«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հսկիչների վագոն-տնակը հրկիզելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս երեք անձի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել` «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում տեղի ունեցած հանցավոր արարքների համար։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, մի խումբ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխատակիցների վրա, հրկիզել ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած, այդ թվում՝ անշարժ հենակետը հրկիզած անձանց ինքնության վերաբերյալ:

Այսպես՝ նախնական քննության տվյալներով՝ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին մի խումբ անձինք մոտեցել են «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակին և իրենց դժգոհությունը հայտնել ուղեփակոցի տեղադրման վերաբերյալ, քաշել տեղում պահնորդական ծառայություն իրականացնող անձանցից մեկի օձիքից: Այնուհետև միջադեպի մասնակից անձանցից երկուսը փայտ են վառել և մուտքի դռնից գցել վագոն-տնակի մեջ՝ այդ կերպ ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելով կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հոկտեմբերի 27-ին 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Եվս մեկ անձի մեղադրանք էր առաջադրվել ավելի վաղ։

Այսպիսով՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ, քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 անձի՝ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ խախտելու համար, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատահրդեհատեխնիկական, դատաքիմիական, դատաշինարարական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս