Սերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունների հետքերով. ելույթի տողատակերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում Սերժ Սարգսյանի նախօրեի հայտարարություններն ուշագրավ էին: Ի տարբերություն ոստիկանության կոլեգիայի նիստում ունեցած ելույթի, երբ Ս. Սարգսյանն ամենակոշտ բառերով քննադատել էր իրավապահներին` մատնանշելով համակարգի թերությունները, ԶՈՒ խնդիրներին անդրադառնալիս ավելի մեղմ էր գտնվել: Չնայած, նկատենք, այստեղ էլ բավական խնդիրներ կան, որոնք տարիներ շարունակ այդպես էլ չեն լուծվում:


«Պետք է բարելավվեն զինվորական ծառայության պայմանները բոլորի համար՝ առաջին գծում կանգնած զինվորից մինչեւ հրամանատար: …Կարգապահությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի: …Ոչ կանոնադրային հարաբերությունները եւ անփութությունը պետք է իսպառ բացառվեն: Այդ պատճառով մենք կորուստներ չպետք է ունենանք: …Երեկ ես ոստիկանությունում հանդիպում եմ ունեցել եւ այդ հանդիպման ժամանակ կրկնել եմ այն, ինչ տարիների ընթացքում ասում եմ՝ եթե որեւէ կառույցի, որեւէ ստորաբաժանման, որեւէ հիմնարկի միջին եւ ստորին օղակները տեսնեն, որ այդ կառույցի, ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարությունը իրականության մեջ պայքարում է հոռի երեւույթների դեմ, որ նրա համար անընդունելի են, երբ տեսնեն, որ ղեկավարությունը ձգտում է նորին, միշտ ձգտում է փոփոխվել այս արագ փոփոխվող աշխարհում, ապա այնտեղ գործերը կստացվեն: Բայց երբ ներքեւներում, միջին օղակներում տեսան, որ միայն իրենցից պահանջում են, այն էլ ձեւական, իսկ ղեկավարությունը դա չի անում՝ ոչ մի բան էլ չի ստացվելու… Առաջին հերթին կոչ եմ անում հենց ձեզ. աչալուրջ լինել ձեր պարտականությունների կատարման ընթացքում, արմատախիլ անել կոռուպցիոն յուրաքանչյուր դրսեւորում»,- սրանք մեջբերումներ են ՊՆ-ում Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարություններից:

Ընդամենը մեկ օրվա տարբերությամբ Ս. Սարգսյանի տոնայնության նման կտրուկ փոփոխությունը պատահական չէր. առավել եւս, երբ ինչպես ոստիկանությունում, այնպես էլ զինված ուժերում քիչ չեն խնդիրները: Ճիշտ է՝ այս երկու կառույցներում առկա խնդիրները համեմատելի չեն, բայց փաստ է, որ երկու տեղում էլ վիճակը մտահոգիչ է: Իսկ թե այս ամենից հետո ինչո՞ւ է Ս. Սարգսյանը խիստ քննադատում ոստիկանությանը, իսկ ՊՆ-ի հանդեպ մեղմ, կարելի է ամենատարբեր ենթադրություններն անել:

Հիշում եք` պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ Վովա Գասպարյանը նշանակվելու է պաշտպանության նախարար: Դեռ մայիսին Վ. Գասպարյանն ասել էր, թե ինքը եկել է 60 տարով պաշտոնավարելու, իսկ ՀՀ անկախության օրը Եռաբլուրում ոստիկանապետը նույն միտքն էր կրկնել. «Գտնում եմ, որ բացարձակապես իմ տեղում եմ, 60 տարի հետո մի գուցե ուզենամ գնամ պաշտպանության նախարար, 60 տարի հետո»: Ու հիմա Ս. Սարգսյանի հայտարարությունները նրա խոսքերի անուղղակի պատասխանն էին, եւ անգամ կարելի է համարել ոստիկանապետի պաշտոնանկության նախապատրաստություն:

Ս. Սարգսյանի ելույթն ուշագրավ էր նաեւ Արցախյան խնդրի վերաբերյալ գնահատականների տեսանկյունից. Ս. Սարգսյանը երեկ խոսել է ԼՂ խնդրի փիլիսոփայության մասին՝ անուղղակի հակադրվելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ժամանակին հնչեցրած գնահատականներին՝ փոխարենը անուղղակի ռեւերանսներ անելով դեպի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ շնորհակալություն հայտնելով «ավագ ընկերներին»:


«ԼՂ հակամարտությունը էթնիկական եւ կրոնական բնույթ չի կրում: Մենք որեւէ խնդիր չունենք ո՛չ ադրբեջանցի ժողովրդի, ո՛չ էլ առավել եւս մահմեդական կրոնի հետ: Մենք վստահ ենք, որ ադրբեջանցի ժողովուրդը խաղաղություն է ցանկանում, պարզապես այդ ցանկությունը պետք է ճիշտ հունի մեջ գցել:
Արցախի ազատագրական շարժման ամենաառաջին իսկ օրվանից մենք ամեն ինչ արել ենք այդ պահին գործող օրենքի եւ միջազգային իրավունքի շրջանակներում: Մենք իսկապես մեր առջեւ խնդիր ենք դրել բոլոր գործողություններն իրականացնել այն ժամանակվա գործող ԽՍՀՄ օրենքին եւ միջազգային իրավունքին համապատասխան: Չգիտեմ՝ ինչքանով մենք պետք է շնորհակալ լինենք մեր ավագ ընկերներին, ովքեր կարողացել են այդ ճիշտ գաղափարը ներարկել մեզ: Եվ հենց այս պատճառով մենք հստակորեն ասում ենք, որ ԼՂ խնդիրը, կոնֆլիկտը տարբերվում է նախկին Խորհրդային Միության տարածքում եղած բոլոր կոնֆլիկտներից՝ ոչ միայն այն պատճառով, որ այս կոնֆլիկտների ծագումնաբանությունն է տարբեր, այլ առաջին հերթին այն պատճառով, որ ամեն ինչ արվել է օրենքին եւ իրավունքին համապատասխան»,- ասել է նա:

Եթե հիշում եք` Քոչարյանը 2003թ. հունվարին Մոսվկա այցի ժամանակ, ելույթ ունենալով դիվանագիտական ակադեմիայում, հայտարարել էր. «Հայերն ու ադրբեջանցիներն անհամատեղելի են»: Ու հիմա Ս. Սարգսյանը՝ հայտարարելով, որ ԼՂ խնդիրն էթնիկական բնույթ չի կրում, հերքում է Քոչարյանի խոսքերը: Փոխարենը նա շնորհակալություն է հայտնել «ավագ ընկերներին», որոնք Արցախի ազատագրական շարժման ամենաառաջին իսկ օրվանից պնդում էին բոլոր գործողություններն այդ պահին գործող օրենքի եւ միջազգային իրավունքի շրջանակներում անելու մասին. հիշում եք ժամանակին այդ առիթով Տեր-Պետրոսյանի բանավեճերը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս