ԵԱՏՄ նիստն ուղեկցվել է սկանդալներով. այդ երկրների պաշտոնյաները պատրաստ են ամեն քայլափոխի միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում երեկ անցկացված ԵԱՏՄ նիստն ուղեկցվեց սկանդալներով. ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները միմյանց հասցեին քննադատությունների ու մեղադրանքների տարափ հնչեցրին, ընդ որում՝ բացահայտ:
Նկատենք, որ երեկ տեւական ժամանակ չէր մեկնարկում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը: Չնայած նախատեսված էր նիստը սկսել ժամը 12-ին, սակայն ժամը 13.30-ի դրությամբ դեռ ԵԱՏՄ երկրների վարչապետները չէին ավարտել Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստը: Պատճառը Ղազախստանի եւ Ղրղզստանի միջեւ վերջերս ծագած խնդիրներն էին. ղազախական կողմը սահմանին հատուկ ծառայությունների եւ սահմանապահների կողմից ուժեղացված ստուգումներ է իրականացվում, եւ դա հանգեցրել է երկու երկրների միջեւ լարվածության: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստում այս թեման դարձել է քննարկումների առարկա, եւ շատ արագ վերածվել Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետների միջեւ թեժ վիճաբանության: Այդ նիստին մասնակից մյուս երկրների պաշտոնյաներին, ի վերջո, հաջողվել է կրքերը հանդարտեցնել:

Արդեն ԵԱՏՄ խորհրդի ընդլայնված կազմով նիստում Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետներն անդրադարձել են այս թեմային՝ կրկին միմյանց հասցեին մեղադրանքներ ուղղելով: Ղրղզստանի վարչապետ Սապար Իսակովը հայտարարել է. «Մենք չպետք է նեղ ազգային հետաքրքությունների հետեւից ընկնենք, նպատակը մեր ազգերի կայունությունն ու զարգացումն է: Մենք միայն միասնական կերպով կարող ենք զարգացման նոր մոդել որդեգրել»: Նա նշել է, որ այս տարվա հոկտեմբերի 10-ից ուժեղացվել են տրանսպորտային ստուգումները Ղրղզստանի եւ Ղազախստանի միջեւ սահմանում, ու հավելել. «Մենք այս առումով ապրանքների բեռնափոխադրման խնդիրներ ենք ունենում: Սա շատ մեծ դժգոհություն է առաջացնում մեր քաղաքացիների մոտ: Հույսով ենք, որ մեր գործընկերները մեզ ընդառաջ կգնան ու կօգնեն լուծել այս խնդիրները՝ համաձայն մեր պայմանագրերի»: Իսկ Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաեւն էլ նշել է, թե այդ խստացումները ուղղված չեն հատուկ Ղրղզստանի դեմ, եւ որ սահմանային հսկողության մեծացումը հետագա մաքսանենգությունը նվազեցնելու միտում ունի: «Բանն այն է, որ Չինաստանից Ղրղզստան տեղափոխվող բեռների ծավալների հետ խնդիր կա,- ասաց նա՝ պնդելով,-կա մեծ մաքսանենգության ռիսկ, ինչը հաստատեց սահմանային հսկողության խստացումը»:

Երեկ բանավեճ եղավ նաեւ Բելառուսի եւ ՌԴ-ի վարչապետների միջեւ: Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը դժգոհեց, որ ԵԱՏՄ տարածքում միասնական էներգետիկ շուկա ստեղծելու ժամկետները երկարաձգվում են, այն էլ՝ անընդունելի պատճառներով. «Մենք որոշել ենք այդ ժամկետը սահմանել 2025 թ-ին, սակայն այժմ խոսվում է դրա հետաձգման հնարավորության մասին, ինչն անընդունելի է: Պետք է նշեմ, որ նույն Եվարմիությունը սկսեց էլինտեգրացիան հենց էներգետիկայի հենքի վրա՝ ձեւավորելով ածխի եւ պողպատի միությունը»,- ասաց նա՝ շեշտելով, որ միասնական էներգետիկ շուկայի ձեւավորման սահմանված ժամկետները պետք է պահպանել: ՌԴ վարչապետ Դիմիտրի Մեդվեդեւն էլ հակադարձեց, թե ԵԱՏՄ-ն «նավթի ու գազի» միություն չէ: Ըստ նրա, նավթի ու գազի նշանակությունը ԵԱՏՄ տնտեսություններում գնալով նվազում է. «Այժմ պետք է խոսել եկամուտներ գեներացնող այլ աղբյուրների մասին»,- հայտարարեց Մեդվեդեւը:

ԵԱՏՄ-ում առկա խնդիրներից անմասն չէր նաեւ Հայաստանը, միայն թե այդ ամենի մասին հայկական կողմը բարձրաձայնեց ոչ թե նիստում՝ վիճաբանելով, այլ ավելի մեղմ ձեւով, բայց եւ առաջին դեմքի մակարդակով: Սերժ Սարգսյանը երեկ ընդունել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին եւ ընդգծել, որ քաջածանոթ է նիստի օրակարգային հարցերին՝ կարեւորելով հատկապես տեխնիկական արգելքների վերացման հարցը: Եւ Ս. Սարգսյանն ասել է, թե դա խոչընդոտում է ընդհանուր շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժին, եւ այդ ամենը բացասաբար է անդրադառնում ինտեգրացիոն գործընթացներից սպասվող արդյունքի վրա:
Կարճ ասած, երեկ հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ հարաբերությունները հեռու են ջերմ, բարեկամական համարվելուց: Ավելին՝ նրանց միջեւ չլուծված հարցերի պակաս չկա, եւ այդ երկրների պաշտոնյաները պատրաստ են ամեն քայլափոխի միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու եւ միմյանց անհարմար դրության մեջ դնելու հարցում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս