Հայկական կոնյակի գլխին «սեւ-մութ ամպեր» են կուտակվել: Գնալով դժվարանում է հայկական կոնյակի արտահանումը դեպի Ռուսաստան: Պատճառը ՌԴ սահմանած նոր չափանիշներն են, որոնց հայկական արտադրանքի մեծ մասը չի համապատասխանում:
Մասնագետների պնդմամբ՝ Հայաստանում արտադրողները տեխնիկապես չեն կարող անցնել համապատասխան փորձաքննություններ՝ նախօրոք պարզելու համար՝ արդյո՞ք համապատասխանում են ռուսական չափանիշներին: Բացի այդ՝ շուկայում գնալով գերակշռում է կեղծ կոնյակը, ավելի ճիշտ՝ կոնյակի անվան տակ հրամցվող սպիրտային խմիչքը: Արդյունքում, այս տարվա ընթացքում ՌԴ իշխանությունները մի քանի անգամ հենց սահմանին չեն թույլատրել կոնյակով բեռնված հայկական մեքենաների մուտքն իրենց երկիր:
«ՌԴ-ն կտրուկ փոխել է խաղի կանոնները: Առաջ իմիտացիա էին անում, թե պայքարում են կեղծարարության դեմ: Նոր ցուցանիշ են մտցրել, որը Հայաստանում չի չափվում: Մենք այդ գործիքները չունենք: Կեղծարարները չեն կարող նախապես իմանալ, որ իրենք կեղծում են:
Հայաստանից արտահանվող կոնյակի մի մասը կեղծ է, սա ասում են բոլորը եւ ընդունում են բոլորը: Այդ կեղծարարության մակարդակը կարողանում էին անցյալում վերահսկել թե՛ այստեղ՝ արտադրողները, թե այնտեղ՝ ստուգողները: Կային սարքավորումներ, որոնք թույլ էին տալիս այստեղ ստուգել, հետո հասկանալ կեղծիքի սահմանները: Նոր չափորոշիչներ են մտցրել: Թթվածնի 17 իզոտոպի քանակությունն այստեղ չենք կարող ստուգել սարքերի բացակայության պատճառով»,- օրերս հայտարարեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Չափանիշներին չհամապատասխանող կոնյակների խնդիրն, ի դեպ, նոր չի ծագել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեռ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ խորհրդակցության էր հրավիրել կոնյակագործներին եւ բավական կոշտ խոսակցություն ունեցել դեպի ՌԴ արտահանվող կոնյակի որակի վերաբերյալ:
Նա ասել էր, թե չի կարելի կոնյակի անվան տակ հրամցնել ցանկացած խմիչք, քանի որ այդ ամենի արդյունքում տուժում է հայկական կոնյակի հեղինակությունն ընդհանրապես, եւ անհարմար վիճակում են հայտնվում իսկական կոնյակ արտադրող երկու հայտնի գործարանները: Չնայած այս ամենին՝ արտադրողները պահպանել են նույն գործելաոճը, եւ արդյունքում՝ հակառակ խաղողի բերքի ծավալների նվազմանը՝ վերջին տարիներին կտրուկ աճել են կոնյակի արտադրության ու արտահանման ծավալները: Իշխանություններին էլ այս ամենը կարծես ձեռք է տալիս, քանի որ կարող են հերթական ոլորտում աճ ցույց տալ եւ իրենց գլուխը գովել:
Եւ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթը ԱՎԾ հրապարակած տվյալներից պարզեց՝ 2013թ. Հայաստանում արտադրվել է 20.3 մլն լիտր կոնյակ: Հաջորդ տարի, սակայն, կոնյակի արտադրության ծավալները նվազել են, եւ 2014թ. կազմել 18.7 մլն լիտր, իսկ 2015թ՝ 16.9 մլն լիտր: Բայց արդեն 2016 թվականին կոնյակի արտադրության ծավալները սկսել են աճել. նախորդ տարի արտադրվել է 21.5 մլն լիտր կոնյակ: Իսկ միայն այս տարվա առաջին ութ ամիսներին արտադրված կոնյակի ծավալները հասել են 2014թ. ցուցանիշների. հունվար-օգոստոս ամիսներին արտադրվել է 18.4 մլն լիտր կոնյակ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրված 11.4 մլնի փոխարեն:
Ինչ վերաբերում է կոնյակի արտահանման ծավալներին, ապա, ըստ պաշտոնական վիճակագրության, դրանք կտրուկ ավելացել են 2016թ. ընթացքում՝ մոտ 60 տոկոսով գերազանցելով 2015թ. ցուցանիշը: Եւ այսպես՝ 2013թ. արտահանվել է 33,8 հազար տոննա կոնյակ, 2014-ին՝ 31,8 հազար տոննա, 2015թ.՝ 26,9 հազար տոննա, իսկ արդեն 2016 թվականին Հայաստանից արտահանվել է 44.8 հազ. տոննա կոնյակ՝ գերազանցելով նախորդ հինգ տարիների ցուցանիշը:
Իսկ ահա խաղողի բերքի ծավալներն այս տարիներին հետաքրքիր վայրիվերումներ են արձանագրել. ըստ ԱՎԾ-ի՝ 2013թ. խաղողի համախառն բերքը կազմել է 240,8 հազար տոննա, 2014-ին՝ 261,3 հազար տոննա, 2015-ին կտրուկ աճ է եղել՝ 309,2 հազար տոննա, բայց արդեն 2016թ. այս թիվը նույնքան կտրուկ նվազել է՝ հասնելով 178,8 հազար տոննայի:
Հ.Գ. Ի դեպ, մեկ ուշագրավ փաստ եւս. չնայած նախորդ տարի կտրուկ նվազել են խաղողի բերքի ծավալները, սակայն արտահանման ոլորտում նույնքան կտրուկ աճ է արձանագրվել. 2013թ. Հայաստանից արտահանվել է 7 հազար 563.4 տոննա, 2014թ.՝ 7 հազար 840,1 տոննա, 2015թ.՝ 6 հազար 520,4 տոննա խաղող, իսկ արդեն 2016թ. արտահանման ծավալները հասել են 32 հազար 700,1 տոննայի:
Չի բացառվում, որ արտահանված խաղողն ամենեւին էլ հայկական չի եղել, այլ լոլիկի նման. փորձ է արվել ՌԴ ուղարկել թուրքական խաղող: Այլկերպ, թերեւս, դժվար է բացատրել, թե ինչպե՞ս ստացվեց, որ 2016թ. նվազել են խաղողի բերքի ծավալները, մյուս կողմից աճել խաղողի արտահանումը, զուգահեռ աճել ե՛ւ գինու, ե՛ւ կոնյակի արտադրությունը: Թվերի նման տատանումը հարցականների տեղիք է տալիս, կամ ընդհանրապես կասկածի տակ դնում վիճակագրության ճշմարտացիությունը:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ