Աշխարհի առաջատարությանը հավակնող պետություններից Չինաստանում քաղաքական հետաքրքիր զարգացումներ են ընթանում: Նախագահ Սի Ծինպինը գործնական քայլերով լուծում է իր իշխանավարության խնդիրը կառավարման ժամկետի ավարտից հետո: Նա, կարելի է ասել, փորձում է Չինաստանում անել այն, ինչ Սերժ Սարգսյանը՝ Հայաստանում: Սակայն եթե Ծինպինի թիկունքում չինական տնտեսական հաջողություններն են, ապա Սարգսյանի դեպքում գործ ունենք օրեցօր դատարկվող ու տնտեսապես հոշոտվող Հայաստանի հետ:
Պետության նախագահ Սի Ծինպինը Մաո Ցզե Դունից հետո վերածվում է չինական հասարակության անփոխարինելի անհատներից մեկին: Պեկինում Կոմունիստական կուսակցության մեկ շաբաթ տեւած համաժողովի ժամանակ Ծինպինը հռչակվեց աշխարհի երկրորդ ամենահզոր տնտեսությունը միջազգային քաղաքականության ու ազդեցության «նոր դարաշրջան» առաջնորդող գործիչ:
Կուսակցության հիմնարար կանոնադրության մեջ հավերժացել է Ծինպինի անունը՝ արձանագրելով, որ նրա մտածումը նոր դարաշրջանի համար չինական առանձնահատկություններով սոցիալիզմի մասին կուսակցության քաղաքական պատասխանատվության բաղադրիչն է:
Ծինպինի մտածումին առանձին տեսության կարգավիճակ հաղորդելով եւ այն դիտելով իբրեւ հիմնադրույթային՝ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը փաստացիորեն պետակառավարման համակարգը առնչակցում է նրա անձին ու քաղաքական գործունեությանը:
Չինաստանի նախագահի կառավարման շրջանը, ըստ սահմանադրության, ավարտվում է 2022թ. եւ այժմ այնպիսի տպավորություն է, որ նա մտադիր չէ հեռանալ քաղաքական թատերաբեմից:
Չինաստանում գոյություն ունի չգրված ավանդույթ, որով նախագահները իրենց երկրորդ կառավարման շրջանի մեկնարկից առաջ արդեն իսկ հրապարակավ անուղղակիորեն ներկայացնում են իրենց հաջորդին՝ նրան դարձնելով փոխնախագահ: Այդպես 2008թ. վարվեց նախագահ Հու Ջինթաուն, երբ Սին Ծինպինին նշանակեց իր փոխնախագահ ու նախապատրաստեց նրա նախագահությունը: Այսժամ Ծինպինի փոխնախագահը Լի Յուանչաոն է, որին, սակայն, չինական քաղաքականության վերլուծաբանները չեն դիտարկում իշխանության ժառանգորդների շարքում՝ նրան բավականին թույլ համարելով Չինաստանն առաջնորդելու համար:
Թեպետ Չինաստանում քաղաքական իշխանությունն իրականացնում է Կոմկուսը, սակայն նախագահը համարվում է ինչպես պետության, այնպես էլ իշխանության կրող «պոլիտբյուրոյի» առաջնորդը, որի հրահանգներով է գործում ամբողջ իշխանությունը: Սին Ծինպինի ներայացրած այդ «պոլիտբյուրոյի» կազմը հուշում է, որ նախագահին արժանի ժառանգորդ չկա:
Սա էլ թույլ է տալիս վերլուծաբաններին պնդելու, որ Սին Ծինպինի ներկայությունը համաշխարհային հանրությունն ու չինական հասարակությունը դեռ կշարունակի վայելել մինչեւ 2027թ.: Իսկ այն հանգամանքը, որ կուսակցության հիմնարար կանոնադրության մեջ անունադիր նշվում է Ծինպինի գործոնն ու նրա մտածումին հաղորդվում է քաղաքական տեսության կարգավիճակ, արդեն իսկ խոսուն է:
Կոմկուսի կանոնադրության մեջ հիշատակվելու պատվին Չինաստանում շատ քչերն են արժանացել: Օրինակ՝ Դեն Սիաոպինի տեսությամբ առաջ շարժվելու հանձնառություն կուսակցությունը ստանձնել է միայն առաջնորդի մահից հետո: Եվ սա մի յուրօրինակ դրություն է ստեղծում, երբ Սինծինպը ոչ միայն ողջ է, այլեւ զբաղեցնում է նախագահի պաշտոնը: Նրա անվան հետ է կապվում, անշուշտ, Չինաստանի վերջին շրջանի աննախադեպ զարգացումը:
Աղքատության նվազեցումը, տնտեսական տպավորիչ հաջողությունները, արտաքին քաղաքական գործնական նվաճումները, երբ մյուս տերությունները սկսում են ավելի լուրջ ընկալել Չինաստանը եւ հաշվի նստել նրա կարծիքի հետ, ուղղակիորեն Ծինպինի գործունեության շնորհիվ է: Ինչպես Հայաստանում հանրապետականները, այնպես էլ Չինաստանում կոմունիստները արդեն իսկ սկսել են միմյանց շարունակել, որ Ծինպինը իրենց վերջին հույսն է, եւ նրան առայժմ այլընտրանք չկա: Սակայն եթե Ծինպինի թիկունքում Չինաստանի տպավորիչ հաջողություններն են, պետության ակնառու նվաճումներն ու զարգացման վերընթաց իրական տեմպը, ապա Հայաստանում դրա ուղիղ հակառակն է, ինչի պատճառով էլ զարմացնում է հանրապետականների համատարած ոգեւորությունը այսպիսի թշվառության պայմաններում:
Ինչպես Սի Ծինպինը Չինաստանում, այնպես էլ Սերժ Սարգսյանը Հայաստանում իր համար հետեւորդ չպատրաստեց: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին շրջանում պարզ էր, որ իշխանության թեկնածուն պիտի լիներ Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Վազգեն Սարգսյան, հրաժարականի շրջանում՝ նաեւ Ռոբերտ Քոչարյան շրջանակից, իսկ Ռոբերտ Քոչարյանի ժամկետի ավարտին՝ Սերժ Սարգսյանը, ապա այժմ անորոշություն է: Յուրաքանչյուր նախագահ կամ իշխանության առաջնորդ պետք է գիտակցի, որ ինքը հավերժ չէ եւ իր կառավարման ամեն օր նախապատրաստի պետության խաղաղ ապագան:
Դա իրենից ենթադրում է նաեւ պետությունը կառավարման կոնկրետ փուլի ավարտից հետո հուսալի ձեռքերում թողնելը: Եթե Տեր-Պետրոսյանի դեպքում իշխանավարությունը ընդհատվեց հանկարծակիորեն եւ այդպիսի նախապատրաստության մասին գուցե թե ավելի է խոսել, ապա Քոչարյանի շրջանում որոշակի քայլեր այդ ուղղությամբ արվեցին՝ հանձին Սերժ Սարգսյանի դիրքերի ամրապնդման: Հանուն արդարության հար է նկատել, որ Քոչարյանը մեծ հաճույքով նախագահի պաշտոնին կբազմեցներ ցանկացած այլ մեկին, բայց ոչ Սարգսյանին՝ վարչապետ դառնալու ու երկիրն այդկերպ կառավարելու համար:
Սակայն Սարգսյանը գտավ իշխանությունն իր ձեռքում ամրապնդելու, կենտրոնացնելու ու մոնոպոլիզացնելու ուղին 2007թ. վարչապետի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ հետո: 2015թ. ջախջախելով իր ծրագրերի դեմ ըմբոստության վերջին փորձերը՝ նա հաջողեցրեց հեշտությամբ փոխել կառավարման համակարգը: Դիտավորյալ կերպով հետնորդ չնախապատրաստելով՝ Սերժ Սարգսյանը իրեն դարձրել է անայլընտրանք ինչպես արտաքին քաղաքական ուժային կենտրոնների, այնպես էլ Հայաստանի օլիգարխի համակարգի համար:
Ն. Հովսեփյան