ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունն ուրբաթ օրը հրապարակել է Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է գալիք նոյեմբերին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին: Փաստաթուղթը բաղկացած է ավելի քան 300 էջից եւ ներառում է Հայաստանի ու Եվրամիության միջեւ գործընկերությանը վերաբերող բազմաթիվ դրույթներ:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, թե իր տեղեկություններով՝ այս պահին կողմերն իրականացնում են տեխնիկական հարցեր, որից հետո կնախապատրաստվեն ստորագրությանը: Նրա խոսքով՝ այս համաձայնագրի ստորագրումը կնպաստի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության զարգացմանը: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
-Պարո՛ն Շարմազանով, օրեր առաջ հրապարակվեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: Արդյո՞ք սա հենց այն փաստաթուղթն է, որին ձգտում էին հասնել կողմերը:
-Սա այն բանակցված փաստաթուղթն է, որը կարելի էր ակնկալել: Կողմերն ամիսներ, տարիներ շարունակ զբաղված էին այս փաստաթղթի մշակմամբ: Սա համաձայնագիր է, որը հնարավորություն է տալիս զարգացնել քաղաքական երկխոսությունը Եվրոպական Միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ, որտեղ առանցքային են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության խնդիրները, եւ սրանք հնարավորություն կտան շարունակել նաեւ տնտեսական, սոցիալական բարեփոխումները, ինչպես նաեւ կարեւորվում են ոլորտային բարեփոխումները, ինչը մենք արել ենք տարիներ շարունակ ԵՄ-ի օժանդակությամբ: Իմ ունեցած տվյալներով՝ նախաստորագրումից եւ հրապարակումից հետո հիմա գնում են տեխնիկական աշխատանքներ՝ տեքստի թարգմանություն, նույնականացում, համապատասխանեցում, իսկ քաղաքական ամենակարեւոր գնահատականը հանրապետության նախագահն է տվել, եւ նա ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից նշել է, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել նախաստորագրված համաձայնագիրը. այլ բան չեմ կարող ասել:
-Այս ընթացքում մտահոգություններ էին արտահայտվում, թե որքանով ՀՀ-ԵՄ փաստաթուղթը կհամապատախանի ԵԱՏՄ-ի հանդեպ ստանձնած ՀՀ պարտավորություններին:
-Սրանք երկու տարբեր համաձայնագրեր են: Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական համագործակցություն է, այստեղ հիմնականում շեշտը դրված է ոչ թե տնտեսական համագործակցության, այլ քաղաքական բարեփոխումների, ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների, իրավունքների գերակայության վրա, եւ, բնականաբար, եթե սա հակասեր, հայկական կողմը չէր ստորագրի: Մենք միջազգային սուբյեկտ ենք, եւ եթե մեկ փաստաթուղթ հակասում է մյուսին, բնականաբար չես կարող մերժել միջազգային օրենքը: Այստեղ որեւէ հակասություն չկա ԵԱՏՄ-ի հետ, եւ սրանք երկու տարբեր ոլորտային փաստաթղթեր են, երկու տարբեր ոլորտից:
-Տնտեսական բաղադրիչի մասին Դուք էլ նշեցիք: Փաստորեն այստեղ շեշտը դրված է միայն քաղաքական բաղադրիչի վրա՞:
-Այո՛, այստեղ շեշտը դրված է միայն քաղաքական երկխոսության վրա, ժողովրդավարական արժեքների գերակայության, բարեփոխումների շարունակականության վրա, ոլորտային բարեփոխումների վրա: Բնականաբար, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայությունը նախեւառաջ հակակոռուպցիոն գործընթացներ են պարունակում, եւ, բնականաբար, ժողովրդավարությունն իր մեջ կոռուպցիա չի ներառում: Այսինքն՝ Հայաստանը լի է վճռականությամբ շարունակել կառուցել եվրոպական մոդելի ժողովրդավար պետություն: Եվրոպական մոդելն ու Եվրամիությունը տարբեր են: Ինձ համար Եվրոպական միայն ԵՄ-ն չէ: Եվրոպական մոդելի պետությունը զարգացած ժողովրդավարական երկրներն են, որտեղ օրենքի գերակայությունն առկա է, որտեղ ամեն ինչին պետք է լինի օրենքին համապատասխան: Այս տարիների ընթացքում մենք լուրջ հաջողությունների հասել ենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին: Հուսով ենք, որ այս համաձայնագրի ստորագրումից հետո էլ Հայաստանը կշարունակի ժողովրդավարության զարգացման ճանապարհը:
-Դուք էլ Ձեր խոսքում նշեցիք տեխնիկական հարցերի մասին: Այս օրերին շրջանառվեց այն տեսակետը, թե 28 երկրները տեխնիկապես չեն կարողանա հավանություն տալ համաձայնագրին: Հնարավո՞ր է՝ համաձայնագիրն այդ օրը չստորագրվի:
-Սա երկկողմ փաստաթուղթ է, եւ շահագրգռվածությունը պետք է լինի ոչ միայն հայկական կողմից, այլ նաեւ Եվրոպական Միության անդամ պետությունների կողմից: Մենք լի ենք վստահությամբ, որ սա այն փաստաթուղթն է, որը կհանգեցնի Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, իսկ թե ինչ կանի Եվրոպական կողմը, ես իրավասու չեմ եվրոպական կողմի փոխարեն խոսել: ԵՄ-ի կողմից հարցականի տակ դնող գնահատականներ կամ ելույթներ չեմ լսել: Ես հույսով եմ, որ կհասցնենք: Ես կարող եմ ասել, որ համաձայնագիրը նախաստորագրվել է, եւ գնում է տեքստերի թարգմանություն եւ նույնականացում:

 

 

 

ՆՈՐՄԱԼ ՉԷ, ՈՐ ԱՐՑԱԽՆ ԱՅԴ ՁԵՎԱՉԱՓԻՆ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ երեկ Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը: Այն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որին մասնակցեցին նաեւ ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը: Հաղորդագրության մեջ նշվում է, թե հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, եւ երկու կողմերը համաձայնեցրել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ:

Եվ չնայած ձեռք բերված համաձայնություններին՝ երեկ Արցախի ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել եւ իր հերթին մատնանշել, թե որ դեպքում ղարաբաղյան հակամարտության հարցում կարող ենք հաջողություն արձանագրել: «Կարծում ենք՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ձեռքբերելու ճանապարհին եւս մեկ քայլ պետք է դառնա լիարժեք ձեւաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությամբ», – ասված է հաղորդագրության մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտել է նաեւ Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, ով ամեն դեպքում նման հանդիպումները կարեւոր համարեց:
-Տիկի՛ն Մխիթարյան, Սարգսյան-Ալիեւ հանդիպումն արդարացրե՞ց սպասելիքները:
-Եթե որեւէ մեծ առաջընթաց էլ չլինի, այնուամենայնիվ, բանակցություններն անհրաժեշտություն են: Չհանդիպելու դեպքում որեւէ բան առաջ չի գնա, իհարկե, հանդիպումն անհրաժեշտություն է: Մանրամասների մասին դեռեւս ոչ մի պաշտոնական տեղեկություն չունենք, դժվարանում եմ դեռեւս որեւէ գնահատական տալ:
-Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ լիարժեք ձեւաչափ կվերականգնվի միայն Արցախի՝ բանակցային սեղանին վերադառնալու դեպքում:
-Անկասկած ես դրա կողմնակիցն եմ, եւ, իրոք, պետք է եռակողմ լինեն բանակցությունները: Այս բանակցությունները ոչ թե սխալ են, այլ պարզապես թերի: Քննարկվում է մի սուբյեկտի մասին խնդիր, որն ինքը հենց չի մասնակցում այդ բանակցություններին: Ինչքանո՞վ է դա ճշմարիտ: Արցախը մասնակից լինելով գոնե տեղյակ կլինի՝ ինչ է քննարկվում, եւ իր տեսակետը կհայտնի: Չեմ կարծում, թե այն կտարբերվի Հայաստանի տեսակետից, սակայն մենք այն կողմն ենք, որի մասին գնում են բանակցությունները: Եվ նորմալ չէ, որ մենք այդ ձեւաչափին ներկա չենք: Իհարկե, հայկական կողմը ջանում է, որպեսզի վերականգնվի Արցախի դերակատարությունը եւս:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
ԱԺ ՀՀԿ խմբակցության 37-ամյա պատգամավոր Վահան Հարությունյանը ունի մեկ բնակարան, երկու հողամաս եւ մեկ ավտոտնակ: «Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ ունի հինգ, տարբեր մակնիշի ավտոմեքենաներ՝ «Range Rover Vogue 4.4», «Range Rover Sport Supercharged 4.2», «Lexus RX 350», «Toyota Camry 3.5», «Hyundai Santa FE 3.5»: Երիտասարդ պատգամավորը մեկ ընկերությունում ունի 536 մլն 805 հազար դրամի, իսկ մյուսում` 50 հազար դրամի բաժնետոմսեր: Պատգամավոր դառնալու օրվա դրությամբ նա ունեցել է 100 մլն դրամի չափով փոխառություն: Դրամական միջոցները կազմել են 431 մլն 368 հազար դրամ եւ 600 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը` ընդամենը 7 մլն 286 հազար դրամի չափով: Թե ինչպես է երիտասարդը հարստացել, այդքան կարողություն դիզել, պարզ չէ:
Իսկ նրա կինը` Նարինե Գրդզելյանը, անցած տարի 12,6 մլն դրամով վաճառել է բնակարան: Նա մեկ ընկերությունում ունի 10 հազար դրամի բաժնեմաս: Նշենք, որ Վահան Հարությունյանը Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ` «Միկմետալի» ընկերության սեփականատեր Միխայիլ Հարությունյանի որդին է, ում հենց այս արժանիքի համար էլ ընդգրկել են ՀՀԿ ցուցակում:
 

 

ՊԱՐՏՎԵՑ
ՀՀ արդարադատության նախարարությունը դատարանում պարտվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին: 2017 թվականի հունիսի 5-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմել էր ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ դատարանը միջամտի եւ պարտավորեցնի ՀՀ արդարադատության նախարարությանը` վերացնելու իր կայացրած որոշումը: Բանն այն է, որ արդարադատության նախարարությունը վարչական վարույթ հարուցելու մասին որոշում է կայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները համացանցում տեղադրելու հետեւանքով ՀՀ քաղաքացիների անձնագրային տվյալների հրապարակման համապատասխանությունն «Անձնական տվալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին ստուգելու համար: Արդյունքում դատարանը լսելով երկու կողմերին՝ որոշել էր բավարարել ԿԸՀ-ի պահանջը եւ անվավեր էր ճանաչել ՀՀ արդարադատության նախարարության ընդունած որոշումը։ Կեցցե ամենաարդար դատարանը՝ ի դեմս ՀՀ վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանի:

 




Լրահոս