«Ժողովուրդ» օրաթերթը հոկտեմբերի 14-ին գրել էր, որ մի քանի տարի է, ինչ տեսախցիկների, արագաչափերի կողմից արձանագրված խախտումների արդյունքում օտարերկրյա, մասնավորապես ռուսական համարանիշներ ունեցող վարորդները տուգանքներ չեն վճարում: Ու հայ հարուստ վարորդները վաղուց ռուսական համարանիշներ են ձեռք բերել՝ անարգել մեքենա վարելու համար: Ու «օրենքից դուրս» համարանիշներով ավտոմեքենաների պատճառով պարբերաբար վթարային իրավիճակներ են առաջանում։
Մենք հիշեցրել էինք, որ այս առիթով Սերժ Սարգսյանը դեռ մեկ տարի առաջ հանձնարարականներ էր տվել, սակայն դրանք մինչ օրս չեն կատարվել:
Եւ ահա «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, ի վերջո, բարեհաճել է ընթացք տալ այս հարցին: Մասնավորապես, ՀՀ ոստիկանությունը տարածեց մի տեսանյութ, որտեղ նշվում էր հետեւյալը. «2016 թվականի նոյեմբերի 2-ին ճանապարհային երթեւեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի եւ վճարովի ավտոկայանատեղիների կազմակերպման աշխատանքների քննարկման նպատակով անցկացված խորհրդակցությանը Սերժ Սարգսյանի կողմից ոլորտի վերաբերյալ տրվել են մի շարք հանձնարարականներ: Այս կապակցությամբ հոկտեմբերի 19-ին ՃՈ պետ Եգոր Կարապետյանն այցելել է Բագրատաշենի եւ Գոգավանի սահմանային անցակետեր: Քննարկվել են սահմանային անցակետերում ճանապարհային ոստիկանության աշխատակիցների գործառույթները…»: Ի դեպ, 10 օրից կլրանա մեկ տարին, որ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել: Բայց ՃՈ-ն դեռ նոր է որոշել այցելել սահմանային անցակետեր:
Ըստ ՀՀ ոստիկանության տարածած տեսանյութի` շուտով (թե երբ, հստակ ժամկետ չի նշվում) հանրապետության բոլոր սահմանային անցակետերում ծառայություն կիրականացնեն ՃՈ աշխատակիցները, որոնք երկրից դուրս եկող արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարորդներին կծանուցեն կատարած խախտումների մասին: Հուսանք՝ ՃՈ-ի «շուտով»-ը երկար տարիներ չի ձգվի:
Հ.Գ. Ի դեպ, ՀՀ ճանապարհային ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ ճանապարհապարեկային ծառայողների կողմից օտարերկրյա հաշվառման համարանիշներով ավտոմոբիլների վարորդների նկատմամբ կայացված տուգանք նշանակելու մասին որոշումների քանակը 2016 թվականին կազմել է 8316, իսկ այս տարեսկզբից մինչեւ հոկտեմբերի 17-ը ընկած ժամանակահատվածում` 8158: Այսինքն՝ տուգանքների թիվը նվազել է՝ թերեւս ի հաշիվ հայկական համարանիշները ռուսականով փոխարինելու:
Սյունէ Համբարձումյան