Քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը պատուհաս է դարձել իրավապահ մարմինների համար:
Բանն այն է, որ քրեական հեղինակության եղբոր սպանությունից անցել է շուրջ երեք տարի, եւ մինչ օրս Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը չի կարողանում որոշում կայացնել եւ գործով 3 տարի կալանքի տակ գտնվող Իսրայել Սարգսյանին ազատազրկման դատապարտել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեռես 2017 թվականի հունիսի 22-ին պետք է հրապարակվեր այս գործով վճիռը, սակայն դատավոր Բեկթաշյանը վճիռ չկայացրեց եւ կրկին դատաքննություն սկսեց եւ ահա Բեկթաշյանը պետք է հրապարակեր վճիռը, բայց այս անգամ էլ «չհամաձրակվեց» որոշում կայացնել եւ կրկին դատաքննություն սկսեց:
Ու այսպես՝ արդեն երեք տարի է, ինչ սպանության գործով կալանավորված Իսրայել Սարգսյանն էլ հայտարարում է, որ նա չի սպանել Թեւոս Սաֆարյանի եղբորը, եւ ըստ ամենայնի դատարանն էլ տեսնում է այդ ամենը, բայց ինչ-որ կաշկանդող բան ունի՝ արդարացման վճիռ կայացնելու հարցում: