Հոկտեմբերի 9-ին տեղեկություն ստացվեց, որ օրը ցերեկով թալանել են «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի Սայաթ-Նովա մասնաճյուղը: Դեպքից 7 օր անց ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է: Սակայն իրականում կարծես թե գողության դեպքը բացահայտված չէ, քանի որ չկա ամենակարեւորը` գողոնը:
Բացահայտեցին չբացահայտվածը
Ըստ ոստիկանության` հոկտեմբերի 9-ին անհայտ անձը, գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկ» ՓԲԸ Սայաթ-Նովա մասնաճյուղի կառավարչին, հափշտակել էր 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ. «Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ավազակային հարձակումը բացահայտվել է: Ձերբակալվել են Երեւանի բնակիչներ, 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյանը, 1987 թ. ծնված Արսեն Գրիգորյանը եւ 1983 թ. ծնված Մարատ Գալստյանը:
Աշտարակի բնակիչ, 1988թ. ծնված Պյոտր Ցիգանովը ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով որոնվում է: Դավիթ Գրիգորյանը բերման է ենթարկվել դեպքից հինգ օր անց, մայրաքաղաքի Չեխովի փողոցից: Արսեն Գրիգորյանն ու Մարատ Գալստյանը բերման են ենթարկվել հաջորդ օրը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից:
Հոկտեմբերի 15-ին Մարատ Գալստյանի տանը եւ օժանդակ շինություններում խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «ՏՕԶ» տիպի հրացան եւ ԱԿ ինքնաձիգի նմանվող, առանց գործարանային համարի հրազեն:
Քննվող գործի շրջանակներում դարձյալ հոկտեմբերի 15-ին խուզարկվեցին նաեւ Երեւանի բնակիչ, 1979թ. ծնված Աշոտ Մանուկյանի բնակարանն ու օժանդակ շինությունները: Հայտնաբերվել է կանեփանման զանգված, ԱԿ տիպի ինքնաձիգ՝ երկու լիցքավորված պահունակներով, «Ֆորտունա» գրառումով ատրճանակ՝ լիցքավորված պահունակով, տարբեր տրամաչափի հիսուն փամփուշտ, էլեկտրահարող սարք, ինքնաձիգի խլացուցիչ, ավտոմեքենայի պետհամարանիշեր, որոնք, ինչպես պարզվել է, սեպտեմբերի 29-ին գողացվել էին Մաշտոցի վարչական տարածքից:
Աշոտ Մանուկյանը եւս ձերբակալվեց: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական եւ դատաքիմիական փորձաքննության: Ձեռնարկվում են միջոցառումներ Պյոտր Ցիգանկովին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է»:
Ինչ է պարզել ՀՀ քննչական կոմիտեն
Պաշտոնական հաղորդագրություն տարածեց նաեւ ՀՀ քննչական կոմիտեն՝ նշելով, որ «…դեպքից առաջ մի երիտասարդ գնացել է բանկի նշված մասնաճյուղ եւ կառավարչին հայտնել 60.000 եվրո ԱՄՆ դոլարով փոխանակելու մտադրության մասին եւ ձեռք բերել նախնական պայմանավորվածություն: Նշված խոշոր գործարքը կատարելու պատրվակով հոկտեմբերի 9-ին մասնաճյուղի կառավարչի մոտ է մտել մեկ այլ երիտասարդ եւ գրավոր սպառնացել պայթեցնել բանկը չհրկիզվող պահարանում առկա գումարն իրեն չտալու դեպքում, ապա հափշտակել առանձնապես խոշոր չափի գումարը եւ դիմել փախուստի: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ դեպքի վայրից փախուստի եղանակի, կատարված ավազակային հարձակմանն առնչություն ունեցած 4 անձի ինքնության վերաբերյալ: Երեք անձ ձերբակալվել է, 4-րդ անձին, ով կասկածվում է դեպքի օրը բանկից գումարը հափշտակելու մեջ, հայտնաբերելու ուղղությամբ իրականացվում են միջոցառումներ»: Նկատենք, որ կոմիտեն չէր հայտնել անուններ, փոխարենը նշել էր, թե ձեռնարկվում են գործողություններ ավազակային հարձակմանը հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու ուղղությամբ:
Ինչպես են պլանավորել բանկի թալանը
Տպավորությունն այնպիսին էր, որ պաշտոնական հաղորդագրությունները շատ հարցերի պատասխանը կտային, բայց ոչ: Հատկապես ոստիկանության ինֆորմացիայով հարուստ հաղորդագրությունը մի շարք հարցեր առաջ քաշեց, թե մասնավորապես ձերբակալված անձինք ինչ կապ ունեն բանկի հետ, միմյանց հետ ու եթե կապ ունեն իրար հետ, ապա ո՞ւր է գողոնը: ՀՀ ոստիկանությունը նշում է, որ Պյոտր Ցիգանկովը ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով որոնվում է, թե ինչ ապացույցներ կան, որ հենց նա է թալանողը, հայտնի չէ: Այսինքն՝ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել բացահայտման մասին, բայց կատարվածը իրականում դեռ բացահայտված չէ:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը հետաքննություն սկսեց՝ հասկանալու համար, թե ովքեր են վերոնշյալ անձինք: Ավազակային հարձակման կասկածանքով որոնվող Պյոտր Ցիգանկովը Աշտարակ քաղաքի բնակիչ է, սակայն երբեք չի ապրել Աշտարակ քաղաքում: Աշտարակ քաղաքի մեր աղբյուրները հայտնեցին, որ նա դեռեւս 2006 թվականին դիմել է իր բանակի ընկերոջը՝ Արթուր Տոնոյանին, որ ինչ-ինչ նպատակներով իրեն գրանցի Աշտարակ քաղաքի Եղբայրության փ., 8-րդ բնակարանում: Արդյունքում, բանակի ընկերը վերջինիս գրանցում է այդ հասցեով ու տարիներ անց նրան գրանցումից չի հանում: Եվ ահա, երբ իրավապահները գնում են բանկի կողոպուտի հետքերով, վերոնշյալ հասցեում ապրող անձինք ապշում են եւ պատմում են ողջ եղելությունը` նշելով, թե Ցիգանկովի հետ կապ չունեն, պարզապես 2006 թվականին գրանցվել է այդ տանը եւ վերջ:
Իսկ ով է գործով ձերբակալված Մարատ Գալստյանը: Նա Երեւան քաղաքի բնակիչ է, առնչություն է ունեցել նախկին ՕԵԿ, այժմ «Հայկական վերածնունդ» կուսակցության հետ: Անգամ լուսանկարներ ունի ՀՎԿ-ին պատկանող Հ3 հեռուստաընկերությունում: Մանրամասները ճշտելու համար դիմեցինք ՀՎԿ լրատվական բաժին, որտեղից հայտնեցին, թե վերոնշյալ անձը ՀՎԿ-ի հետ կապ չի ունեցել եւ չունի: Մինչդեռ մեր ձեռքում հայտնված լուսանկարները այլ բան են վկայում:
Ի վերջո, ինչ ընդհանուր կապ են ունեցել վերոնշյալ անձինք միմյանց հետ եւ ինչպես են պլանավորել բանկի կողոպուտը: Մեզ հասած տեղեկություններով՝ բանկի կառավարչի հետ պայմանավորվածությունը՝ 60.000 եվրո ԱՄՆ դոլարով փոխանակելու մտադրության մասին, ձեռք է բերել Դավիթ Գրիգորյանը, որը ձերբակալված է, իսկ բանկի նկատմամբ ավազակային հարձակումը իրականացրել է Պյոտր Ցիգանկովը, որը անզեն է եղել: Իսկ գործով ձերբակալված մյուս անձինք՝ Մարատ Գալստյանը, Արսեն Գրիգորյանը, Աշոտ Մանուկյանը, օժանդակել են:
Այսպիսով՝ պետք է նկատել, որ կատարված կողոպուտը բացահայտված կլիներ այն ժամանակ, երբ հայտնի դառնար, որ իսկապես Ցիգանկովն է բանկ մտնում՝ տեսանյութ-ապացույցով, եւ հայտնաբերվեր ամենակարեւորը՝ գողոնը, սակայն ո՛չ գողը կա, ո՛չ գողոնը: Էլ չասած, թե ինչպե՞ս է գրավոր սպառնացել, կամ ո՞ր տեքստն է համարվում սպառնալիք, եւ ինչո՞ւ է կառավարիչը վախեցել անզեն մարդուց:
Սա հիշեցնում է ՀՀ պաշտոնյաների տունը թալանած հայտնի «Բանդայի գործը»: Դատապարտվածները մինչեւ վերջ պնդեցին, որ գողության հետ կապ չունեն եւ մեղադրում են ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ իրենց գլխին սարքելու մեջ:
Կառավարիչը չկա
«Ժողովուրդ»-ը փորձեց բանկից բացատություն ստանալ, թե արդյո՞ք Պյոտ Ցիգանկովն է եղել այն անձը, որը մուտք է գործել բանկ: Սակայն բանկի ժամանակավոր կառավարիչը մեզ դուրս հրավիրեց բանկից` հրաժարվելով պատասխանել հարցերին: Բանկի այս մոտեցումը, համաձայնեք, խիստ կասկածների տեղիք է տալիս, քանի որ բանկը այս դեպքում պետք է ավելի շահագրգռվածություն ցուցաբերեր՝ գործի քննության հետեւողականության հարցում, սակայն նրանք կոծկում են ամեն ինչ: Եվ ամենագլխավորը՝ դեռեւս աշխատանքին չի վերադարձել բանկի այն կառավարիչը, որի հետ պայմանավորված բանկ էին մտել եւ տարել 200 հազար դոլարը:
Սերժ Սարգսյանի ելույթը
մնաց անհետեւանք
Դեռեւս հոկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը, քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին անդրադառնալով քննիչների եւ ոստիկանության համագործակցությանը, ասել էր. «Ոստիկանության հետ ակտիվ համագործակցության հիմնական թիրախներից մեկն էլ հետախուզվող անձանց հայտնաբերումն է, ինչը հանցավորության դեմ պայքարում դեռ շարունակում է լուրջ խնդիր մնալ: Ես հատկապես ցանկանում եմ ձեր ուշադրությունը այս հարցի վրա սեւեռել, ընդ որում, երկու տեսանկյունից. նախ՝ որոշ դեպքերում փորձ է արվում հանցագործությունը համարել բացահայտված, երբ հանցագործներից մեկին ենք հայտնաբերել, իսկ մնացածների մասին ընդհանրապես մոռանում ենք: Ես կարող եմ տասնյակ այդպիսի օրինակներ բերել՝ շատ լավ հասկանալով այն, ինչ քննչական կոմիտեի նախագահն ասաց ցուցանիշների ամփոփման տեսանկյունից: Եվ մյուսը՝ շատ դեպքերում ուղղակի մոռանում ենք, որ, այո՛, նախնական հայտնի է, թե ով է կատարել հանցագործությունը, բայց հանցագործը տարիներ շարունակ ուղղակի հանրապետությունում է մնում. հանրապետությունից դուրս չէ: Ես խնդրում եմ այս հարցին վերաբերվել բարեխղճությամբ, որովհետեւ դուք ինձ ավելի լավ կբացատրեք, որ յուրաքանչյուր հանցագործության, ընդհանրապես հանցագործությունների կանխման լավագույն ձեւը դրանց բացահայտումն է ամբողջությամբ»:
Ըստ էության, այս ելույթը որեւէ բան չի փոխել իրավապահ համակարգում, քանի որ դեռեւս գողոնը չհայտնաբերած՝ ՀՀ ոստիկանությունը երեկ շտապեց հայտարարել, թե դեպքը բացահայտվել է: Քննչականն էլ հետ չմնալու համար առանց անունների ինչ-որ բան ասաց: Իսկ գործը դեռ իրականում բացահայտված չէ ամբողջությամբ, ինչի մասին ակնարկում էր Ս. Սարգսյանը:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐԸ՝ ԹԵԿՆԱԾՈՒ
Նոյեմբերի 5-ին մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններն են, եւ համայնքներում արդեն հայտնի են թեկնածուների անունները: Ինչպես ցույց են տալիս զարգացումները, առաջադրված թեկնածուների շարքերում են հայտնվել այնպիսի անձինք, որոնք ԱԺ ընտրություններում որպես մեղաղրյալ կանգնել են դատարանի առաջ:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում սպասվող ընտրություններին ՀՀԿ-ն առաջադրել է համայնքի գործող ղեկավար Յուրիկ Ավալյանին: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է եւս մեկ թեկնածու՝ Վիգեն Սահակյանը, եւ կա մեկ ինքնառաջադրված անկուսակցական թեկնածու՝ Վազգեն Ադամյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ թեկնածուներից Վազգեն Ադամյանը դեռեւս ամիսներ առաջ հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում:
Վազգեն Ադամյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 128-րդ հասցեում գտնվող Ճամբարակ քաղաքի ավագ դպրոցի շենքում տեղակայված թիվ 20/24 ընտրական տեղամասում ժամը 12:03:30-ից 12:08:55-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ Արծրուն Աղաբեկի Ղուլյանի քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով խախտել է Արծրուն Ղուլյանի քվեարկության գաղտնիությունը: Նա մոտեցել է Արծրուն Ղուլյանին եւ ցանկացել իմանալ, թե ում օգտին է քվեարկելու: Տեսնելով, որ Արծրուն Ղուլյանը չի ցանկանում տեղեկություններ հայտնել իր քվեարկության վերաբերյալ, նրա հետեւից քայլելով մոտեցել է թիվ 2-րդ քվեախցիկի մոտ եւ Արծրուն Ղուլյանի՝ քվեախցիկում գտնվելու եւ քվեարկություն կատարելու ժամանակ, քվեախցիկի առջեւից ձգվելով՝ հետեւել է Արծրուն Ղուլյանի քվեարկությանը, տեսել, թե ում օգտին է քվեարկում՝ խախտելով քաղաքացու քվեարկության գաղտնիությունը:
Այս առիթով հարուցված քրեական գործը մայիսի 11-ին ուղարկվել էր Գեղաքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ Վազգեն Ադամյանը միջնորդել էր դատավոր Մնացական Հարությունյանին դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, դրա հետ համաձայն է եւ ընդունում է ամբողջ ծավալով:
Արդյունքում, դատարանը մեկ ամիս տեւած քննությունից հետո՝ հունիսի 13-ին, հրապարակեց վճիռը եւ Վազգեն Ադամյանին պատիժ նշանակեց տուգանք՝ 500 հազար դրամի չափով: Նկատենք, որ Վազգեն Ադամյանը դատավճռի պահանջները ամբողջությամբ կատարել է օգոստոսի 11-ին:
Եւ հիմա էլ ընտրություն կեղծողը, քվեարկության գաղտնիություն կատարած անձը նպատակ ունի համայնքի ղեկավար դառնալ: Հետաքրքիր է՝ ԿԸՀ-ն ինչպես է գրանցելու այս տեսակի թեկնածուին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ