Քաղբանտարկյալ Ժիրայր Սէֆիլյանի կոչից հետո ձեւավորված ազգային դիմադրության ճակատն այսօր իր հերթական նիստը կանցկացնի, որի ժամանակ վերջնական տեսքի կբերվի ընդունվելիք հռչակագրի տեքստը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նշեց, թե հռչակագրի տեքստը գրեթե պատրաստ է. այդ օրն այն մարդիկ, ովքեր չեն ծանոթացել տեքստին, կծանոթանան, որից հետո քննարկումները կանցնեն նոր փուլ:
«Չեմ կարող ասել՝ երբ կհրապարակվի, որովհետեւ պետք է քննարկվի՝ ինչպես, երբ հրապարակել, որովհետեւ ժամանակի ընտրությունը կարեւոր է: Մենք զուգահեռաբար ընդլայնված գործընթաց ենք սկսում, այսինքն՝ միաժամանակ հետագա անելիքներն ենք քննարկում: Դրանք փոխկապակցված են: Անպայման կհրապարակվի, սակայն ժամանակը կհստակեցվի», – նշեց Մակեյանը:
Նրա խոսքով՝ հռչակագրում ամրագրված են երկրում ստեղծված վիճակն ու խորհրդի նպատակները: «Հռչակագրում տրված է Հայաստանում ստեղծված իրավիճակի գնահատականը, մտահոգությունները, նաեւ մեզ սպասվող զարգացումներն ու նպատակները՝ ինչ պետք է արվի: Մենք ցանկանում ենք հասնել ամբողջ համակարգի փոփոխության», – հավելեց նա:
Պետրոս Մակեյանի խոսքով՝ գործողությունների պլանը կմշակվի հռչակագրի վերջնական ընդունումից հետո: «Գործողությունները հռչակագրում չկան, բայց նպատակները կան: Գործողությունները զուգահեռ քննարկվում են: Այլ փաստաթուղթ կլինի, դրանք հռչակագրի հետ փոխկապակցված են, բայց առանձին կլինի: Այդ ամենը դեռ քննարկման նախնական փուլում է, որեւէ բան դեռ ասել չեմ կարող», – հավելեց նա:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը չի ժխտում, որ ժողովուրդը հիասթափված է, բարդ է լինելու, բայց չի էլ կարծում, թե ամեն ինչ այսպես պետք է թողնել: «Իհարկե, բարդ է լինելու, բայց չպետք է մտածել, որ այդ վիճակն է ու ձեռքերը ծալել, նստել: Դա էլ ճիշտ չէ», – հավելեց նա:
Պետրոս Մակեյանը դժվարացավ ասել, թե, ի վերջո, գործողությունների ծրագիրն ու կազմակերպչական այլ հարցեր վերջնականապես կհստակեցվեն, սակայն ընդգծեց, որ ամեն ինչ սահուն գնում է, սակայն կարծիքները տարբեր են, եւ յուրաքանչյուր հարցի շուրջ կոնսենսուս ձեռք բերելը երկար ժամանակ է պահանջում:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սէֆիլյանը դիմել էր հասարակական-քաղաքական գործիչների՝ կոչ անելով համախմբվել եւ ստեղծել ազգային դիմադրության ճակատ: Ճակատի ստեղծման հետ կապված աշխատանքներն էլ նա վստահել էր Պետրոս Մակեյանին եւ Թամար Հովհաննիսյանին: Նշենք, որ Սէֆիլյանի կողմից հրապարակված ցուցակը բաղկացած էր 33 անունից, սակայն ընդհանուր առմամբ քննարկումներին մասնակցում է մոտ 20 հոգի: