ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐԻ ՀՈՐՁԱՆՈՒՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ հետաքրքիր ինտրիգ է հասունանում: Շուտով կավարտվեն ՍԴ անդամ Կիմ Բալայանի լիազորությունները: Եւ հիմա, կախված նրա լիազորությունների դադարեցման օրվանից, պարզ կդառնա՝ ՍԴ նոր անդամն իրավունք կունենա պաշտոնավարել մինչեւ 65, թե՞ 70 տարեկանը լրանալը: Այլ կերպ ասած՝ ՍԴ նոր անդամին կնշանակեն գործո՞ղ Սահմանադրության համաձայն, թե՞ նոր Սահմանադրության շրջանակներում (որն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2018թ. ապրիլին):

Եւ այսպես՝ հոկտեմբերի 15-ին լրացավ ՍԴ անդամներից Կիմ Բալայանի 70-ամյակը: Նա ՍԴ անդամ էր նշանակվել 2003թ. նոյեմբերին, երբ դեռ գործում էր 1995թ. ընդունված առաջին Սահմանադրությունը: Ըստ այդ փաստաթղթի՝ ՍԴ անդամը պաշտոնավարում է մինչեւ 70 տարեկանը: Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը ՍԴ անդամին հնարավորություն է ընձեռում մինչեւ վեց ամսով երկարաձգել պաշտոնավարումը. «Եթե սահմանադրական դատարանի անդամն իր պաշտոնավարման տարիքը լրանալու պահին մասնակցում է մեկ կամ մեկից ավելի գործերի դատաքննությանը, ապա նրա լիազորությունները դադարում են այդ գործի (գործերի) ավարտման օրը, բայց ոչ ուշ, քան պաշտոնավարման տարիքը լրանալու օրվանից վեց ամիս հետո»,- նշված է ՍԴ մասին օրենքի 14-րդ հոդվածում:
Այսինքն՝ Կիմ Բալայանը կարող է դեռ մինչեւ 2018թ. ապրիլի 15-ը լինել ՍԴ անդամ: Բալայանի պաշտոնավարման ժամկետը կերկարաձգվի, քանի որ նա ՍԴ վարույթում գտնվող երկու գործով նշանակված է զեկուցող: Ու ողջ ինտրիգը նրանում է, թե որքա՞ն կտեւի այդ գործերի քննությունը՝ վեց ամի՞ս, թե՞ ավելի քիչ:
Հետաքրքիրն այն է, որ ՍԴ վարույթում գտնվող գործերից մեկով Բալայանը զեկուցող է նշանակվել բոլորովին վերջերս: Խոսքը «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա՝ ՀՀ հողային օրենսգրքի մի քանի դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի մասին է: Ընդ որում, սա ՍԴ վարույթ ընդունված ամենավերջին դիմումն է, ու, փաստորեն, անմիջապես մակագրվել է Բալայանին: Այս գործով ՍԴ առաջին նիստը նշանակված է դեկտեմբերի 12-ին, այն քննվելու է բանավոր ընթացակարգով: Բալայանի վարույթում է գտնվում նաեւ Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի քանի հոդվածների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, որի քննությունը նշանակված է հոկտեմբերի 24-ին: Սա էլ քննվելու է գրավոր ընթացակարգով:
Այս երկու գործերն էլ համարվում են անհատական դիմումներ, իսկ ՍԴ մասին օրենքի 68-րդ հոդվածը նախատեսում է, որ անհատական բնույթ ունեցող գործերով «Դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Իսկ ՍԴ պատճառաբանված որոշմամբ՝ գործի քննության ժամկետները կարող են երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով»: Ասել է, թե օրենքով նախատեսված են բոլոր հնարավորությունները, որպեսզի վերոհիշյալ երկու դիմումների քննությունը տեւի առնվազն վեց ամիս, եւ ըստ այդմ, երկարաձգվեն Բալայանի՝ որպես ՍԴ անդամի լիազորությունները մինչեւ 2018թ. ապրիլի 15-ը: Պարզ է՝ այս ամենը կախված կլինի իշխանությունների քաղաքական որոշումից, եւ եթե հրահանգվի, որ որոշումը պետք է ձգձգել մինչեւ հաջորդ տարվա ապրիլ, ՍԴ-ն պատճառներ կգտնի՝ այդ քայլին գնալու համար: Կարվի այդ քայլը, թե ոչ, ցույց կտա ժամանակը:
Բայց այս ամենը կարեւոր է ոչ միայն Կիմ Բալայանի համար, որը հնարավորություն կունենա եւս վեց ամիս լինել ՍԴ անդամ, այլ շատ ավելի էական է այն անձնավորության համար, որը կնշանակվի ՍԴ անդամ:
Բանն այն է, որ 1995թ. առաջին Սահմանադրության համաձայն՝ ՍԴ անդամը պաշտոնավարում էր մինչեւ 70 տարին լրանալը: 2005թ. սահմանադրական փոփոխություններով այս ժամկետը կրճատվեց: Ու հիմա գործող Սահմանադրության համաձայն՝ ՍԴ անդամները, որոնք նշանակվել են 2005 թվականի նոյեմբերից հետո, պաշտոնավարում են մինչեւ 65 տարին լրանալը:
Բայց 2015թ. սահմանադրական փոփոխություններով վերականգնվեց ՍԴ անդամի՝ մինչեւ 70 տարեկան պաշտոնավարելու իրավունքը: Միայն թե Սահմանադրության 166-րդ հոդվածը, որ ներառված է 7-րդ գլխում, ուժի մեջ կմտնի 2016թ. ապրիլից: Անցումային դրույթներում նշված է, որ Սահմանադրության մի շարք գլուխներ, այդ թվում՝ 7-րդ գլուխը, «ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները»: Իսկ մինչեւ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրության 7-րդ գլուխը, ՍԴ անդամները նշանակվելու են գործող օրենսդրության սահմաններում՝ մինչեւ 65 տարեկանը պաշտոնավարման իրավունքով:
Ի դեպ, նշենք, որ ՍԴ անդամի պոտենցիալ թեկնածու համարվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը, որը նոր Սահմանադրության համահեղինակներից է (ասում են, հենց նա էլ եղել է այն մարդկանցից մեկը, որ պնդել է՝ ՍԴ անդամի պաշտոնավարման ժամկետները պետք է երկարաձգվեն): Ընդ որում, ըստ համառ լուրերի՝ Թովմասյանը միայն ՍԴ անդամ դառնալով չի բավարարվելու, այլ իրեն պատկերացնում է ՍԴ նախագահի պաշտոնին: Առավել եւս, երբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի 70-ամյակը կլրանա 2018թ. մարտին, եւ որոշ ժամանակ անց կդադարեն նաեւ նրա լիազորությունները:
Ու հիմա, փաստորեն, Հրայր Թովմասյանի կամ ՍԴ անդամության մյուս հավակնորդների «բախտը» կախված է իշխանությունների, իսկ ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի քաղաքական որոշումից. արդյո՞ք ՍԴ նոր անդամը կնշանակվի գործող Սահմանադրության համաձայն եւ կպաշտոնավարի մինչեւ 65 տարեկանը, թե իշխանությունները ժամանակ կձգեն ու ՍԴ նոր անդամին կնշանակեն հաջորդ տարվա ապրիլին ուժի մեջ մտնող Սահմանադրության համաձայն: Ամեն դեպքում, դժվար չէ ենթադրել, թե հանուն Սերժ Սարգսյանին սիրաշահելու՝ այս ընթացքում ինչերի կդիմեն Թովմասյանն ու ՍԴ անդամ դառնալու հավակնություններ ունեցող մյուս անձինք:
Հ.Գ. Նոր Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Իսկ նոր նախագահին ԱԺ-ն կընտրի գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, եւ ոչ ուշ, քան երեսուն օր առաջ, այսինքն՝ ոչ շուտ, քան փետրվարի 28-ը եւ ոչ ուշ, քան մայիսի 30-ը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս սպառնացել են փաստաբան Արմինե Ֆանյանին՝ պահանջելով, որ վերջինս այլեւս չիրականացնի Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորված Արկադի Քոչինյանի պաշտպանությունը: Ֆանյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով այս տեղեկություններին, հայտնեց, որ որեւէ խոչընդոտ չի տեսնում, սակայն այլ բան չի կարող ասել, քանի որ իր պաշտպանյալը չի ցանկանում իր առողջական եւ այլ հարցերով որեւէ բան խոսել. «Առայժմ իր դիրքորոշումը սա է, եթե որեւէ բան փոխվի, նոր կկարողանամ մեկնաբանել»: Բացի այդ՝ երեկ էլ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ Արկադի Քոչինյանի հարազատները վախենում են նրա կյանքի համար, մանավանդ վերջինիս տեսակցությունները սահմանափակելու մասին որոշում կա:

 

 

ՆԵՂԱՑԱԾ ՉԷ
ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանն այժմ զբաղվում է հայրենակցական գործունեությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, թե լինելով «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության ղեկավար՝ սերտ կապ է պահում Հայաստանի եւ Ջավախքի հետ: Պարզվում է՝ նախկին պատգամավորն իշխանություններից ամենեւին էլ նեղացած չէ, որ վեցերորդ գումարման խորհրդարանում չի հայտնվել, եւ այդ հանգամանքը չի խանգարում այժմ էլ համագործակցել նրանց հետ: Իսկ ինչ վերաբերում է քաղաքական կանխատեսումներին, ապա Վարդապետյանը դեռ վաղ է համարում խոսել, թե 2018 թվականից հետո ով կլինի ՀՀ վարչապետ: «Ես այդ ուղղությամբ չեմ մտածում, նոստրադամուսյան գուշակությունների կողմնակից չեմ: Դուք ուզո՞ւմ եք, որ ես ենթադրություններ անեմ: Ես այն կարծիքին եմ, որ Սերժ Սարգսյանը թիմի ղեկավարն է, եւ ի դեմս նրա՝ մենք ունենք անթերի ղեկավար: Իսկ ինչպես կորոշի թիմը, այնպես էլ կլինի»:

 

 

ՀՈՐԴՈՐՈՒՄ Է՝ ԸՆՏՐԵՆ
Այս օրերին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ժամանակից շուտ նախընտրական ակտիվություն է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արտաշատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Կարեն Բենիամինյանի հայրը զբաղված է ձայներ հավաքագրելու գործընթացով: Տեղեկացնենք, որ նրա հայրը` Գագիկ Բենիամինյանը, ով ՀՀԿ Արարատի շրջանային խորհրդի նախագահն է, այս օրերին իր մոտ է կանչում կամ հանդիպումներ է ունենում մարդկանց հետ եւ հորդորում է ընտրել իր որդուն` միաժամանակ շեշտելով, որ նա անցնող թեկնածու է: Նշենք, որ Կարեն Բենիամինյանը ունի եւս մեկ մրցակից` անկուսակցական Արտակ Սարգսյանը, ով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Արտաշատի ԳԳՄ-ի հսկիչ է: Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ նրա թեկնածությունը ձեւական է, եւ չի բացառվում, որ առաջիկայում վերջինս ինքնաբացարկ հայտարարի:

 

 

ԺԱՄԱՆԱԿ Է ՊԱՀԱՆՋՎՈՒՄ
ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը, նշեց. «Շատ կարեւոր է, եւ կարեւոր է նաեւ այն, որ հանդիպման ժամանակ այդ հայտարարությունից երեւում է, որ շարունակական է լինելու բանակցային գործընթացը, որ ամեն ինչ պետք է արվի կայունության պահպանման տեսանկյունից: Սա էլ է շատ կարեւոր: Դրական կարող ենք համարել»: Նրա խոսքով՝ «Համապարփակ կարգավորումն առանց Արցախի պարզապես անհնար է: Մենք դրա մասին բազմիցս ասել ենք, դրա մասին պնդում է նաեւ պաշտոնական Երեւանը, եւ դրա մասին շատ լավ գիտեն նաեւ միջնորդները: Ուշ թե շուտ բանակցային ձեւաչափը կվերականգնվի, պարզապես ժամանակ եւ աշխատանք է հարկավոր»:

 

ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
63-ամյա տղամարդը ինքնասպան է եղել իր տան սենյակի դռան շրջանակի վերեւի հատվածից էլեկտրական մալուխով կախվելու միջոցով: Սեղանի վրա գրություն է թողել. «Իմ մահվան մեջ ոչ ոք ոչ մի կապ չունի…»: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 




Լրահոս