Հոկտեմբերի 18-ին Ժնեւում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին լարված իրավիճակ է տիրում: Մի քանի ամիս տեւած ընդմիջումից հետո ադրբեջանական կողմն առաջին անգամ հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է արկեր եւ հրթիռ, ինչը տեղի ունեցավ հենց այդ հանդիպումից հետո: Մինչ այդ էլ սահմանին ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից հայկական կողմը նաեւ զոհ է ունեցել:
Մասնավորապես երեկ Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Ժնեւում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արեւելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ՝ հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ եւ «Սպայկ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:
Արցախի ՊՆ-ն նաեւ զգուշացրել է, որ լինելու է անհամարժեք ու ցավոտ պատասխան «սադրանքները շարունակվելու դեպքում»: «Սպայկ» հրթիռի կիրառման մասին հայտարարություն եղավ նաեւ ավելի ուշ:
Ի վերջո, ինչու այդ հանդիպումից հետո սահմանում կրկին լարվածություն տիրեց: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը:
-Պարո՛ն Եղիազարյան, Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո սահմանին զոհ ունեցանք, երեկ էլ շփման գծում Ադրբեջանը երկու անգամ «Սպայկ» հրթիռ է կիրառել: Սա ինչի՞ հետեւանք եք համարում:
-Գիտեք՝ Ալիեւն իրեն Բաքվում թույլ է տալիս տարբեր արտահայտություններ, թույլ է տալիս իրեն խոսել ուժի դիրքից: Չորս օրվա պատերազմից հետո ողջ Ադրբեջանով տարածում է լուրեր, որ հաղթարշավ էր եւ այլն: Կա ներքին քաղաքականություն, որը վարվում է երկրի համար, եւ կա արտաքին քաղաքականություն: Եվ դրանք, որպես կանոն, չեն համապատասխանում մեկը մեկին: Իսկ հրթիռի կիրառումը նշանակում է, որ կան ուժեր, որոնց ձեռք չի տալիս խաղաղ հանգուցալուծումը: Դա է խնդիրը:
-Ու՞մ նկատի ունեք այլ ուժեր ասելով:
-Ադրբեջանում մի շարք կոմիտեներ են ստեղծված, մի շարք ՀԿ-ներ կան: Ոչ միշտ է Ալիեւը հրահանգ տվողը: Նրան ձեռք չի տալիս այն իրավիճակը, որ ստեղծվում է: Բանակցային գործընթացը նախեւառաջ ակնկալում է խաղաղություն սահմանին: Հնարավոր չէ մի բան պայմանավորվել եւ հետո զոհեր ունենալ: Չէ՞ որ մենք զինվոր կորցրեցինք անմիջապես հաջորդ օրը: Իհարկե, դա նախագահ Ալիեւի հրահանգով չի լինում:
-Այսինքն՝ սա պատասխա՞ն էր այդ հանդիպմանը: Կարո՞ղ ենք այն ձախողված համարել:
-Չենք կարող միանշանակ ասել, որ տապալված է, քանի որ երբ ցանկացած հանդիպման ժամանակ լուրջ ինչ-որ բանի են հասնում, դրանից ինֆորմացիա չենք ունենում: Մենք լուսաբանման աստիճանով կարող ենք հասկանալ, թե որքան լուրջ են դրանք եղել:
-Այս պարագայում ինչպիսի՞ն պետք է լինի միջազգային հանրության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը:
-Մինսկի խումբը պետք է այդ ամենն ուղիղ գրանցի, որովհետեւ շատ կարեւոր է դա: Ադրբեջանցիները հասել են նրան, որ մեր հանդեպ 7 բանաձեւ է այսօր աշխատում՝ ի վնաս մեզ, մեզ են ագրեսոր համարում: Չորս անգամ որպես ագրեսոր բանաձեւել է ՄԱԿ-ում, երեք անգամ՝ ՆԱՏՕ-ում: Եվ այս ամենը պետք է ուղղակի ի ցույց դնել աշխարհին, ասել, թե իրականում ինչ է կատարվում: Հատկապես վերջին երկու տարվա ընթացքում մենք անընդհատ զինվորներ ենք կորցրել սահմանի վրա, չհաշված չորս օրվա պատերազմը:
-Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե պատասխանը լինելու է անհամարժեք եւ ցավոտ: Մեր կողմից ինչպիսի՞ գործողություններ պետք է լինեն:
-Մենք պետք է արդեն հայելային պատասխանենք նրանց գործողություններին: Նրանք պետք է ստանան արժանի հակահարված: Բանակցային այն գործընթացը, որ վարեց Ալիեւ-Սարգսյան զույգը, դրանից հետո զոհ ունենալը, նշանակում է ուղիղ պատասխաններ: Չեմ կարծում, որ դա Ալիեւի հրամանով է եղել, եւ այս վերջին հարձակումն էլ վկայում է այն մասին, որ նա մասամբ չի տիրապետում իրավիճակին: Իրադարձությունները զարգանում են իրեն կամքից անկախ:
-Հանդիպումից հետո ադրբեջանական կողմը Սերժ Սարգսյանին մեղադրեց արդյունքները հրապարակելու մեջ: Արդյո՞ք սա եւս մեկ պատասխան է:
-Ես Ձեզ ասացի՝ երկրների վարած արտաքին քաղաքականությունը մեծամասամբ չի համապատասխանում ներքին քաղաքականության հետ: Ներսում այլ քաղաքականություն է տիրում՝ ռազմատենչ, ոչ մի թիզ հող թշնամուն, իսկ արտաքին քաղաքականության մեջ՝ այլ: Դրանից են ազդվել նրանք, որովհետեւ իրենց պատկերացմամբ Ալիեւն իրեն այդպես չպետք է պահեր Ժնեւում: Ըստ իրենց քաղաքացիների եւ ռազմական գործիչների՝ նա իրեն այդպես չպետք է պահեր:
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը