Նոյեմբերի 5-ին կկայանան խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի ընտրությունները: Բերդ քաղաքը եւ տարածաշրջանի 16 գյուղերն ընդգրկող համայնքի ղեկավարի 4 թեկնածուների թվում է սահմանամերձ Այգեձոր համայնքը 2002 թվականից ղեկավարող, անկուսակցական Սասուն Սաֆարյանը, ով 2014 թվականին դատապարտվել է համագյուղացի կնոջը ծեծելու համար: 1968թ. ծնված Սասուն Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 12-ին իր աշխատասենյակում մանկապարտեզի վճարի հետ կապված հարցի շուրջ քաշքշուկի մեջ է մտել նպաստի տեղեկանք վերցնելու նպատակով գյուղապետարան եկած Գեղեցիկ Գրիգորյանի հետ, որի ժամանակ Գ. Գրիգորյանի մազերից քաշելով՝ բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:
Բացի այդ՝ նույն օրը մանկապարտեզում տեղի ունեցած վիճաբանության հետեւանքները պարզելու նպատակով Ս. Սաֆարյանը գնացել է Գեղեցիկ Գրիգորյանի առանձնատուն, որտեղ նրա հետ խոսակցությունը վերածվել է վիճաբանության եւ քաշքշուկի, որի ընթացքում Ս. Սաֆարյանը ձեռքերով հարվածներ է հասցրել Գ. Գրիգորյանի մարմնի տարբեր հատվածներին եւ վերջինիս դստեր՝ 1990 թ. ծնված Անի Օրդյանի մարմնի մասերին՝ նրանց պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: Այգեձոր գյուղի բնակչուհի, 1964թ. ծնված Գեղեցիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսի 12-ին Այգեձոր գյուղի մանկապարտեզում շուրջ 15 րոպե տեւողությամբ վիճաբանել եւ հայհոյանքներ է հասցրել մանկապարտեզի տնօրեն Նվարդ Գյուլումյանին, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս պարանոցի եւ թիկունքի շրջանում, մանկապարտեզի սենյակում դրված աթոռներից մեկը նետել է վիճաբանության ձայներից մանկապարտեզ եկած Ն. Գյուլումյանի ամուսնու՝ Սլավիկ Ղարսայանի ուղղությամբ: Սասուն Սաֆարյանի նկատմամբ 2 դրվագով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով («Ծեծ»), Գ. Գրիգորյանի հանդեպ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով («Խուլիգանությունը, որ զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով»):
2014թ. հունվարի 17-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Գեղեցիկ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել 2 ամիս ժամկետով կալանքի, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան նշանակելով 1 տարի ժամկետով: Դատարանը վճռել է Սասուն Սաֆարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի երկու դրվագներով եւ նրան դատապարտել է 90 հազար դրամի չափով տուգանքի:
Ոսկան Սարգսյան
Տավուշ