Ինչ նոր գործառույթներ կունենան մարզպետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ շրջանառության մեջ է դրվել տարածքային կառավարման հայեցակարգի նախագիծը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից մշակված նախագծում ներկայացված են այն հայեցակարգն ու գործառույթները, որոնք ունենալու են մարզպետները: Ըստ այս հայեցակարգի՝ մարզպետների աշխատանքում նոր գործառույթներ են ավելանալու, իսկ մի քանիսն էլ տրվելու են համայնքներին:

Նախագծից տեղեկացանք, որ առաջարկվում է վերաձեւավորել մարզային խորհուրդը, որը դառնալու է մարզի զարգացման քաղաքականության հիմնական ուղղությունները կանխորոշող խորհրդակցական մարմին: Մարզի զարգացման խորհուրդը բաղկացած կլինի 15-ից 31 անդամից եւ առնվազն 2/3 կլինեն տվյալ մարզի համայնքների ներկայացուցիչները:

Բացի այդ՝ մարզային ներդրումային եւ տնտեսական այլ ծրագրերի ֆինանսավորման եւ իրականացման նպատակով մարզերում ձեւավորվելու են մարզային հիմնադրամներ: Հիմնադրամի գործառույթների շրջանակում են լինելու ներդրումների ներգրավումը, դոնորների հետ տարվող աշխատանքը, գործարարության եւ գյուղատնտեսության աջակցումը, ներդրումային ծրագրերի պատրաստումը, իրականացումը եւ իրականացվող ծրագրերի մշտադիտարկումը:

Անդրադառնանք մարզպետների աշխատանքում ավելացվող գործառույթներին: Ըստ այդմ, նրանց գործառույթների մեջ մտնելու են`

1) մարզի ռազմավարական ծրագրերի կազմում, միջոցների հայթայթում, ծրագրերի իրականացում։ Ծրագրերի հնարավոր ոլորտներն են՝ ձեռնարկատիրություն, զբոսաշրջություն, գյուղատնտեսության աջակցություն, համայնքային զարգացում, ենթակառուցվածքների զարգացում, բնապահպանական ծրագրեր եւ այլն.

2) պետական բյուջեից մարզերի սոցիալական ոլորտի զարգացմանը հատկացվող միջոցների մրցութային կարգով բաշխում, ծրագրերի իրականացման գնահատում եւ մոնիտորինգ.

3) մարզի տարածքում հանրապետական աջակից հիմնադրամների եւ մարմինների գործունեության համակարգում՝ ՓՄՁ աջակցության, գյուղատնտեսության աջակցության, ենթակառուցվածքների կառուցման եւ պահպանման ու այլ ուղղություններով։

Իսկ համայնքներին կտրվեն հետեւյալ գործառույթները`

1) սոցիալական աջակցության տարածքային մարմինների կառավարում.

2) ներհամայնքային ճանապարհների կառուցում եւ պահպանում.

3) անասնաբուժական ծառայությունների ապահովում:

Հավելենք, որ սա փոփոխությունների առաջին փուլն է, հետագայում տարածքային կառավարման առումով այլ փոփոխություններ եւս սպասվում են:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս