Սերժ Սարգսյանի հայտարարության հետքերով. 59 քննիչ հեռացվել է վարույթից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, անդրադառնալով քննիչների եւ դատախազների համագործակցությանը, ասել էր. «Անշուշտ, դատախազության հետ համագործակցության արդյունավետությունը չի նշանակում մասնագիտական հարթությունում տարակարծությունների կամ անհամաձայնությունների բացառում: Օրենքը քննիչին տալիս է սեփական դիրքորոշումը պաշտպանելու մի շարք հնարավորություններ: Քննիչն անգամ կարող է գրավոր առարկել դատախազի ցուցումների եւ որոշումների դեմ, եւ դա շատ լավ է, դրական է: Սակայն առնվազն անհասկանալի է, երբ, օրինակ, կոնկրետ քրեական գործով դատախազի ցուցումները պարզապես անտեսվում են կամ տեւական ժամանակով չեն կատարվում:

Հատկապես անթույլատրելի է, երբ դա արվում է նեղ գերատեսչական շահերից ելնելով: Ես շատ լավ հասկանում եմ, որ լինում են գործեր, որոնցով դատախազները տալիս են ցուցումներ, որոնք առաջին հայացքից թվում են անտեղի կամ ավելորդ, բայց հավատացե՛ք, իսկ ես վստահ եմ, որ դուք ինձնից ավելի լավ եք դա գիտակցում, քրեական գործով ցանկացած մանրուք, նույնիսկ եթե դա անտեղի է, անհրաժեշտ է հաշվի առնել: Այս կառույցների պատշաճ համագործակցության նպատակը միայն կոնկրետ գործերով առաջացող հարցերի պարզաբանումը չէ: Այն առաջին հերթին կարեւոր է պետության համար էական նշանակություն ունեցող եւ իրավապահ ոլորտում միասնական պատասխանատվություն ենթադրող այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են մեղադրանքի ապացուցվածությունը, կալանքների հիմնավորվածությունը, տուժողների իրավունքների ապահովումը եւ այլն»:

????????????????????????????????????

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչու էր Սերժ Սարգսյանը բարձրաձայնել այս մասին: ՀՀ գլխավոր դատախազին ուղղված մեր հարցերին ստացանք դատախազության հանրային կապերի բաժնից ուղարկված գրավոր պատասխանը:

-Պարո՛ն դատախազ, երբ ՀՀ նախագահը մատնանշեց, որ. «Օրինակ՝ կոնկրետ քրեական գործով դատախազի ցուցումները պարզապես անտեսվում են կամ տեւական ժամանակով չեն կատարվում», ի՞նչ նախադեպ, հիմքեր ուներ: Արդյո՞ք Դուք դատախազների ցուցումների անտեսման մասին տեղյակ էիք պահել Սերժ Սարգսյանին, որ նա քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին բարձրաձայնեց այդ մասին:

-ՀՀ նախագահը օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու իր սահմանադրական իրավունքներն իրացնելու համար իրեն հասանելի աղբյուրներից ստանում է անհրաժեշտ տեղեկատվությունը, ձեւավորում դիրքորոշում, որի մեկնաբանությունը ՀՀ դատախազության իրավասություններից դուրս է:

-Այնուամենայնիվ, ցուցումներն անտեսելու քանի՞ դեպքեր են եղել եւ ո՞ւմ մասնակցությամբ:

-Միայն 2017թ. առաջին կիսամյակում դատախազների կողմից քրեական գործերով նախաքննության եւ հետաքննության մարմիններին տրվել է թվով 811 գրավոր ցուցում, որոնցից 30-ի կապակցությամբ ներկայացվել է գրավոր առարկություն: Վերադաս դատախազի կողմից բավարարվել դրանցից երկուսը:

-Քննիչ-դատախազ համագործակցության բացակայության ինչպիսի՞ դրսեւորումներ են եղել մինչ օրս, որի մասին խոսեց Սերժ Սարգսյանը, խնդրում եմ նշել, թե քանի՞ այդպիսի դեպքեր են եղել եւ ո՞ւմ մասնակցությամբ:

-Դատախազների, նախաքննություն եւ հետաքննություն իրականացնող անձանց իրավահարաբերությունները, հետեւաբար նաեւ համագործակցության շրջանակներն ու եղանակները, սահմանված են ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, այնպես էլ դատախազության, նախաքննական եւ օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների գործունեությունը կարգավորող օրենքներով, դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերով:
Վարույթի ընթացքում արձանագրվող՝ քրեադատավարական սուբյեկտների կողմից իրենց ծառայողական պարտականությունների (այդ թվում նաեւ վերոնշյալ իրավահարաբերություններին առնչվող) չկատարման կամ ոչ պատշաճ կատարման յուրաքանչյուր դեպք արժանանում է դատախազական ներգործության համարժեք արձագանքի, այդ թվում՝ իրականացվում է համապատասխան քննություն եւ պաշտոնատար անձանց գործողություններին տրվում է իրավական գնահատական՝ դրանից բխող պատասխանատվության միջոցների կիրառմամբ:

Մասնավորապես, 2017թ. առաջին կիսամյակում հետաքննություն եւ նախաքննություն իրականացնող անձանց կողմից թույլ տրված իրավախախտումների փաստերով ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ դատախազների կողմից ներկայացվել են 81 միջնորդություններ: 2017թ. առաջին կիսամյակում վարույթից հեռացվել է հետաքննություն եւ նախաքննություն իրականացնող 59 անձ:
Նույն ժամանակահատվածում դատախազների կողմից թույլ տրված առերեւույթ թերացումների փաստերով իրականացվել է 13 ծառայողական քննություն, որի արդյունքում հարուցված 5 կարգապահական վարույթով 2 անձի նկատմամբ կիրառվել է դիտողություն, 2 անձի նկատմամբ՝ նկատողություն կարգապահական տույժը:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս