Խորհրդարանական ընդդիմությունը երեկ կրկին մերժվածի կարգավիճակում էր: ԱԺ մեծամասնության՝ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ջանքերով ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած եւ հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած երեք նախագծեր այդպես էլ չհասան լիագումար նիստի օրակարգ: Ընդդիմության ներկայացուցիչները վարման կարգով ելույթ ունենալով՝ ամեն կերպ փորձում էին շահել մեծամասնության սիրտը, սակայն վերջիններս անդրդվելի էին:
Իսկ ինչ նախագծի մասին էր խոսքը: «Ելք» խմբակցությունը ցանկանում էր հստակեցնել, թե ովքեր կարող են առանց հատուկ թույլտվության այցելել կալանավորներին: Նրանք ցանկանում էին հստակեցնել, որ պատգամավորները կարիք չունեն թույլտվության՝ տեսակցելու համար: Իսկ «Ծառուկյան» խմբակցությունը նախագծերից մեկով առաջարկել էր նախաքննության ընթացքում տեսաձայնագրել հարցաքննությունը՝ բացառելով նրանց հարցաքննվողների հնարավոր խոշտանգումը: Իսկ մյուս նախագծով առաջարկում էին շրջանառության հարկի շեմն անփոփոխ թողնել, սակայն դա էլ չընդունվեց:
Ընդ որում, առաջին անգամ չէ, որ խորհրդարանական մեծամասնությունն այդպես մերժում է ընդդիմադիրների ներկայացրած նախագծերը: Ըստ «Պառլամենտ մոնիթորինգ» կայքի տվյալների՝ նախորդ՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության 5 տարիների ընթացքում ընդդիմադիր պատգամավորների հեղինակած նախագծերի ճնշող մեծամասնությունը քննարկման չի հասել. 10 նախագիծ ընդունվել է, 10-ը քննարկվել, 58-ն էլ օրակարգ չի մտել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այս առումով նկատեց. «Այս կառավարությունը բնավ օրիգինալ չէ եւ շարունակում է նախորդ կառավարությունների արատավոր ավանդույթը՝ կոնվեյերային սիստեմով մերժել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած առաջարկները»: Սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այլ տեսակետ ուներ. «Դինամիկան նայեք եւ կտեսնեք, որ լրիվ հակառակ պատկերն է», -նշեց նա: Սրան ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանը շարունակեց. «Եթե մի նախագիծ էլ ընդունում եք, դրական եզրակացություն եք տվել, դա չի նշանակում, որ պիտի մի հատ գրավոր շնորհակալություն հայտնենք, մի հատ էլ արտահերթ նիստ գումարենք՝ մեր շնորհակալությունն ավելի հանգամանալից ներկայացնելու համար»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը եւս անդրադարձավ ՀՀԿ-ականների պահվածքին՝ նշելով՝ եթե մեծամասնություն են, չի նշանակում, որ պետք է մշտապես մերժեն ընդդիմադիրներին: Սակայն նման հորդորները որեւէ նշանակություն չունեցան. սովորույթի համաձայն դրանք մերժվեցին:
Վստահ կարելի է ասել, որ չի բացառվում՝ բոլոր առաջարկները՝ փոքր-ինչ ձեւափոխված, ամիսներ անց կառավարությունը որպես սեփական նախաձեռնություն ներկայացնի ԱԺ-ին: