ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ձերբակալվել է ևս մեկ անձ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակը հրկիզելու կասկածանքով:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, մի խումբ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա, հրկիզել ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակը և դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած, այդ թվում՝ անշարժ հենակետը հրկիզած անձանց ինքնության վերաբերյալ:
Այսպիսով՝ հոկտեմբերի 26-ի դրությամբ, քրեական գործի շրջանակներում երեք անձ ներգրավվել է որպես կասկածյալ, որոնցից երկուսը ձերբակալվել են՝ հրկիզելու եղանակով ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու, մեկը՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով:
Եվս մեկ անձի հոկտեմբերի 19-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռանարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտե