«Մեր երիտասարդ վարորդները՝ հեռախոսները ձեռքներին, մաստակները բերաններին». Սերժ Սարգսյանի գնահատականները բավականին խիստ էին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության՝ հոկտեմբերի 23-ի կոլեգիայի նիստում Սերժ Սարգսյանի հայտարարությունները բավականին կոշտ էին: Ճիշտ է՝ իր ելույթի սկզբում Սերժ Սարգսյանը չի մոռացել դրական խոսքեր եւս ուղղել եւ նշել է, թե ոստիկանները վերահսկում են օպերատիվ իրավիճակը, եւ խուճապի մատնվելու որեւէ պատճառ չկա, սակայն դրանից հետո բավական կոշտ գնահատականներ է հնչեցրել ոստիկանության աշխատաոճի վերաբերյալ՝ դժգոհելով նրանց անգործությունից:
Օրինակ՝ նա խոսել է հանցագործությունները կանխարգելելու անհրաժեշտության մասին, հետո անդրադարձել է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման անհրաժեշտությանը: Բայց Սերժ Սարգսյանը շատ ավելի կոշտ է արտահայտվել հետախուզվող անձանց ժամանակին հայտնաբերելու անհրաժեշտության մասին եւ ոստիկանությանը մեղադրել այս հարցում անգործություն ցուցաբերելու մեջ:

Ներքին գործերի նախկին ղեկավար Կարլոս Ղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի հայտարարություններն իսկապես բավականին խիստ էին: Սակայն նրա խոսքով՝ խուճապի մատնվելու կարիք չկա, քանի որ ոստիկաններն օպերատիվ իրավիճակին տիրապետում են:

-Պարո՛ն Ղազարյան, Սերժ Սարգսյանը ոստիկնության կոլեգիալ նիստում կոշտ գնահատականներ է հնչեցրել՝ դժգոհելով ոստիկանների անգործությունից: Ձեզ համար սպասելի՞ էին նման գնահատականները:

-Ես կարծում եմ, որ եթե իսկապես պետք է գնահատել եւ տալ գնահատական նախագահի ելույթին, ապա ես բարոյական իրավունք չունեմ, որովհետեւ չեմ մասնակցել կոլեգիայի նիստին եւ փաստորեն մանրամասը չեմ լսել բոլոր զեկույցները: Բայց ծանոթ լինելով կոլեգիայի նիստում նախագահի հայտարարություններին՝ կարող եմ ասել՝ իհարկե, բավականին խիստ էին: Ոստիկանությունում միշտ էլ կլինեն թերություններ, միշտ էլ կլինեն քննադատողներ, բայց ոստիկանությանը պետք է օգնել: Չի կարելի ոստիկանությանն այդքան խփել: Հասարակությունն ու իշխանությունները պետք է աջակցեն ոստիկանությանը: Երբեմն նրանք իրենց պարտականությունների կատարման ժամանակ դառնում են անհիմն մեղադրանքների սուբյեկտ: Իրենք իրենց աշխատանքը կատարում են, բայց դառնում են քննադատության սուբյեկտ, որը ոչ միշտ է ճիշտ: Հասարակությունը պետք է ձեռք մեկնի, որ ոստիկանությունը հենվի: Իհարկե, նախագահը ճիշտ հանձնարարականներ է տվել, բայց նա նաեւ դրական է արտահայտվել: Նա ճիշտ է ասել, որ ոստիկանությունն իր աշխատանքը կատարում է եւ վերահսկում է օպերատիվ իրավիճակը: Խուճապի մատնվելու ոչ մի պատճառ չկա: Նախագահը չէ, որ դրական էլ է գնահատել, դրա մասին էլ է պետք խոսել:

Օրինակ՝ նա նշել է, թե «հետախուզման աշխատանքներն իրականացվում են խիստ ձեւական կամ փաստացի չեն իրականացվում: Հանցագործները թաքնվում են մեզնից»: Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման հարցը Սերժ Սարգսյանը եւս առաջնային համարեց:

-Այո՛, նա անդրադարձավ ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման հարցին, որ այն պետք է արագ հայտնաբերվի: Իհարկե, դա մի քիչ դժվար հարց է, քանի որ հիմա այնպիսի վիճակ է, որ ոստիկանները մեկին մոտենում, մեքենան ստուգում են, սկսում են, կոպիտ ասած, վայնասունները հանել: Իհարկե, Սարգսյանն ավելի կոշտ արտահայտվեց հետախուզվող անձանց հայտնաբերելու անհրաժեշտության մասին, սա շատ կարեւոր է, նախագահը շատ ճիշտ է գնահատել: Իհարկե, բոլոր տարիներին էլ եղել են, հետախուզության հարցը շատ դժվար է: Հիմա էլ է դժվարացել ոստիկանության գործը՝ նկատի ունենալով քաղաքացիների, մեքենաների շարժը: Դա դժվարացնում է ոստիկանության աշխատանքը, բայց չի նշանակում, որ ոստիկանությունը պետք է չաշխատի. նախագահի քննադատությունը համապատասխանում է:

-Սերժ Սարգսյանը խիստ քննադատության է ենթարկել նաեւ ճանապարհային ոստիկանությանը: Նա նշել է, թե չի կարող չկիսել որոշ տեսուչների անբարեխիղճ աշխատանքով պայմանավորված վարորդների վրդովմունքը, քանի որ, նրա խոսքով, տեսուչները հաճախ լկտի վարքագիծ են դրսեւորում:

-Ես չեմ կարող ասել, տարբեր փաստեր կան, բայց մի՛ մոռացեք քաղաքի ծարաբեռնվածությունը: Դուք մի հատ մտե՛ք ոստիկանի դրության մեջ, փորձե՛ք օրական երկու ժամ կանգնել, տեսե՛ք՝ ինչ հանդիպումներ կունենաք, ինչ մարդկանց հետ կհանդիպեք: Միշտ դժգոհ է չարը, կանգնե՛ք կամ կողքից հետեւե՛ք ոստիկանի աշխատանքին, մեր երիտասարդ վարորդները՝ հեռախոսները ձեռքներին, մաստակները բերաններին, դա էլ ասեք, ժողովրդին էլ փորձենք դաստիարակել: Հիմա ոստիկանները քիչ են ռեպրեսիաներով զբաղվում, ավելի շատ նրանք դաստիարակչական աշխատանք են տանում: Դուք մի՛ մտածեք, թե ոստիկանապետը կամ նրա տեղակալը խիստ չեն եղել, միգուցե նրանք ավելի խիստ են ասել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս