Հայ դահուկավազորդներն ու լեռնադահուկորդները պայքարում են 2018 թ. Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրերի համար: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի խոսքով՝ դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը գրեթե ապահովել է իր մասնակցությունը.
«Ուղեգիր ունենալու համար Սերգեյին անհրաժեշտ է լինել 300 լավագույնների շարքում: Այս պահի դրությամբ նա 299-րդն է վարկանիշային աղյուսակում: Միքայել Միքայելյանը շատ մոտ է վարկանիշ ձեռք բերելուն: Նրան հարկավոր է նվազեցնել միավորները՝ հասցնելով 100-ի: Միքայելն այժմ ունի 105 միավոր: Հավանական է նաեւ Թադեւոս Պողոսյանի ուղեգիրը: Նա ունի 115 միավոր:
Աղջիկների դեպքում կարող ենք ստանալ «սպիտակ քարտ»՝ մեկ մարզիկի մասնակցության հնարավորություն: Բայց մարզիկը պետք է 300-ից պակաս միավոր ունենա: Բարեբախտաբար նման 3-4 դահուկավազորդ ունենք: Կընտրենք այն մարզիկին, որն այդ պահի դրությամբ կլինի լավագույն մարզավիճակում:
Փորձում ենք նաեւ օլիմպիական խաղերում ունենալ գոնե մեկ լեռնադահուկորդ: Ամեն ինչ պարզ կլինի հունվարի 20-ից հետո»,- ասաց Գագիկ Սարգսյանը:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նշեց, որ Սերգեյ Միքայելյանն առաջիկայում մասնակցելու է աշխարհի գավաթի խաղարկության փուլերին:
Դահուկավազքի հավաքականն Արթուր Միքայելյանի գլխավորությամբ այժմ մարզվում է Ֆինլանդիայում: Թիմի կազմում ընդգրկված են Սերգեյ Միքայելյանը, Միքայել Միքայելյանը, Թադեւոս Պողոսյանը, Կատյա Գալուստյանը: Հավաքականի գլխավոր մարզիչն իր միջոցներով հավաքին ներառել է նաեւ Մարիամ Միքայելյանին: