունին հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, որ իր մասնագիտական գործունեությունը եւ ստեղծագործության տարածման իրավունքը խոչընդոտվում են Հայաստանում՝ պետական ատյանի կողմից. «Իմ սկզբունքային քննադատական դիրքորոշումը, խիստ դիտարկումները, օբյեկտիվ բնութագրությունները եւ երկու համերգային նախաձեռնությունների փաստացի տապալումը սերտորեն կապված են, մեկը մյուսի հետեւանք են եւ վկայում են իմ հանդեպ մշակույթի նախարարության որոշակի քաղաքականության եւ հատուկ վերաբերմունքի «հետեւողական եւ ծրագրային» բնույթի մասին»,-շեշտել էր երգահանը։
Դրանից հետո մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տարածեց հայտարարություն՝ Վահան Արծրունուն եւ «Շարմ» ընկերությանը հրավիրելով նախարարություն. «Վահան Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանությունները վերջին օրերին անցել են վիրավորանքի բոլոր սահմանները, ուստի հարկ եմ համարում մեկ անգամ եւս հրապարակավ բարձրաձայնել, որ ո՛չ մշակույթի նախարարությունը, ո՛չ էլ նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ը նրա համերգի կազմակերպման, բնականաբար նաեւ հետագա ճակատագրի հետ որեւէ առնչություն չեն ունեցել։ Հնչած բոլոր մեղադրանքները, որակումները, ենթադրություններն ու մեկնաբանությունները բացարձակ սուտ են եւ բանսարկություն,- ասված էր հայտարարության մեջ,-համերգի հեղինակ Վահան Արծրունուն եւ համերգի կազմակերպիչ «Շարմ» ընկերությանը հրավիրում եմ նախարարություն՝ լրագրողների ներկայությամբ դեմ առ դեմ միասին զրուցելու, փաստերով բացահայտելու համերգի չկայանալու պատճառներն ու մեղավորին»:
«Ժողովուրդ»-ը Վահան Արծրունուց հետաքրքրվեց՝ ինչ կարծիքի է նախարարի հայտարարության մասին եւ արդյոք պատրաստվում է այցելել նախարարություն՝ անցկացնելու քննարկում. «Ես ինչո՞ւ պետք է գնամ նախարարություն, եթե սեպտեմբերի 30-ին Արմեն Ամիրյանին առաջարկել եմ խնդրի տրամաբանական լուծում գտնել, բայց ապարդյուն։
Այսինքն՝ 25 օր սպասել են, որ նույն բանն ինձ առաջարկե՞ն։ Ես առաջարկել եմ սեպտեմբերի 28-ին բաց հանդիպում կազմակերպել մաս-մեդիայի ներկայությամբ եւ պարզել խնդրի էությունը։ Այդ ժամանակ նախարարի մամուլի խոսնակը չպատասխանեց իմ նամակին, իսկ Ամիրյանն էլ տվեց չինովնիկական պատասխան՝ դիմեք ընդհանուր կարգով։
Ես պահանջում էի գործի քննություն եւ մեղավորների պատժում, բայց պահանջս անարձագանք մնաց, չէ՞։ Հիմա, երբ ես խնդիրը տարա օրենսդրական դաշտ, երբ հասկացան, որ իմ հաջորդ քայլը Եվրոպական դատարան դիմելն է լինելու, որոշեցին նման առաջարկություն անել՝ հանդիպում, այն էլ որտեղ՝ նախարարությունում, որտեղից երկու անգամ մերժվել եմ։ Դրանից հետո ես գնա՞մ, նախարարի կաբինետում նստե՞մ։ Ես նախարարությունում ոչ մի հարց չունեմ պարզելու, իսկ հերթական դեմագոգիան լսելու ցանկություն չունեմ»,- պատասխանեց Վ. Արծրունին։
Ինչ վերաբերում է Ամիրյանի այն հայտարարությանը, թե Արծրունու չկայացած համերգի շուրջ մեկնաբանությունները անցել են վիրավորանքի բոլոր սահմանները, կոմպոզիտորը հակադարձեց. «Վիրավորանքների դաշտ անցավ ինքը՝ Ամիրյանը, երբ հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, թե համերգի շուրջ բարձրացված աղմուկը էժանագին փիար է։ Իսկ ահա իմ հայտարարության մեջ ես նույնիսկ չեմ տվել Ամիրյանի անունը, որովհետեւ անձնավորելու խնդիր չունեմ։ Խնդիրը համակարգային է»։
Վ. Արծրունին, ի դեպ, տեղեկացրեց, որ ո՛չ ինքը, ո՛չ «Շարմը» հետ չեն կանգնել համերգն իրականացնելու մտադրությունից. այն կկայանա դեկտեմբերին։
Անի Անտոնյան