ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարտքդ վերադարձրո՛ւ, Վահե Հակոբյան. նա պարտք է Առուշ Առուշանյանի ընտանիքին. Սամվել Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է նոյեմբերի 5-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածու, նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:

-Պարո՛ն Հարությունյան, նոյեմբերի 5-ին կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրություններում Դուք համարվում եք ՀՀԿ-ի կողմից առաջադրված, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանի հիմնական մրցակիցը: Ինչպիսի՞ պայքար է սպասվում:

-Անշուշտ թեժ է լինելու, անհավասար են ուժերը, ծայրահեղ բեւեռացված: Մյուս կողմում ես եմ` տասնամյակներ արդեն հանրությանը հայտնի, իմ զենքերն են գիտելիքը, փորձառությունը, վճռականությունը եւ կայտառ առողջությունս: Այս ամենը վստահություն է տալիս կրկին հավատալ իմ ուժերին, ծրագիրս վերնագրել եմ «Գորիս քաղաքի եւ վերազարթոնքի», որը շատ հավակնոտ է: Ես վստահ եմ, որ ընտրվելու պարագայում շուտով ունենալու ենք շատ լուրջ առաջընթաց:
Պետք է այդ համայնքն ունենա ընդգծված գիտելիքներով եւ փորձառությամբ առաջնորդ, այլ ոչ թե կիսագրագետ կամ բոլորովին անգրագետ, տառաճանաչության եւ հոդաբաշխ լեզվի խնդիր ունեցող 26-ամյա մեկը, որի միակ առավելությունն իր տարիքն է: Իհարկե, առավելություններից մեկն իր ՀՀԿ-ական լինելն է, այդ տխրահռչակ մարզպետ Վահե Հակոբյանը կարողացավ նրան նշանակել տալ պաշտոնակատար եւ հիմա էլ ամեն ջանք գործադրում է, որ այդպիսինը կարգվի արդեն հռչակավոր Գորիս համայնքի ղեկավար: Չի լինելու այդ ամենը, ես արդեն ասել եմ, որ ընտրողների կողմից հուժկու հարված են ստանալու: Մեր երկրի ողբերգություններից առաջինն այն է, որ կադրերն իրենց տեղում չեն: Խոշորացված համայնքի ղեկավարը գոնե տարրական գիտելիքներ պե՞տք է ունենա, թե՞ ոչ: Կամ ինչը ստիպեց այդ երիտասարդին՝ ամբողջովին ողողվի այդպիսի տարօրինակ դաջվածքներով եւ հետո ակնկալի, որ հենց այդպիսինը պետք է լինի Գորիս խոշորացված համայնքի ղեկավար:

-Այդ դեպքում ինչո՞ւ մարզպետ Վահե Հակոբյանը նախընտրեց հենց նրան:

-Նա պարտք է անշուշտ այդ ընտանիքին: Նախեւառաջ Առուշի հորը` գործարար Գագիկ Առուշանյանին, այն առումով, որ նրանք կարողացել են ՀՀԿ-ի օգտին ձայներ ապահովել: Ես կարծում եմ, որ շատ քիչ ձայն են արձանագրել Առուշ Առուշանյանի օգտին` հաշվի առնելով ծախսած գումարները: Անակնկալներից մեկն էլ այն էր, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ Առուշ Առուշանյանը գնում էր գյուղեր, երբ մարդիկ կասկած էին հայտնում, որ նա անգամ ձայներ ունենալու պարագայում չի գնա խորհրդարան, նա երդում էր ուտում, որ եթե ինքը չգնա խորհրդարան, ապա ինքը… : Բնականաբար նրան կանչեցին եւ դիմումի տակ ստորագրել տվեցին, եւ ինքը հուզաշաղախ ապրումներով ստիպված եղավ ստորագրել:

-Իսկ միգուցե հենց քաղաքապետի՞ պաշտոնն էին նրան առաջարկել:

-Ես գտնում եմ, որ նա ստիպված ստորագրեց` հակառակ իր երդմանը: Դրանից հետո հիմա մի նոր պրոյեկտ է, որ մարզպետն առաջարկել: Ես գտնում եմ, որ մարզպետը պարտք է այդ ընտանիքին: Ես կոչ եմ անում, որ իր պարտքը տա: Պարտքդ վերադարձրո՛ւ, Վահե՛ Հակոբյան, եւ մի՛ պարտադրիր գորիսեցիների վզին քո վայրի կամայականությունը: Նաեւ այսպիսի բան կա` հլու-հնազանդությունը, ուզում են, որ համայնքի ղեկավարները լինեն հլու-հնազանդներ, հասարակությունը նրանց ասում է` թազի թուլաներ: Գիտեն, որ ես այդպիսին չեմ եղել եւ չեմ լինելու: Ես չեմ տեսնում, որ մազպետն էլ փայլում է իր գիտելիքներով:

-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը` հաշվի առնելով, որ Առուշանյանն ամեն դեպքում իշխող կուսակցության ներկայացուցիչն է:

-Ես վստահ եմ, որ ՀՀԿ-ականներից շատերն ինձ են ձայն տալու, մարդիկ հոգնել են: Այսպիսի մի բան ասեմ. մի ԿԳԲ-ական, որ մի քանի տարի առաջ եղել է Գորիսի բաժանմունքի պետը` Վահիկ Սաֆարյան, երկու շաբաթ է` Գորիսից չի հեռանում եւ իր ունակություններն ի չարս է օգտագործում, Առուշանյանի քարոզարշավին է մասնակցում: Ներկա է եղել այն ժողովին, որն Առուշանյանի հայրն է վարել: Եվ այդ ժողովին Սաֆարյանը կանգնում, ասում է` արդեն ամեն ինչ որոշված է: Սակայն այնտեղ մարդիկ են եղել, ովքեր հակադրվել են:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս