ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը այդպես էլ չի վաճառվում` գնորդ չունենալու պատճառով: Տեղեկացնենք, որ օրերս եւս պետք է տեղի ունենար գերատեսչության շենքի աճուրդը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ աճուրդը կրկին չի կայացել գնորդ չլինելու պատճառով: ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից մեզ փոխանցեցին, որ շենքի հաջորդ հերթական աճուրդը կկայանա նոյեմբերի 15-ին: Ի դեպ, գույքի գնահատված արժեքը կազմում է 13 մլրդ 223 մլն 413 հազար դրամ: Ի տարբերություն սովորական աճուրդների՝ այս շենքի դեպքում գինը աճուրդից աճուրդ անփոփոխ է մնում:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը անցած տարվա նոյեմբերի 14-ից է փորձում վաճառել նախարարության շենքը, բայց այդպես էլ չի հաջողվում: Այդ պատճառով ՀՀ կառավարությունը այս տարվա օգոստոսի 3-ին որոշել էր նշված նախարարության շենքը դասական աճուրդով օտարել: ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ շենքը վաճառելու նպատակով 6 ամսվա ընթացքում պետք է կազմակերպվեն աճուրդները:
Եւ 15 օրը այն ժամկետն է, որը պահանջվում է աճուրդից առաջ առնվազն հրապարակային ծանուցում անելու համար: Այս պատճառով է մինչեւ վաճառվելը հաջորդաբար իրականացվում նախարարության շենքի աճուրդը: Իսկ եթե վեց ամսվա ընթացքում շենքը չվաճառվի, ապա այս դեպքում արդեն շենքի ճակատագիրը պետական գույքի կառավարման վարչությունը չի որոշելու, այլ կառավարությունը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շենքի աճուրդը կկազմակերպվի մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 3-ը: Իսկ եթե մինչ այս ժամանակահատվածը չծախվի, ապա կառավարությունը լրացուցիչ կորոշի կրկին աճուրդի հանել այն, թե ոչ:
Ի դեպ, նշենք, որ աճուրդի հաղթող ընկերությունը պարտավոր է վճարել գույքի` 2520 քառակուսի մետր մակերես տարածքի կադաստրային արժեքը` 151 մլն 226 հազար դրամը: Իսկ եթե, ի վերջո, գտնվի շենքի երկար սպասված գնորդը, ապա աճուրդի հաղթողը գույքի վաճառքի գումարի 70 տոկոսը կվճարի պետական, իսկ 30 տոկոսը` քաղաքային բյուջե:
Հ.Գ. Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` այդ շենքը ցանկանում էր գնել «Ռոստելեկոմ» ընկերությունը, որի հայաստանյան ներկայացուցչության գլխամասային գրասենյակը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հարեւանությամբ է` նույն շենքում: Իսկ ինչպես հայտնի է` «Ռոստելեկոմի» հիմնադիրն էր տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Մարտիրոսյանը: Ըստ որոշ տեղեկությունների` նախարար Մարտիրոսյանը փոշմանել է շենքը գնելու հարցում:
Սյունէ Համբարձումյան