«Յուքոմ» ընկերությունը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ին եւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության դեմ բողոք ներկայացրել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Յուքոմ» ընկերությունը մասնակցել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգին:
Իսկ գնահատող հանձնաժողովը հասատատել է, որ «Յուքոմ» ընկերության ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են հրավերի պահանջներին: Ինչի արդյունքում էլ գնահատող հանձնաժողովը ընկերությանը ճանաչել է ընտրված մասնակից եւ որոշել է ներկայացնել առաջարկ` պայմանագիր կնքելու համար:
Եւ պատվիրատուն` այս դեպքում ՏԿՏՏՆ-ն, այս տարվա փետրվարի 7-ին «Յուքոմ»-ին հայտնել է, որ վերջինս ճանաչվել է ընտրված մասնակից, ներկայացրել է հեռախոսակապի ծառայությունների ձեռքբերման պայմանագրի նախագիծը ու առաջարկել է հինգ օրվա ընթացքում կնքել այն: «Յուքոմ»-ը իր հերթին ստորագրել է գնման ընթացակարգի պայմանագիրը եւ փոխանցել այն նախարարությանը: Բայց «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գնման ընթացակարգի ստորագրելուց օրեր անց` փետրվարի 14-ին, անհասկանալի պատճառներով պատվիրատուն անհիմն կարգով հայտը չեղյալ է ճանաչել:
Ըստ «Յուքոմ» ընկերության` հայտի անհիմն չեղյալ համարելը պատվիրատուն փորձել է բացատրել նրանով, որ իբրեւ թե արձանագրվել է խախտում, ըստ որի` ընկերության կողմից ստորագրված պայմանագրում բացակայում են սարքերի անվանումները եւ տեխնիկական բնութագրերը: Բայց «Յուքոմ»-ը գնումների աջակցման կենտրոն ներկայացրած իր բողոքում պնդում է, որ հրավերի մեջ չի եղել սարքերի հստակ նկարագրության որեւէ պահանջ:
Այս ամենի արդյունքում ընկերությունը գտնում է, որ գնահատող հանձնաժողովը թույլ է տվել ինքնիրավչություն եւ առանց որեւէ հիմնավորման եւ համապատասխան իրավասության գնման առարկան որակել է իբրեւ ոչ հստակ: Մյուս կողմից «Յուքոմ»-ը պնդում է, որ ստացել է պատվիրատուի կողմից ներկայացված պայմանագրի նախագիծը եւ ստորագրել այն:
Մինչդեռ մինչ այն ստորագրելը, պատվիրատուն կարող էր փոփոխություններ կատարել գնման առարկայում, եթե վերջինս իր կարծիքով հստակ չէր: Սակայն այս դեպքում նախարարությունը չի օգտվել իր այդ իրավունքից: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գնումների աջակցման կենտրոնը մարտի 27-ին դիմել է ՏԿՏՏՆ եւ խնդրել է կարծիք տալ «Յուքոմ»-ի կողմից ներկայացված բողոքի վերաբերյալ:
Ապա ապրիլի 4-ին նախարարությունը գրությամբ հայտնել է, որ տեխնիկական սարքավորումները անհրաժեշտ էին տաքսիների լիցենզիաների վերահսկողության աշխատանքների կազմակերպման համար, ինչը պետք է իրակնացվեր պլանշետների միջոցով: Սակայն գնման ընթացակարգի հրավերում գնման առարկայի տեխնիկական բնութագրում պլանշետներ նախատեսված չէին, եւ այլ սարքավորումներ առաջարկելու դեպքում հնարավոր չէր լինի կատարել վերը նշված աշխատանքները, եւ կառաջանար գնի էական տարբերություն: Այսինքն՝ չէին պահպանվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջները:
Իսկ «Յուքոմ» ընկերության բողոքում նշված է, որ իրենց կողմից գնային առաջարկը ներկայացվել է հրավերի պահանջներին ամբողջությամբ համապատասխան: Ընկերությունը համարում է, որ ձեռքբերվող հեռախոսակապի ծառայությունների նկարագրությունը ամբողջությամբ եւ հստակ տրված է եղել համապատասխան գնման հրավերով եւ պարզապես չէր կարող այլընտրանքային մեկնաբանության տեղիք տալ:
Բայց չնայած սրան` գնումների բողոքարկման խորհուրդը մերժել է «Յուքոմ»-ի ներկայացրած բողքը: Խորհուրդը գտել է, որ պատվիրատուի կողմից հրավերով սահմանվել էր գնման առարկայի այնպիսի բնութագիր, որը կհանգեցներ պատվիրատուի համար գնման գործընթացի անարդյունավետ եւ անօգտավետ իրականացմանը:
Քանի որ տվյալ դեպքում գնման առարկայի բնութագրերով ամբողջությամբ եւ հստակ չէին նկարագրվել ձեռքբերվող ապրանքի եւ ծառայության հատկանիշները: Ըստ խորհուրդի` տեխնիկական սարքավորումները անհրաժեշտ էին վերահսկողության աշխատանքների կազմակերպման համար, ինչը պետք է իրականացվեր պլանշետների միջոցով, սակայն ընթացակարգի հրավերում պլանշետներ նախատեսված չէին:
Նշենք, որ «Յուքոմ» ընկերության եւ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ջրերը մի առվով չեն հոսում: Ըստ որոշ տեղեկութունների` երկու կողմերի միջեւ այս «լուռ հակամարտությունը» սկսվել է Վահան Մարտիրոսյանի՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշանակվելուց հետո:
Չէ՞ որ Վահան Մարտիրոսյանը «Յուքոմ»-ի մրցակից համարվող «Ռոստելեկոմի» հիմնադիրն է: Իսկ «Յուքոմ»-ի մի մասի բաժնետերը, ըստ որոշ տեղեկութունների, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Ի դեպ, տեղեկացնենք, որ «Տաշիր» ընկերության մաս կազմող «Ֆորա բանկ»-ը պատրաստվում է գնել «Յուքոմի» բաժնետոմսերի 11.2 տոկոսը։ Իսկ «Տաշիր»-ին իրենց բաժնեմասերից վաճառել են ընկերության սեփականատերերից Արամ, Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները: Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիներն են, Արամ Խաչատրյանը` եղբորորդին:
Սյունէ Համբարձումյան