Երեկ հայ մամուլի օրն էր: 223 տարի առաջ՝ 1794 թ. հոկտեմբերի 16-ին, Հնդկաստանի Մադրաս քաղաքում Հարություն քահանա Շմավոնյանի խմբագրությամբ լույս տեսավ հակական առաջին պարբերականը՝ «Ազդարար» թերթը: ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ՝ Հայաստանում հոկտեմբերի 16-ը նշվում է որպես հայ մամուլի օր: Բայց պետական բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք երեկ հարկ չհամարեց անդրադառնալ օրվան. ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ո՛չ վարչապետ Կարեն Կարապետյանը թեկուզ ձեւական ուղերձ չհղեցին:
Մինչդեռ նախկինում ե՛ւ Տիգրան Սարգսյանը, ե՛ւ Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ Գալուստ Սահակյանն իրենց պաշտոնավարման տարիներին մշտապես շնորհավորական ուղերձներ էին հղում՝ անկախ իրենց հասցեին մամուլի հնչեցրած երբեմն դաժան, երբեմն էլ անտեղի քննադատություններից: Այսօրվա պաշտոնյաների պահվածքը պատահական չէ. ազատ մամուլը նրանք ընդունում են որպես թշնամի եւ ջանք չեն խնայում տարբեր խոչընդոտներ ստեղծելու հարցում, էլ ուր մնաց՝ շնորհավորեն այդ օրվա առթիվ: Այլապես, առաջադեմ կթվորուհիների, ժրաջան բանվորների, «նորագույն երիտասարդների մազերն օսլայելու», Պստիկ.am կայքը աշխատեցնողների մասնագիտական տոնը հիշող պաշտոնյաների համար դժվար չէր անդրադառնալ նաեւ ավանդական մամուլի ներկայացուցիչ լրագրողներին: Բայց չարեցին. միայն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է երեկ շնորհավորել մեզ:
Թեեւ մյուս կողմից էլ կա մի հանրահայտ իրողություն. երբ իշխանության ներկայացուցիչները լրագրողներին չեն սիրում, դա նրանց աշխատանքի լավագույն գնահատականն է:
ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ հետաքրքիր ինտրիգ է հասունանում: Լրացել է ՍԴ անդամ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետը, եւ շուտով նա վայր կդնի լիազորությունները: Մինչ այդ, սակայն, օրենսդրության համաձայն՝ նա կարող է եւս վեց ամիս՝ մինչեւ 2018թ. ապրիլի 15-ը, պաշտոնավարել, քանի որ ՍԴ վարույթում երկու գործերով զեկուցող է: Ու ողջ ինտրիգն այն է, թե որքա՞ն կտեւի այդ գործերի քննությունը՝ վեց ամի՞ս, թե՞ ավելի քիչ: Սա կարեւոր է, քանի որ 2018թ. ապրիլից ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունն, ու այդ ժամանակ նշանակված ՍԴ անդամը հնարավորություն կունենա պաշտոնավարել մինչեւ 70 տարին լրանալը, մինչդեռ գործող Սահմանադրության օրոք նշանակված ՍԴ անդամը 65 տարեկան դառնալուց հետո ստիպված է վայր դնել լիազորությունները: Նշենք, որ ՍԴ անդամի հավանական թեկնածու է համարվում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը, եւ հիմա նրա «ճակատագիրը» Սերժ Սարգսյանի ձեռքերում է, քանի որ քաղաքական որոշմամբ կարելի է ՍԴ-ին ստիպել արագացնել կամ ձգձգել Կ. Բալայանի վարույթում գտնվող գործերի քննությունը:
ՀՀ ոստիկանությունը երեկ հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ բացահայտվել է հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի Սայաթ-Նովա մասնաճյուղի վրա կատարված ավազակային հարձակումը: Այս գործով երեք հոգի ձերբակալվել է, մեկը գտնվում է հետախուզման մեջ: Բայց նկատենք՝ գողության դեպքն ամբողջովին չի բացահայտված, քանի որ չկա ամենակարեւորը` գողն ու գողոնը: Ու սա առաջին նման դեպքը չէ, եւ կատարվածը հիշեցնում է ՀՀ պաշտոնյաների տունը թալանած հայտնի «Բանդայի գործը», որի անդամները տարիներ շարունակ պնդում էին, որ իրենց գլխին գործ են սարքել: Ստեղծված իրավիճակը պատահական չէ, եւ ավելի շատ հետեւանք է ոստիկանության եւ քննչական կոմիտեի միջեւ ներքին լարվածության, համագործակցության բացակայության, որի արդյունքում տուժում է քաղաքացին: Ի դեպ, դեռ հոկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը, ՔԿ ծառայողի օրվա առթիվ անդրադարձել էր այս խնդրին՝ կարեւորելով հանցագործությունների ամբողջական բացահայտումը: Բայց, փաստորեն, այս ելույթը որեւէ բան չի փոխել իրավապահ համակարգում:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեմքով դեպի գյուղը շրջված ՀՀ կառավարության գործունեության արդյունքում այս տարի Հայաստանում ավելացել է ցորենի ներկրումը: Սա պատահական չէ. Հայաստանը ցորենի առումով ինքնաբավ է շուրջ 50 տոկոսով, իսկ հանրապետությունում սպառվող ցորենի մնացած մասը ներկրվում է, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնությունից: Մինչդեռ Հայաստանը կարող է դառնալ ինքնաբավ երկիր եւ ընդունակ է ռուսական ցորենը տեղականով փոխարինել. ե՛ւ հող ունենք, ե՛ւ սերմացու, ե՛ւ ֆերմերներ, միայն սպառում չունենք, ցորենը «մնում է գյուղացու վրա»: Բայց այս խնդիրը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չի լուծում, որովհետեւ ներկրելն ավելի մատչելի է, ավելի հարմար: Ու այդպես գյուղացին հրաժարվում է հող մշակել, ցորեն ցանել՝ համարելով այն ոչ եկամտաբեր: Եւ հետո՝ մեկ էական հանգամանք էլ կա. Հայաստանում տարեցտարի գնալով պակասում է գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը. վերջին չորս տարիներին գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը նվազել է 100 հազարով:
ԹՈՒԼԱՆԱԼ ՈՒ ՀԱՃՈՒՅՔ ՍՏԱՆԱԼ
Ժնեւում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի երեկվա հանդիպման ուղերձները բավական հետաքրքրական էին: Ընդ որում, հետաքրքրական էին ե՛ւ հանդիպման արարողակարգային մասը, ե՛ւ դրանից հետո հնչեցված գնահատականները:
Սկզբում Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում՝ Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում, տեղի է ունեցել հանդիպում ընդլայնված կազմով, որին ներկա են եղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, երկու երկրների ԱԳ նախարարները: Հետո արդեն Սարգսյանն ու Ալիեւն իրենց առանձնազրույցը շարունակել են բացօթյա՝ կեցավայրի բակում: Դատելով հրապարակված լուսանկարներից՝ առանձնազրույցը բավական ջերմ է ընթացել. նրանք զրույցի գոնե սկզբում չէին թաքցրել իրենց ժպիտը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարությունների հետ համատեղ հայտարարության մեջ նշել են, թե հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում. «Նախագահները համաձայնել են ձեռք առնել միջոցներ՝ բանակցային գործընթացն ավելի ինտենսիվ դարձնելու համար, եւ լրացուցիչ քայլեր կատարել՝ ուղղված շփման գծում լարվածության նվազեցմանը»:
Ավելի ուշ Սերժ Սարգսյանն էլ Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ խոսել է բանակցություններից՝ ասելով. «Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որեւէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն է՛լ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` ե՛ւ Ադրբեջանի նախագահը, ե՛ւ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք. մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»:
Պատահական չէ, որ հիմնահարցի լուծման ուղիների մասին այդպես էլ որեւէ խոսք չի գնացել, եւ առաջին հերթին կարեւորվել են լարվածության նվազեցումը, հրադադարի ռեժիմի պահպանումը: ԼՂ խնդրի լուծման ընդհանուր սկզբունքները պարզ են, եւ դրանք ընդունվել են ի սկզբանե: Պարզապես այս ամենը կյանքի կոչելու համար պետք է առաջին հերթին փոխվստահություն, ինչը հնարավոր է միայն հրադադարի ռեժիմի պահպանման, այլ ոչ թե լարվածության խորացման դեպքում: Ի դեպ, Արցախը պաշտոնապես հայտարարել է, որ առանց իրենց հետ ուղիղ բանակցությունների լուծում չի կարող լինել: