«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 18 տարի անց զրուցել է ԱԺ երջանկահիշատակ նախագահ Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի հետ:
-Տիկի՛ն Դեմիրճյան, ամեն տարի հոկտեմբերի 27-ի օրերին ի՞նչ եք հիշում, ի՞նչ ապրումներ եք ունենում:
-Ոչինչ չի փոխվել այս 18 տարվա մեջ: Ամեն օր, ամեն ժամ նա հետս է. մտքումս, սրտումս: Միշտ մտածում եմ՝ նա ինչ կաներ կամ կասեր իմ այս կամ այն քայլի մասին:
-Ինչպիսի՞ մարդ էր պարոն Դեմիրճյանը տանը՝ որպես ամուսին, պապիկ, հայր:
-Դուք որպես պետական-քաղաքական գործիչ ինչպես եք նրան ճանաչում՝ լավ: Նա լավն էր նաեւ տանը: Նա բոլորի մասին հոգացող մարդ էր: Ինչքան էլ հոգնած գար, երբեք ցույց չէր տա տանը, միշտ ժպիտը դեմքին:
-Հրապարակվեցին տեղեկություններ, որ Կարեն Դեմիրճյանը կանխազգացել է, որ իրեն սպանելու են: Նա նույնիսկ եղբոր հետ է խոսել այդ մասին: Ի՞նչ էր նա զգում:
-Նա երբեք ոչինչ ստույգ չի իմացել, թե ինչ կլինի: Բայց նա ուներ զարմանալի ինտուիցիա, շատ շուտ կռահեց, որ վտանգված է: Հետադարձ հայացքով կարող եմ ասել, որ նա համոզված էր՝ իրեն խփելու են: Բայց համոզված լինելով՝ նա մտածում էր ոչ թե իր, այլ մեր՝ ընտանիքի եւ երկրի մասին:
Նա մի քանի անգամ հոկտեմբերին ասեց՝ դու ինչ պետք է անես առանց ինձ: Նա ինձ համարում էր դյուրահավատ, կյանքին շատ չհարմարված մարդ: Ու երբ ես տագնապ էի հայտնում, նա իսկույն կատակում էր, թե հույս չունենաս՝ 30 տարուց հետո նոր ինձ հետ մի բան կլինի: Դա էլ էր հերոսություն. որեւէ մեկի հետ չէր խոսում, միայն եղբոր հետ է Մոսկվա խոսել, թե Կամո՝ ինձ խփելու են: 1999 հոկտեմբերի երկրորդ կեսին մենք երկուսս էլ դերասանություն էինք անում, նա ինձ էր խնայում, ես՝ իրեն:
Տագնապ կար մեջս: Երբ որ դա կատարվեց, ես հիմա կարծում եմ, որ իմ ամենամեծ սխալներից մեկն այն է, որ չէի խոսում իր հետ: Բայց ինչպես ասեի՝ զգուշ եղի: Ամեն անգամ երբ ճանապարհում էի, մուտքի մեջ ձայն էի տալիս՝ Կարե՛ն: Նա մի օր բարկացավ, թե բան ունես, ներսում ասա, ինչու ես դրսում ասում: Բայց ինչպես բացատրեի, որ ես ձայն էի տալիս, որպեսզի շրջվեր, մի անգամ էլ դեմքը տեսնեի:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյանը, Հովսեփ Հովսեփյան