ՀՀ վարչական դատարանի 35-ամյա դատավոր Անի Հարությունյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, պատկառելի ունեցվածք է կուտակել: Եւ սա ոչ թե նրա դատավոր լինելու արժանիքն է, այլ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ դուստրը լինելու փաստը: Նրա հայրը ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է: «Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ 7 հատ բնակարան ունի, հասարակական նշանակության երեք հատ շինություն եւ «Volkswagen» «Touareg 4.2» մակնիշի ավտոմեքենա:
Դատավորը երկու ընկերությունում ունի 27.9 մլն դրամի բաժնետոմս եւ 50 հազար դրամի բաժնեմաս: «Ժողովուրդ»-ը ուսումնասիրելով 35-ամյա դատավորի հայտարարագրերը՝ պարզեց, որ դրամական միջոցները տարիների ընթացքում փոփոխության չեն ենթարկվել: Այսպես՝ նա ունի 62 մլն դրամ, 350 հազար դոլար եւ 200 հազար եվրո: Եւ սա այն դեպքում, երբ որպես եկամուտ հայտարարագրած ամսական աշխատավարձը անցած տարվա ընթացքում կազմել է 538 հազար դրամ: Պարզվում է, որ դատավորի եկամուտը չի սկսվում եւ ավարտվում աշխատավարձով, նա վարձակալության դիմաց եւս գումար է ստացել, որը կազմել է 27.9 մլն դրամ:
Իսկ ահա նրա ամուսինը` Սերգեյ Ազարյանը, ներկայացրել է ընդամենը 2013 թվականի հայտարարագիրը, որտեղ նշված է, որ ունի 100 մլն դրամ եւ ստանում է 202 հազար դրամ: