Կառավարությունն անօթևան 11 ընհտանիքին կաջակցի վեց ամսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 22-ին ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սիլիկյան 9 շենքի տեղի ունեցած հրդեհի հետեւանքով այսօր 11 ընտանիք մնացել է դրսում: Նշենք, որ հինգ օր առաջ բռնկված հրդեհի հետեւանքով երկհարկանի շենքից, որտեղ բնակվում էր ավելի քան 20 մարդ, ոչինչ չի մնացել՝ բացի պատերից: Բնակիչներն անգամ չեն կարողացել իրենց հետ դուրս բերել ունեցած իրերը, այդ թվում եւ հագուստները:

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության` հրդեհի ծագման հավանական պատճառ կարող էր լինել շենքի առաջին հարկում գտնվող դահլիճում կուտակված ցախի եւ ստվարաթղթի այրումից տարածած կրակը: Ի դեպ, այս եզրակացությունն արդեն ուղարկվել է քննչական կոմիտե:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է Արմավիր քաղաքի Սիլիկյան փողոցի հ 9 շենքի հրդեհից տուժած թվով 11 ընտանիքներին ֆինանսական աջակցություն տրամադրել: Այս նպատակով տարածքային կառավարման նախարարությանը հատկացվել է 2 մլն 640 հազար դրամ, ինչն էլ իր հերթին նշված գերատեսչությունը կփոխանցի Արմավիրի մարզպետարանին: Ըստ Արմավիրի քաղաքապետարանի` կառավարությունը նախատեսում է փոխհատուցել բնակիչների միայն վեց ամսվա բնակարանի վարձակալության գումարը: Սա խիստ զայրացրել է բնակիչներին, քանի որ այդպես էլ պարզ չէ թե ինչպես է վեց ամիս անց լուծվելու իրենց բնակարաններով ապահովելու հարցը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հայկական կարմիր խաչի ընկերությունը նախօրեին տուժածներին տրամադրել է 1 ամսվա համար նախատեսված սննդի եւ հիգիենիկ պարագաների փաթեթներ, ծալովի մահճակալներ, տաք ծածկոցներ, ձմեռային կոշիկ, բաճկոններ եւ տաբատներ, սպորտային հագուստ եւ խալաթներ: Բացի այդ, ընտանիքները օրը մեկ անգամ տաք ճաշ կստանան ՀԿԽԸ բարեգործական ճաշարանում, որը գործում է Արմավիր քաղաքում` միայնակ տարեցների համար:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս