Մեր թշնամուն են ուրախացնում․ Նադեժդա Սարգսյանը՝ Ռիտա Սարգսյանի հետ մտերիմ հարաբերությունների համար քննադատվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի հետ զրուցել է նրա առողջական վիճակի, թոռնիկների եւ Ռիտա Սարգսյանի հետ ջերմ հարաբերությունների պատճառով քննադատվելու մասին։

-Տիկի՛ն Նադեժդա, որքանով տեղյակ ենք՝ տեւական ժամանակ էր, ինչ Միացյալ Նահանգներում էիք, Ձեր դստեր՝ երգչուհի Էմմիի մոտ։ Ե՞րբ եք վերադարձել։ Այժմ ինչո՞վ եք զբաղվում։

-Երեւան եմ եկել հոկտեմբերի 16-ին։ Այս պահին, ճիշտն ասած, զբաղված եմ առողջական հարցերով։ Այցելում եմ տարբեր բժիշկների, հետազոտվում եմ։ Ինչ վերաբերում է աշխատանքային կյանքին, ասեմ, որ ծրագրեր ունեմ սաներիս հետ, որոնք սպասում էին իմ վերադարձին։ Ի դեպ, այսօր ես կարող եմ հայտնել, որ իմ սանը` Պոլինա Բոգուսեվիչը, կներկայացնի Ռուսաստանը «Մանկական Եվրատեսիլում»։ Փաստորեն, ամբողջ Ռուսաստանից ընտրվել է իմ սանը, դրանից լավ բա՞ն։

-Իսկ Ձեր առողջական խնդիրները վերջնականապես անցա՞ն (երգչուհին հաղթահարել է քաղցկեղը-հեղ.), թե՞ դեռ բուժման գործընթացում եք։

-Քանի որ հիվանդությունը չորրորդ փուլում է, այն լիովին հաղթահարված չէ։ Մենք շարունակում ենք քիմիաթերապիան ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ այստեղ։ Միայն Աստծո շնորհիվ է, որ ես այսօր կամ, ես շնորհակալ եմ նրան։ Տերը միշտ մեզ հետ է, մնում է՝ մենք նրա հետ լինենք։

-Տիկի՛ն Նադեժդա, մի փոքր պատմեք Ձեր թոռնիկների մասին։

-Նրանք իմ երկու հրաշքներն են։ Մեկ-մեկ մտածում եմ՝ ամբողջ Հայաստանի երեխաների հետ պարապեցի, զբաղվեցի, գոնե Աստված առողջություն տա, որ թոռներիս էլ նվիրվեմ, մի քանի տարի երեխաներիս հետ լինեմ։ Էմմիի զավակները շատ պոզիտիվ են, ժպտերես, նաեւ հանգիստ, դաստիարակված։ Մեկը, օրինակ, երկու տարեկան չկա, բայց նկարչական ստուդիա է այցելում, ես այնտեղ ուսանողներիս հետ պարապում եմ, երկուսով ինձ ձայնակցում են (ծիծաղում է)։

-Իսկ Էմմին խի՞ստ մայրիկ է, կպատկերացնեի՞ք նրան այդ դերում։

-Ո՛չ, երբեւէ չէի պատկերացնի։ Ինձ թվում էր՝ Էմմին ինքը դեռ երեխա է, բայց երբ տեսա, թե ինչ մայր է, շատ ուրախացա։ Նա երեխաների վրա երբեք ձայն չի բարձրացնում, բայց, միաժամանակ, լավ դաստիարակում է, նրա խստությունը երեխաները զգում են։ Ինքն էլ էայդպես դաստիարակվել՝ ճապոնական մեթոդով, երբ երեխային «չի կարելի» չի ասվում, այլ բացատրվում է՝ ինչու չի կարելի։

-Էմմին Հայաստան վերադառնալու ծրագրեր ունի՞։

-Ո՛չ, դեռ չունի, ամուսնու գործն այնտեղ է։ Բայց, դե, գիտեք՝ Էմմին որքան կապված է Հայաստանի, Երեւանի հետ, արդեն սիրտը կանգ է առնում Երեւանի համար։ Երեխաները մի քիչ մեծանան, հնարավոր է՝ գան։ Ամուսինն ինչպես ասի, այդպես էլ կանեն։ Ինչքան էլ Էմմին ազատամիտ լինի, միեւնույն է՝ ավանդական դրվածքի համաձայն՝ ամուսինն ինչպես ասի, այնպես էլ կանի։

-Վերջերս համացանցում հայտնվեց հոլովակ՝ Ձեր ծննդյան տոնից, որին ներկա էր նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Դուք նրա հետ շատ ջերմորեն շփվում էիք, երգում էիք, պարում։ Շատերը դա որակեցին որպես շողոքորթություն, իշխանական էլիտային հաճոյանալու քայլ։ Ի՞նչ կասեք։

-Վատ մարդը միշտ էլ վատ է մտածում։ Պետք է լավը մտածես, որ լավ լինի։ Ի դեպ, ասեմ, որ ծննդյանս տոնը կազմակերպել էին մեր քոլեջի դասախոսներն ու ուսանողները, դա մեծ անակնկալ էր ինձ համար։ Իսկ, ընդհանրապես, միշտ պետք է հարգել մեր ղեկավարին։ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ով հաղթում է՝ ասում են՝ ինքը մեր նախագահն է, առաջնորդը։ Մենք էլ պետք է այդ մշակույթն ունենանք, իմանանք՝ ինչպես պետք է մեզ պահենք։ Ես գիտեմ, որ այսօր բոլորիս վիճակը բարդ է, բայց սա էլ կհաղթահարենք, ուղղակի պետք է պոզիտիվ մտածել։

Ամո՛թ քննադատողներին, մեր առաջին տիկինն էլ է մարդ, ստեղծագործ մարդ, կանգնած է արվեստի կողքին, քանի անգամ եղել է՝ իմ սխալն էլ է ուղղել։ Այնքան ենք լսել մեր մասին վատը, որ նույնիսկ չեմ էլ ուզում ուշադրություն դարձնել։ Դա, իհարկե, մեզ տխրեցնում է, բայց վատն այն է, որ հարեւաններին են ուրախացնում, մեր թշնամուն են ուրախացնում։ Պետք է ամեն ինչ անենք, որ թշնամին չուրախանա։ Ի՞նչ վատ է, որ մեր երկրի առաջին տիկինը մեր կողքին է, մեր երեխաների կողքին է։ Ես դրանից միայն ուրախանում եւ ուժեղանում եմ։

Աննա Բաբաջանյան




Լրահոս