Կարեն Կարապետյանը փորձում է ցույց տալ, թե տիրապետում է իրավիճակին. «ռազբորկաները» սկսվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Կարապետյանի կառավարությունը պատմության մեջ կմնա որպես ամենաշատ ծրագրեր ու հայեցակարգեր հեղինակած պետական մարմին: Ճիշտ է՝ այդ ծրագրերի մեծ մասն ուղղակի «ջուր է». դրանք գրվել են գրվելու համար ու կմնան օդում կախված: Բայց կարեւորը՝ կառավարությունը փորձում է բոլորին համոզել, թե «հուպ տված», քրտնաջան աշխատում է: Ու ոչինչ, որ այդ աշխատանքի պտուղները չեն երեւում. արդարացումներ միշտ էլ կգտնվեն: Ավելի ճիշտ՝ արդարացումներն արդեն կան. երեկ դրանք փորձում էր ներկայացնել վարչապետը՝ ընդ որում, խոստովանելով անգամ՝ իրենց «բարեփոխումները» մնացել են թղթի վրա:

Կառավարության նիստում Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված 2017 թվականի ընթացքում ծրագրավորվել եւ ընթացքում են գտնվում մի շարք միջոցառումներ։ Նշված օրենսդրական եւ գործնական միջոցառումներից մի քանիսն արդեն իսկ իրագործվել են։

Սակայն մարդկանց որոշ հատվածը դրանց վերաբերյալ տեղեկացված չէ, որոշ գործարարներին դրանք պատշաճ չեն ներկայացվել, գրանցվել են սպասարկման որակի խնդիրներ եւ այլն …Մտավախություն ունենք, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, հանձնարարականները գնում են, տեղերում իրագործվում է մի մասը կա՛մ ոչ լիարժեք, կա՛մ յուրաքանչյուրը մեկնաբանում է իր պատկերացմամբ»:

Հետո նա հանձնարարել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին համագործակցել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» հետ, երկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ «գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության թե՛ կարճաժամկետ եւ թե՛ երկարաժամկետ միջոցառումների փաստացի, ոչ թե փաստաթղթային իրագործման, գործարար աշխարհում դրանց տարածման օբյեկտիվ ցուցիչների կազմման եւ մոնիթորինգի համակարգի գործարկման վերաբերյալ»:

Փաստորեն, Կարեն Կարապետյանը խոստովանել է այն, ինչի մասին խոսվում էր տեւական ժամանակ. գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության միջոցառումներն այդպես էլ մնացել են թղթի վրա: Բայց այս ամենի պատճառն ամենեւին էլ գործարարների եւ բնակչության մոտ տեղեկացվածության պակասը չէ, ինչպես երեկ համոզում էր վարչապետը: Ընդհակառակը, գործարարները բավական ուշադիր հետեւում են ոլորտում փոփոխություններին:

Պարզապես կառավարության ծրագրերը որեւէ առնչություն չունեն իրականության հետ, շարադրված են երկրի քաղաքական-տնտեսական վիճակի մասին պրիմիտիվ պատկերացումներով եւ ավելի շատ հիշեցնում են բարի ցանկությունների մատյան:

Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանում տնտեսական պրոբլեմներն անքակտելիորեն շաղկապված են քաղաքական խնդիրների հետ: Եւ տնտեսության մեջ լուրջ տեղաշարժեր ակնկալել կարելի է միայն քաղաքական խնդիրները լուծելուց հետո:

Այլ կերպ ասած՝ քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը, քանի դեռ Հայաստանը չի կարգավորել հարաբերությունները հարեւան երկրների հետ, այլ շարունակում է գտնվել երկկողմանի շրջափակման մեջ, քանի դեռ տնտեսությունը մոնոպոլիզացված է, երկրում արմատացած է կոռուպցիան, դատական համակարգն անկախ չէ, բացակայում է արդարադատությունը, իսկ բնակչությունը՝ արտագաղթում, տնտեսության մեջ լուրջ փոփոխություններ ակնկալելն անիմաստ է: Եւ սա մենք չենք ասում, այս մասին խոսել են աշխարհահռչակ տնտեսագետները, այդ թվում՝ հայազգի Տարոն Աճեմօղլուն:

Մինչ այդ, սակայն, հետաքրքիր էր Կարեն Կարապետյանի ինքնախոստովանական հայտարարություններով հանդես գալու փաստը: Չէ՞ որ ընդամենը վերջերս կառավարության անդամները փորձում էին մարդկանց համոզել, թե իրենց որդեգրած տնտեսական զարգացման մոդելն արդարացնում է, եւ որ իրենք աննախադեպ հաջողություններ են գրանցում:

Մինչդեռ հիմա Կարեն Կարապետյանն այնքան էլ լավատես չէ: Միգուցե տնտեսական վերջին ցուցանիշները բացել են նրա աչքերը, երբ պարզ դարձավ, որ հունվար-սեպտեմբեր ամիսներին աճի տեմպերը նկատելիորեն դանդաղել են: Միգուցե իշխանության ներսում սկսվել են «ռազբորկաները», եւ հիմա Կարապետյանը փորձում է ցույց տալ, թե տիրապետում է իրավիճակին: Ամեն դեպքում, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս