Արագածոտնի մարզում գտնվող ՌԴ թիվ 102 ռազմաբազայի «Ալագյազ» հրաձգարանում տեղի ունեցած պայմանագրային զինծառայողի սպանության եւ ինքնասանության դեպքից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հասած լուրերի համաձայն՝ պայմանագրային զինծառայողների միջեւ վիճաբանությունը սկսվել է ռազմաբազայից դուրս գտնվող կրակային հրապարակում, որտեղ նրացից մեկը նախազգուշացրել է, որ կկրակի:
Երկու օր շարունակ համացանցում լուրեր էին պտտվում այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության ռուսական 102-րդ ռազմաբազայում երկու հոգի է սպանվել: Սակայն պաշտոնական աղբյուրները լռում էին ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմից: Միայն երեկ պաշտոնական հաղորդագրություն տարածեց Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հոկտեմբերի 23-ին ««Ալագյազ» հրաձգարանում վարժանքներից հետո զենքը հանձնելու ժամանակ պայմանագրային ծառայության զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոններն ու ոչ կանխամտածված կրակ բացել ինքնաձիգից՝ մահացու հրազենային վիրավորում հասցնելով մեկ այլ պայմանագրային զինծառայողի: Կատարվածից եւ ծառայակցի մահվան համար պատասխանատվությունից վախենալով՝ նա ինքնասպան է եղել», մասնավորապես նշված է հայտարարության մեջ: Տեղի ունեցածի մանրամասները պարզելու համար տեղում աշխատում է Հարավային զինվորական շրջանի հատուկ հանձնաժողովը:
Ըստ մամուլի հրապարակումների՝ մահացածը ՌԴ քաղաքացի, Հայաստանում տեղակայված ՌԴ-ում թիվ 102 ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, շարքային, 22-ամյա Ալեքսանդր Կռուգլովն է, ով նշված ռազմաբազայի «Ալագյազ» կրակադաշտի տարածքում հրազենային վիրավորում էր ստացել եւ ճանապարհին մահացել էր:
Չնայած Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել էր, թե պայմանագրային զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոնները, ինչի արդյունքում կրակել է մեկ այլ զինվորի վրա, իսկ ավելի ուշ վախենալով պատասխանատվությունից՝ ինքնասպան է եղել, սակայն ռազմաբազայում այլ լուրեր են շրջանառվում:
«Ժողովուրդ» օրաթերթին զինծառայողների հետ տեղի ունեցած ողբերգական դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, որոնք, անշուշտ, դեռ ճշտման կարիք ունեն: Մասնավորապես լուրեր կան, որ ռազմաբազայի երկու զինծառայողները միմյանց հետ վիճել են Ալագյազի սարերում, որտեղ նրանց համար պալիգոններ են պատրաստված, եւ զինվորները զորավարժություններ են իրականացնում:
Երկու զինծառայողների վիճաբանությունը, ամենայն հավանականությամբ, տեսել են նրա ծառայակից ընկերները: Ու տղաների վեճն այն աստիճան է թեժացել, որ պայմանագրային զինծառայողներից մեկը մյուսին սպառնացել է, թե կկրակի, իսկ մյուս պայմանագրային զինծառայողը ասել է, թե չի վախենում իր սպառնալիքներից: Այս խոսակցությունից հետո ռազմաբազայի պայմանագրային զինծառայողները միմյանց ասել են, թե կհասնեն զորամաս, որտեղ կլուծեն բոլոր հարցերը:
Դատելով կատարվածից՝ պայմանագրային զինծառայողները չեն սպասել մինչեւ պալիգոններից իջնեն: Նրանց միջեւ վիճաբանությունը կրկին թեժացել է, որից հետո, ըստ տարածված լուրերի, պայմանագրային զինծառայողը հենց պալիգոններից զորամաս տանող ճանապարհին կրակել է իր ծառայակցի գլխին, որից հետո մի քանի այլ կրակոցներ է արձակել իր մարմնի վրա:
Ասել է, թե ռազմաբազայի երկու զինծառայողների միջեւ վիճաբանությունը եւ, առհասարակ, կրակոցը հնչել է ռազմաբազայից դուրս: Ու մինչեւ նրանց պալիգոններից հասցրել են ռազմաբազա, նրանց կյանքը փրկել չի հաջողվել:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ ռազմաբազայում շատերը կատարվածից տեղյակ չեն, քանի որ զինվորների միջեւ տարաձայնությունը եղել է զորամասից դուրս, ուստի հատկապես վերնախավի համար կատարվածը մնում է անհայտ:
Ի դեպ, մեզ լուրեր հասան նաեւ, որ Հարավային զինվորական շրջանի հատուկ հանձնաժողովը փորձում է կատարվածի մանրամասները պարզել պալիգոններում երկու պայմանագրային զինծառայողների միջադեպին ներկա գտնված ծառայակիցներից: Հերթով բոլորին կանչում, զրուցում են:
Քնար Մանուկյան