Հայաստանը հասել է Սևանա լճի ջրի 13 մետր թափանցելիության մակարդակի, ինչը ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ, շատ լավ ցուցանիշ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայացել է Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ քննարկում պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ էլ ներկայացվել են Սևանի լճի ջրի որակի և մակարդակի բարձրացման ցուցանիշները:
«Արձանագրվել է, որ ջրի որակի առումով առաջին անգամ հասել ենք 1930 թվականի (մեծ ջրբացթողումների սկիզբ) թափանցելիության ցուցանիշին: Ներկայում թափանցելիությունը 13 մետր է` այն ժամանակվա միջինում 14 մետր թափանցելիության համեմատ: Նշանակում է, որ ունենք բարձրորակ ջուր, և բնական ճանապարհով Սևանա լճի բարձրացումն ապահովել է նորմալ ընթացք»,- լրագրողներին ասաց Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով` ներկայում թափանցելիության վերոնշյալ ցուցանիշը երեք անգամ ավելի է 2001 թվականի համեմատ, երբ ընդունվեց «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, և կրկնակի 2007-ի համեմատ: «Դա նշանակում է, որ քաղաքականությունը, որ որդեգրվել է Սևանի ջրի մակարդակի բարձրացման ու որակական ուղղություններով, լավ արդյունքներ է տալիս»,-նշեց նախարարը: