Պետական գանձարանի ոսկիները կծախեն. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պետական գանձարանում գտնվող թանկարժեք քարերի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի պետական պահուստներից 1996 թ-ից հետո կառավարության կողմից սահմանված կարգով ու չափով հրապարակային աճուրդների միջոցով իրացում չի իրականացվել, որի արդյունքում պետական գանձարանում կուտակվել են բավարար քանակությամբ թանկարժեք քարեր, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրեր:

Ու բանն այն է, որ պետական պահուստների թանկարժեք մետաղներից ու քարերից պատրաստված իրերը տարիների ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը եւ բնականաբար նաեւ արժեքը:

Այս մասին «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018–2021 թթ. թանկարժեք մետաղների եւ քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագիր անունը կրող նախագիծը օրերս ավելացվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ Ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:

Այժմ առաջարկվում է վաճառել այդ թանկարժեք քարերն ու մետաղները՝ խուսափելու համար դրանց արժեքային կորստից եւ միաժամանակ պետական բյուջե մուտքագրելով մոտ 1,5 միլիարդ դրամ:

Նախագծում ասվում է, որ պետական գանձարանում գտնվող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներից, թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային եւ բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերից բացի՝ մնացած արժեքների պահպանումը ոչ արդյունավետ եւ աննպատակահարմար է, քանի որ դրանք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս