Այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձել է պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակումներ ենթադրող օրենսդրական նախագիծը:
Ավելին՝ խորհրդարանում իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները միմյանց «երեսով էին տալիս» բանակում չծառայելու հանգամանքը:
Եւ ահա, այս ամենի համատեքստում հետաքրքրական մեկ փաստ եւս. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տարկետման իրավունքից օգտվել ու ժամկետային զինծառայություն չեն անցել նաեւ ՍԴ անդամ Կիմ Բալայանի երկու որդիները, որոնք այսօր աշխատում են պետական համակարգում, իսկ մեկն էլ ծառայել է կիսատ: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ԵՊՀ-ն ավարտելուց հետո ընդունվել է ասպիրանտուրա եւ բանակ չի գնացել:
Գաբրիել Բալայանը, որ աշխատել է նաեւ ՊԵԿ-ում, հետո Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտորն էր, կրկին չի ծառայել՝ սովորելով Վաշինգտոնում: Իսկ նրանց երրորդ եղբայրը՝ Դավիթ Բալայանն էլ նշել է, թե 2 տարվա փոխարեն ծառայել է մեկ տարի՝ 1993-94թթ. ՀՀ սահմանապահ զորքերում:
Մեր հրապարակումից հետո Գաբրիել Բալայանը կապ հաստատեց մեզ հետ` պարզաբանելով, թե ինչու չեն ծառայել ամբողջական ժամկետով:
Պարզաբանման մեջ ասվում է. «1. իմ մեծ եղբայրը՝ Դավիթ Բալայանը, անցել է պարտադիր զինվորական ծառայությունը ուղիղ 18 ամիս՝ այն ժամանակվա գործող օրենսդրության համաձայն։
2. Ես պարտադիր զինվորական ծառայություն անցել եմ մեկ տարի՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում։ Ինձ համար անհայտ մնաց, թե ինչու ինձ չթույլատրեցին վեց ամիս ծառայել ուսումնական զորամասում ու տեղափոխվել այլ զորամաս «ավագ» զինվորական կոչումով, ինչպես իմ ԲՈՒՀ ավարտած ծառայակիցները։
Ընդ որում, աջ ձեռքիս վնասվածքի պատճառով զինկոմիսարիատից տուն էին ուղարկում, ու միայն հորս միջնորդությունից հետո էին ինձ զորակոչեցին՝ անտեսելով բժշկական հանձնաժողովի եզրակացությունը։
Զորացրվել եմ երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ։ Բայց սա էլ հարթ չընթացավ։ Եթե ծառայակիցներիս երկրորդ երեխայի ծնվելուց հետո զորացրում էին տաս օրվա ընթացքում, ինձ անհայտ պատճառներով, իմ հետ կապված գործընթացը տևեց մոտ երկու ամիս։
Ու քանի որ այս կեղծ տեղեկատվությունը հրապարակվում է «Զինվորական ծառայության» նոր օրենքի քննարկումների համատեքստում, բերեմ նաև սեփական օրինակս. ԵՊՀ պատմության ֆակուլտետն ավարտելուց հետո զորակոչվել եմ բանակ։ Վերադառնալուց հետո ընդունվել եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, այն ավարտելուց հետո պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն նույն ԵՊՀ-ում, հետո ՌԴ- ում, հետո սովորել եմ և Եվրոպայում և ԱՄՆ-ում, մինչ օրս հանդիսանում եմ դոկտորանտուրայի ուսանող։
Շուրջ 12 տարի է դասավանդում եմ տարբեր բուհերում։ Ու բոլոր գիտական հաջողություններին հասել եմ զինվորական ծառայությունից հետո։
3. Ինչ վերաբերում է մյուս եղբորս՝ Տիգրան Բալայանին։
Թերթի հրապարակման միակ ճշգրիտ տեղեկությունը հենց նրան է վերաբերում։ Տիգրան Բալայանի «Ղարաբաղյան հիմնախնդիրը և միջազգային դիվանագիտությունը 1991-1994թթ.» ատենախոսությունը և համանուն մենագրությունը այդ ժամանակահատվածի առաջին գիտական ուսումնասիրությունն էր, որն դասագիրք է դարձել միջազգային հարաբերությունների ուսանողների համար, արժեքավոր աղբյուր` ուսումնասիրողների համար»:
Այսպիսով, իրապես Բալայաններն ամբողջական ժամկետով զինծառայություն չեն անցել հայոց բանակում:
Ու քանի որ Գաբրիել Բալայանն անձամբ էր կապվել մեզ հետ, հետաքրքրվեցինք, թե ինչ հիմքով է տարկետում ստացել իր որդին, արդյոք տարեկետման հարցում որևէ կերպ միջնորդել է ձեր եղբայր, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Ի պատասխան` Գաբրիել Բալայանը նշեց. «Որդիս օգտվում է տարկետման իրավունքից՝ այս պահին գործող օրեսնդրության համաձայն։ Իսկ Տիգրան Բալայանը, ինչպես և ես ու մեծ եղբայրս կապ ունենք մեր ընտաիքում կատարվող բոլոր իրադարձությունների հետ»: