Հանքերը քայքայում են մարդկանց առողջությունը. Հայաստանում քաղցկեղից մահացածների թիվն ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած գիտությունն ու բժշկությունը օր օրի զարգանում է, սրան զուգահեռ տարեցտարի քաղցկեղով հիվանդացողների թիվը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավելանում է: Հայաստանում չարորակ նորագոյացությունները ոչ վարակիչ առավել տարածված հիվանդությունների շարքին են դասվում` զիջելով սրտանոթային հիվանդություններին:
Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում վերջին հինգ տարիներին ավելացել է չարորակ նորագոյացություններից մահացությունների դեպքերը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 6069 մարդ: Այս թիվը նախորդ տարիների համեմատ զգալի ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրությունից տեղեկացավ, որ 2011 թվականին չարորակ նորագոյացություններից մահացել է 5552 մարդ, 2012 թվականին` 5607, 2013-ին` 5589, 2014-ին` 5685: Իսկ ահա 2015 թվականին, 2014-ի համեմատ, նշված հիվանդությունից մահացածների թիվը 384-ով ավելացել է: ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ 2016 թվականին չարորակ նորագոյացություններից մահացության վերաբերյալ տվյալները դեռ ամփոփվում են:

Մասնագետների խոսքերով՝ վերջին տասը տարում մեր երկրում չարորակ նորագոյացությունների հիվանդացությունն աճել է 80 տոկոսով կամ 1.8 անգամ (2749 դեպքով), իսկ մահացության ցուցանիշը` 90 տոկոսով կամ 1.9 անգամ (2105 դեպքով): Վիճակագրական տվյալների համաձայն` հանրապետությունում տղամարդկանց մեջ գերակշռում են թոքերի, շնչափողի, բրոնխների, իսկ կանանց մեջ` կրծքագեղձի եւ արգանդի վզիկի չարորակ նորագոյացությունները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ անցած տարի կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով եւ ուռուցքաբանական հիմնարկներում գրանցված չարորակ նորագոյացություններով հիվանդների թիվը կազմել է 8 հազար 372 է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` 2020 թվականին աշխարհում կարձանագրվեն 20 մլն նոր հիվանդներ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի շուրջ 10 մլն:
Առողջապահության համակարգի գործունեության գնահատման՝ անցած տարվա զեկույցում նշված է, որ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացությունը բարձր է Հայաստանի Տավուշի եւ Լոռու մարզերում: Իսկ ահա նույն զեկույցի համաձայն` չարորակ նորագոյացություններից մահացության դեպքերի թվով առաջին տեղում է Լոռիի, շաքարային դիաբետից` Տավուշի մարզերը:
Օրինակ՝ անցած տարվա ընթացքում Լոռու մարզում 100 հազար բնակչի հաշվով արձանագրվել է չարորակ նորագոյացություններից մահվան շուրջ 280 դեպք, իսկ Գեղարքունիքի մարզում` 146:

Ցավալի է, բայց փաստ` չարորակ նորագոյացությունների պատճառով մահացությունը Հայաստանում Արեւելյան Եվրոպայի երկրների եւ Վրաստանի համեմատ բարձր է: Սակայն պատկան գերատեսչությունների կողմից հիվանդությունների առաջացման պատճառների մասին ոչ մի ուսումնասիրություն չկա: Եւ չի էլ արվում: Բայց ըստ որոշ տեղեկութունների` Լոռու մարզում քաղցկեղի առաջացման պատճառներից է հանքարդյունաբերությունը: Հայտնի է, որ այս մարզում գործում են մի քանի հանքարդյունաբերող ընկերություններ, որոնք ոչ միայն վնասում են բնությունն ու աղտոտում շրջակա միջավայրը, այլեւ վտանգում են մարդկանց առողջությունը:
Այլ կերպ ասած՝ հանքերը քայքայում են մարդկանց առողջությունը: Իսկ սա պատճառներից միայն մեկն է:




Լրահոս