Արդեն մի քանի ամիս է՝ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող երկու նստարաններն ազատ են։ Այդ նստարաններին, կարելի է ասել, 3-4 տարի «տնավորված» Մկրտչյանների 4 հոգանոց ընտանիքն այլևս այնտեղ չէ։ Ընտանիքն ամառ-ձմեռ, ցրտին, անձրևին և արևին նստարաններին էր քնում, ուտում, կենցաղային հոգսերը հոգում՝ խուսափելով ինտեգրվել հայաստանյան կյանքին։
«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ նրանք մերժում էին օթևան և աշխատանք ունենալու բոլոր առաջարկներն ու տարբեր կառույցների կողմից նրանց՝ որպես Հայաստան վերադարձած միգրանտների, վերաինտեգրելու ծրագիրը։ Նստացույցի տեսքով նրանց բողոքը Ֆրանսիայի դեսպանատան դեմ էր։ Այդ երկրից վերադարձած ընտանիքն ամեն գնով փորձում էր կրկին վերադառնալ Ֆրանսիա, սակայն դեսպանատունը նրանց պահանջն այդպես էլ չէր բավարարում։
«Մկրտչյանների ընտանիքին կարելի է համարել որպես ամենաերկար նստացույց անողները։ Տեղեկացանք, որ չորս տարի համառ պայքարից հետո, սակայն, Մկրտչյաններն այդպես էլ Ֆրանսիայի դեսպանատնից դրական պատասխան չեն ստացել»,-գրել է թերթը։