«Ժողովուրդ»-ը ժամանակակից գրականության, գրական միջավայրի խնդիրների եւ այլ թեմաների շուրջ զրուցել է արձակագիր, միջազգային «Ինտերրայթ» եւ «Եվրոփեն» մրցույթների հաղթող Էդգար Կոստանդյանի հետ, որի գրքերը ամենավաճառվողներից են Հայաստանում:
-Էդգա՛ր, Հայաստանում ժամանակակից գրականության առջեւ այսօր ի՞նչ խնդիրներ են ծառացած:
-Արվեստի ճյուղերից ամենավատ վիճակում այսօր գրականությունն է: Կան առանձին գրողներ, որոնք լավ են աշխատում, բայց գրական իրականություն, որպես այդպիսին, չունենք: Կան առանձին հրատարակչություններ, որոնք կարեւոր գործ են անում, բայց գրական միջավայր ասվածը չունենք: Դաշտում շատ խնդիրներ կան` սկսած լեզվի խնդրից: Կարելի է փոքրիկ հանձնաժողով ստեղծել, որի անդամները կընտրեն ստեղծագործությունները` նախքան դրանց տպագրվելը. խոսքը ոչ թե թեմային է առնչվում, այլ գրագետ տեքստերին: Եթե գրողը դ-տ-թ-ի ուղղագրությունը չգիտի, նրա գիրքը չի կարող գրախանութ մտնել: Գրախանութին էլ չես կարող մեղադրել, այն շահույթ հետապնդող կառույց է, պետք է տպագրի: Սպառողի տարրական իրավունքները պետք է պաշտպանվեն: Հանձնաժողովի անդամներն էլ արժանիներին չպետք է ընտրեն խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով, բայց ոչ էլ գրաքննություն պետք է անցկացնեն. ինձ ճիշտ հասկացեք: Այսօր ցանկացած մեկը, ով իր մորքուրի ծնունդը շնորհավորում է, իր գրածը կոչում է պատմվածք: Մի աղջիկ «Ֆեյսբուքում» մի բան է գրում, մայրն ասում է. «Բրավո, բալես», երեխան որոշում է, որ առավոտյան պետք է գիրք տպի: Այսօր այնպիսի մարդիկ են իրենց գրող համարում, որ ամոթ էլ է: Չի կարելի: Իմ սերնդի ներկայացուցիչները կռիվ են տվել, որ գրականությունը մեր երկրում մի քիչ կարեւոր դառնա, չի կարելի փչացնել պատկերը:
-Բազմիցս գրել եք պիեսներ, Ձեր ստեղծագործությունների հիման վրա բեմադրվել են ներկայացումներ: Հիմա ինչո՞ւ Ձեր գործերը չեն բեմադրվում:
-Ես խաղացանկային թատրոնների հետ երբեք չեմ համագործակցել, դրանք եղել են առանձին պատվերներ: Ամեն դեպքում, թատրոնների հետ բացարձակ չեմ ուզում աշխատել: Վերջին անգամ ե՞րբ եք թատրոն գնացել: Հիմա լա՞վ եք: Հայաստանում կա երկու թատրոն, որոնք շատ եմ սիրում` Մալյան թատրոնն ու Գյումրու թատրոնը: Իսկ, առհասարակ, մեր թատրոններում նոր գործեր հազվադեպ են բեմադրվում, որովհետեւ դրանց ծախսը շատ է: Այդ պատճառով էլ անընդհատ հին հեղինակների գործեր են բեմադրում: Ո՞նց կարելի է թատրոնի խաղացանկում երկու-երեք Շեքսպիր ունենալ: Իհարկե, պետք է բեմադրել Շեքսպիր, բայց ամեն ինչին չափ կա:
-Եթե, օրինակ, լրագրությունից խոսելու լինենք, կարող ենք արձանագրել, որ լրագրողական նյութերում մարդու մասին սյուժեները քիչ են. հաճախ անդրադարձ է կատարվում ոչ թե մարդուն, այլ երեւույթին: Գրականության ոլորտում ինչպե՞ս է իրավիճակը:
-Սարսափելի, ավելի վատ չի լինում: Մենք գրական նյութ չունենք: Ընդհանրապես արվեստի բոլոր ճյուղերին է վերաբերում խոսքս: Դուրս ես գալիս փողոց, թվում է` ամբողջը նյութ է, բայց մենք հերոս չունենք: Հերոս ասելով՝ չպատկերացնենք բեղերով հայդուկի: Մեր հերոսները կա՛մ քաչալ օլիգարխներն են` իրենց թիկնապահներով, կա՛մ սոված, հիվանդ մարդը, որը պետք է փող հայթայթի, որ բուժվի: Ինչո՞ւ չունենք գիտնական հերոս, բժիշկ, տնտեսագետ հերոս: Ոչ ոք կասկածի տակ չի դնում այն փաստը, որ այսօր բոլորիս համար կարեւորագույն ֆիգուրը հայ զինվորն է, բայց կարելի՞ է տարվա մեջ նկարել 20 կինո, որից 17-ը` ղարաբաղյան թեմայով, 2-ը` Ցեղասպանության, 1-ն էլ` լպիրշ կոմեդիա:
-Ըստ Ձեզ` ինչո՞ւ հայ պաշտոնյաներն այնքան էլ չեն փայլում գրքի հանդեպ ունեցած իրենց հետաքրքրությամբ:
-Որովհետեւ չգիտեն՝ դա ինչ է, չեն սիրում: Մի անգամ որ շոշափեն, գուցե սիրեն: Իհարկե, կան պաշտոնյաներ, որոնց հետ կարող ես ժամերով գրականությունից խոսել, բայց նրանք քիչ մաս են կազմում: Ընդհանուր առմամբ հայ պաշտոնյաները տգետ են:
-Իսկ ինչո՞ւ է ժողովուրդն ընտրում նրանց, կամ թողնում, որ պաշտոնավարեն:
-Ես չգիտեմ, ես երբեք չեմ գնում ընտրությունների:
-Մի փոքր էլ Ձեր անձին առնչվող հարցերից խոսենք: Ձեզ ինչո՞ւ են տվել «սկանդալային գրող» պիտակը:
-Ես չգիտեմ: Իրականում այնքան հանգիստ մարդ եմ, տանից դուրս եմ գալիս ամիսը մեկ, ոչ մի սկանդալ չեմ փնտրում: Լավ չի, որ այդպես են ասում: Համենայն դեպս, ինձ դա դուր չի գալիս: Գուցե ունեցել եմ մի գործ, որ սկանդալային է եղել, բայց չեմ սիրում, որ ինձ այդպես են դիմում:
-Էդգա՛ր, Դուք խոսեցիք լեզվական խնդիրներից, բայց կարելի է նկատել, որ, օրինակ, «Ֆեյսբուքում» հաճախ հայհոյախառն գրառումներ եք անում: Չե՞ք վախենում, որ ընթերցողներին կարող եք հիասթափեցնել:
-Ես շատ չեմ հայհոյում, շա՞տ եմ հայհոյում… Գիտեք` ես «Ֆեյսբուքը» շատ չեմ կարեւորում. դա «բիսետկայի» պես տեղ է, լուրջ հարթակ չէ, որ սափրվես, նոր մտնես: Կարող է եւ ջղայնանաս, հայհոյես, նշանակություն չունի: Ամեն դեպքում, չեմ ուզենա, որ իմ գրառումները երբեւէ կապվեն իմ գրականության հետ:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԻՆՉՈ՞Ւ ՍՈՒՐԵՆ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ «Հ1»-ԻՑ
«Հիթ օլիմպ», «Բջջային տասնյակ», «Երաժշտական խաչմերուկ» հաղորդումներից հայտնի Սուրեն Փահլեւանյանը տեւական ժամանակ է՝ էկրաններին որպես հաղորդավար չի երեւում։ Փոխարենը նա նկարահանվում է սերիալներում։ «Պապայի աղջիկները» սերիալում կերտած նրա կերպարն, օրինակ, ամենաքննարկվողներից է։
«Ժողովուրդ»-ը Սուրենից հետաքրքրվեց՝ արդյո՞ք վերջինս որպես հաղորդավար հանդես գալու առաջարկներ ունի. «Նման առաջարկներ չունեմ, թեեւ եթերից դուրս ինձ չեմ պատկերացնում»-ասաց մեր զրուցակիցը։
Դիտարկմանը, թե գուցե պատճառն այն է, որ գործատուները նախապատվությունը տալիս են ոչ փորձառու, բայց էժան աշխատուժին, Սուրենը պատասխանեց. «Շատ հնարավոր է, ամեն դեպքում, որ հաղորդման շրջանակում որ ընդգրկված եմ եղել, փորձել եմ ապահովել որակ»։
Սուրենը 2012-ից Հանրային հեռուստաընկերությամբ վարում էր «Առավոտ լուսո» հաղորդումը, սակայն որոշ ժամանակ անց անսպասելի անհետացավ եթերից։ Մենք հետաքրքրվեցինք՝ որն էր պատճառը. «Պատճառն այն էր, որ աշխատանքս կրկնապատկվեց, սակայն աշխատավարձս մնաց նույնը, դա աբսուրդ է»,-տեղեկացրեց նա։
Մենք հարցրինք՝ գուցե Սուրենն ի՞նքը հեղինակի որեւէ հաղորդում, որը հոգեհարազատ կլինի իրեն. «Նման դեպքերում հարկավոր է գտնել հովանավորներ, իսկ վերջիններս էլ հաճախ թելադրում են կանոններ, որոք ձեռնտու չեն լինում քեզ»,-նկատեց նա։ Սուրենը կարծիք հայտնեց, որ առաջիկայում ինքն ավելի կխորանա դերասանական ոլորտում. «Զգում եմ, որ հաջողում եմ այդ ասպարեզում, աստիճանաբար հմտանում եմ, այնպես որ դերասանի աշխատանքն իսկապես հոգեհարազատ է դառնում ինձ»,-ասաց նա։
Մենք Սուրենի հետ մի փոքր խոսեցինք նաեւ անձնական կյանքից, հետաքրքրվեցինք՝ ինչպես է նա վերաբերվում իր կնոջ՝ հաղորդավարուհի Յանա Դանիելյանի արտաքինի մասին համացանցում պարբերաբար հնչող քննադատություններին. «Անկեղծ ասած՝ մեր ամուսնության առաջին տարիներին շատ ծանր էի տանում այդ քննադատությունները, բայց հիմա արդեն անտեսում եմ, որովհետեւ զգում եմ, որ դրանց հեղինակները պարապ եւ հիմար մարդիկ են»,-եզրափակեց Սուրենը։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ